Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք անվտանգ է շարժական կետերում կորոնավիրուսի դեմ պատվաստվելը

Արդյո՞ք անվտանգ է շարժական կետերում կորոնավիրուսի դեմ պատվաստվելը

284
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ նախնական հետազոտությունների կամ այլ նախապատրաստական միջոցառումների կարիք չկա, այդ իսկ պատճառով պատվաստումները կարելի է անվտանգ կերպով կազմակերպել նաեւ շարժական կետերում:

Ինչպես նշում է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, այսօրվա դրությամբ բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը հնարավորինս հեշտացվել է, որպեսզի պատվաստումը հասանելի լինի բոլոր քաղաքացիներին: Հայաստանում շարժական կետեր ներդնելով եւս փորձել են պատվաստումը հնարավորինս «մոտեցնել քաղաքացուն». երբեմն պացիենտը դժվարանում է աշխատանքից դուրս գալ եւ գնալ պոլիկլինիկա պատվաստվելու համար, իսկ մոտակա առեւտրի կենտրոնում պատվաստվելը շատ ավելի հեշտ է եւ արագ:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ բոլոր պատվաստումային կետերն ապահովված են առաջին օգնության պայուսակներով, որտեղ հակաալերգիկ դեղամիջոցներ կան: Իսկ պատվաստումներն իրականացնում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր հատուկ վերապատրաստում են անցել: Ավելին, շարժական կետերում բոլոր անհրաժեշտ պայմանները պահպանվում են:

Ինչպես նշեց Անահիտ Ավանեսյանը, երբ քաղաքացին պատվաստվում է շարժական կետում, հատուկ հուշաթերթիկ է ստանում, որտեղ գրված է, թե ինչ պատվաստանյութ է նա ստացել (նույնիսկ պատվաստանյութի հերթական համարը) եւ երբ պետք է ստանա հաջորդ դեղաչափը: Ավելին, պատվաստումների մասին ողջ ինֆորմացիան գրանցվում է միասնական էլեկտրոնային համակարգում, եւ այն հասանելի է բոլոր պոլիկլինիկաներում, այդ իսկ պատճառով քաղաքացին կարող է պատվաստանյութի հաջորդ դեղաչափը ցանկացած վայրում ստանալ, այդ թվում՝ պոլիկլինիկայում:

«Կուզեմ, որ մեր քաղաքացիները չանհանգստանան երկրորդ դեղաչափի մասով: Մենք ամեն ինչ անում ենք, որ ճիշտ ժամանակում ապահովենք մատակարարումները: Մենք Sputnik V-ն ստանում ենք միանգամից երկու դեղաչափը մեկ խմբաքանակում, որովհետեւ դրանք երկու տարաբնույթ դեղաչափեր են: Մյուս պատվաստանյութերն էլ առկա են, քանակները բավարար են», — ասաց Անահիտ Ավանեսյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ