Գլխավոր էջ Նորություններ Ո՞ր ախտանշաններն են հուշում շաքարային դիաբետի զարգացման մասին

Ո՞ր ախտանշաններն են հուշում շաքարային դիաբետի զարգացման մասին

53
0

Շաքարային դիաբետն ամենատարածված ու վտանգավոր ախտաբանություններից մեկն է, որը տարեկան ախտորոշվում է միլոննավոր մարդկանց մոտ։ Այս հիվանդությանը բնորոշ շաքարի բարձր մակարդակը խիստ բացասաբար է անդրադառնում երիկամների, լյարդի, գլխուղեղի և այլ օրգանների վրա՝ հանգեցնելով մի շարք լուրջ բարդությունների զարգացման, ուստի այն ժամանակին հայտնաբերելը շատ կարևոր է։

Երկրորդ տիպի շաքարային դիաբետը սովորաբար զարգանում է արյան մեջ շաքարի քրոնիկ բարձր մակարդակի ֆոնին, ինչն էլ իր հերթին պայմանավորված է լինում ենթաստամոքսային գեղձի կողմից ինսուլին հորմոնի արտադրության խանգարմամբ։ Ինսուլինն օգնում է արյան մեջ պարունակվող շաքարը վերափոխել էներգիայի, սակայն շաքարային դիաբետի դեպքում կամ օրգանիզմն այս հորմոնը բավարար քանակությամբ չի արտադրում, կամ կորցնում է զգայունությունը դրա նկատմամբ։

Շաքարային դիաբետի ախտորոշման համար կարող է բավական երկար ժամանակ պահանջվել, քանի որ հիվանդության ախտանշանները դանդաղ են զարգանում և զարգացման վաղ փուլերում չեն դիտարկվում որպես լուրջ խնդիր։ Այնուամենայնիվ այդ ախտանշաններն իմանալն ու դրանց առկայության դեպքում ժամանակին միջոցներ ձեռնարկելը կօգնի կանխել հնարավոր բարդությունները։

Բժիշկ-սննդաբան Նիկոլ Գալանը Medical News Today պարբերականի հետ զրույցում ներկայացրել է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման ու երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացման վաղ փուլերի մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Սաստիկ ծարավի զգացում

Բժիշկ Գալանի խոսքով՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակն ստիպում է օրգանիզմին հավելյալ խոնավություն կորցնել, ինչն էլ հանգեցնում է ջրազրկման ու դառնում սաստիկ ծարավի պատճառ։ Ընդ որում՝ այս դեպքում ծարավը չի հագենում անգամ բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելու դեպքում։

Հոգնածություն

Հոգնածության զգացումը պայմանավորված է լինում արյան հոսքից բջիջներին մատակարարվող շաքարի քիչ մակարդակով։ Ընդ որում, շաքարային դիաբետի դեպքում հոգնածությունը չի մեղմվում անգամ տևական քնի և չծանրաբեռնվելու դեպքում։

Տեսողության վատթարացում

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը կործանարար ազդեցություն է ունենում մանր ու բարակ անոթների, այդ թվում նաև աչքերի անոթների վրա, ինչն էլ հանգեցնում է տեսողության աղոտացման։

Ծակծկուն ցավ

Այս ախտանշանը ևս պայմանավորված է լինում արյունատար անոթների վրա շաքարի բարձր մակարդակի ունեցած բացասական ազդեցությամբ։ Այս հիվանդության դեպքում ծակծկոցի զգացողությունը հատկապես հաճախ է ի հայտ գալիս ձեռքերի կամ ոտքերի հատվածում։

Քոր

Շաքարի բարձր մակարդակը նպաստում է սնկային վարակների զարգացմանը, քանի որ շաքարն ինքնին հիանալի սնունդ է սնկերի համար։ Այս վարակների հիմնական դրսևորումներից են մաշկային քորն ու սեռական օրգանների քորը, ուստի նման ախտանշանների դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել։

Քաղցի զգացում

Շաքարային դիաբետով հիվանդները հաճախ օգտագործած սննդից բավարար էներգիա չեն ստանում, քանի որ նրանց օրգանիզմը կորցնում է արյան մեջ պարունակվող շաքարն էներգիայի վերածելու կարողությունը։ Այս ամենի հետևանքով հիվանդի մոտ նկատվում է քաղցի մշտական զգացում, ինչը չի կարելի անուշադրության մատնել։

«Երկրորդ տիպի շաքարային դիաբետի վաղ ախտանշաններն իմանալը թույլ կտա մարդու ավելի արագ ախտորոշել խնդիրն ու սկսել բուժումը։ Անհրաժեշտ բուժումն ստանալը, կենսակերպի փոփոխությունն ու արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկողության տակ պահելը կարող են զգալիորեն բարելավել մարդուառողջական վիճակն ու կյանքի որակը, ինչպես նաև նվազեցնել բարդությունների զարգացման հավանականությունը», – ընդգծել է մասնագետը։

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ