Գլխավոր էջ Գլխավոր Նախարարի «խորհրդավոր» որոշումներն ու անպատասխան մնացած «ինչուները»

Նախարարի «խորհրդավոր» որոշումներն ու անպատասխան մնացած «ինչուները»

601
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները հանրության թիվ 1 քննարկման թեման է։ Խնդրահարույցը պատվաստանյութերի ընտրությունն է, քաղաքացիները պարզապես չեն կարողանում հասկանալ, թե ո՞ր պատվաստանյութն է էլ ավելի արդյունավետ։ Մյուս կողմից էլ նրանց շփոթության մեջ է գցում առողջապահության պատասխանատուների փոփոխական դիրքորոշումը։ Օրինակ՝ ապրիլի 12-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ «Լրացուցիչ ապահովության եվ անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում: Մենք եվս մանրակրկիտ նայել ենք, ուսումնասիրել մասնագիտական բոլոր կառույցների տված եզրակացությունները, եվ որոշում կայացրեցինք, որ «Աստրազենեկայով» պատվաստման համար կսահմանենք տարիքային շեմ՝ կպատվաստվեն 55 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիները»:

Ի՞նչ է սա նշանակում։

«AstraZeneca» պատվաստանյութը որոշ ռիսկեր է պարունակում երիտասարդների համար ու կարող է ինչ ինչ բացասական հետևա՞նք թողնել, ուստի, ուսումնասիրություններից հետո նախարարությունը վտանգներից խուսափելու համար որոշել է պատվաստել 55 տարեկանից բարձր անձանց։

Այս որոշումը քաղաքացիների կողմից ընդունվեց ոչ միանշանակ, համացանցում տարածված մեկնաբանությունները արտահայտում էին զարմանք, զայրույթ․ մի՞թե 55 տարեկանից բարձր անձանց կարելի է ռիսկի ենթարկել։

Որոշ ժամանակ անց, Անահիտ Ավանեսյանը հայտարարում է, որ «AstraZeneca»-ով արդեն կարող են պատվաստվել 18 տարեկանից բարձր անձինք։

Հարց․ ի՞նչ փոխվեց այս ընթացքում։

Վարկած․ Այս պատվաստանյութի ժամկետը մայիսի վերջին լրանում է, իսկ նախարարությունը 24 հազար դեղաչափը արագ սպառելու խնդիր ունի։ Մարդիկ դեռ ստանում են առաջին դեղաչափը, իսկ թե ե՞րբ են հասցնելու ստանալ «AstraZeneca»-ի երկրորդ դեղաչափը՝ անհայտ է։

Ի դեպ, մայիսի 10-ին, Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ, նախարար Անահիտ Ավանեսյանը ստիպված եղավ մեկ անգամ ևս պատասխանել այս հարցին․ ինչու՞ երկու շաբաթվա տարբերությամբ նոր որոշում կայացվեց ու պատվաստման տարիքային շեմը փոխվեց։

Նախարարը տվեց հետևյալ պատասխանը, որում հստակ պատասխան չտրվեց հնչող հարցին։

«Պատվաստանյութի արդյունավետությունը բարձր տարիքային խմբում շատ ավելի էֆեկտիվ է ու պատվաստումները տարեցներն ավելի թեթև են տանում։ Երիտասարդների մոտ պատվաստումների ռեակցիան գուցե ավելի բուռն է լինում։ Մենք ունեինք ցանկացողներ, մեզ անընդհատ դիմում էին, ասում՝ մենք ռիսկի խմբում չենք, բայց մի՞թե վտանգված չենք, նույն լրագրողները, հանրային տրնասպորտի  աշխատակիցները, ուսուցիչները, ցանկացողները շատ էին։ Մենք կարողացանք ապահովել, ես մինչև սա էլ մի քանի անգամ նշել եմ, եթե մենք կարողանանք ապահովել բավարար խմբաքանակ, ապա պետության պարտավորությունն է այն հասանելի դարձնել բոլորին»,-նշել է Անահիտ Ավանեսյանը, այդպես էլ չասելով, թե ինչպե՞ս, նախքան այդ, երիտասարդների համար ռիսկային որակվող այդ պատվաստանյութը դարձավ «անվտանգ»։

Անգամ այս արագացված փոփոխությունները չեն նպաստում, որպեսզի պատվաստումները արագ տեմպով ընթանան։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 9-ի դրությամբ` կատարվել է 10727 պատվաստում։ Իսկ թե քանի՞ տոկոսն է կազմում Սպուտնիկ V-ն և քանի՞ տոկոսը AstraZeneca-ն՝ հայտնի չէ։

Ի դեպ՝ Հայաստանը ձեռք է բերել նոր պատվաստանյութ։ Մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանից Հայաստանին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Բաշխումը կատարվել է մայիսի 10-ից։

Առողջապահության նախարարությունը 1391-Ա հրամանով ապրիլի 22-ին հաստատել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով պատվաստվելու համաձայնության ձև: Պատվաստվողը այն ստորագրելով հաստատում է, որ տեղեկացված է այն մասին, որ «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը նախատեսված է կիրառել 55 տարեկան և բարձր տարիքային խմբում՝ հետպատվաստումային անբարեհաջող լուրջ դեպքերի ԳՐԱՆՑՄԱՆ հավանականությունը նվազեցնելու նպատակով»: Հաշվի առնելով վերոհիշյալը, սույն փաստաթղթով պատվաստվողը հաստատում է, որ համաձայն է կամավորության սկզբունքով պատվաստվելու կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 2 դեղաչափ սխեմայով, 8-12 շաբաթ ընդմիջումով:

Նույն հրամանով «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով պատվաստումների իրականացման կազմակերպումը 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կատարվում է ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով՝ վերոնշյալ համաձայնության ստորագրմամբ:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ