Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն մտահոգված է աղի ավելորդ օգտագործման առթիվ

ԱՀԿ-ն մտահոգված է աղի ավելորդ օգտագործման առթիվ

241
0

Մարդկանց մեծամասնությունը երկու անգամ ավելի շատ աղ է օգտագործում, քան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած օրական 5 գրամը, և դա նրանց առողջության համար վտանգ է ներկայացնում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՀԿ-ի ժնևյան կենտրոնակայանը, որը հրապարակել է սննդամթերքում աղի պարունակության ուղեցույցներ, այդ թվում՝ հացի, կարագի, չիպսերի, թխվածքաբլիթների, պիցցայի և տարբեր տեսակի պահածոների:

«Մարդկանց մեծամասնությունը սպառում է ԱՀԿ-ի առաջարկած օրական  5 գրամ աղի կրկնակին՝  ենթարկվելով սրտի հիվանդության և ինսուլտի ավելի մեծ ռիսկի, որից տարեկան մոտ 3 միլիոն մարդ է մահանում», – հիշեցնում է կազմակերպությունը: ԱՀԿ նոր զեկույցը տրամադրում է «ավելի քան 60 սննդային կատեգորիաներում նատրիումի մակարդակի գլոբալ չափանիշներ», որոնք կօգնեն «բարելավել դիետաները և փրկել կյանքեր»:

Կազմակերպությունը հիշեցրել է, որ նպատակն է 2025-ին աղի սպառումը 30% -ով կրճատել: Այս որոշումը կայացվել է 2013 թ.-ին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կողմից:

«Մարդկանց մեծամասնությունը չգիտի, թե որքան աղ է սպառում», – զեկույցի հրապարակման կապակցությամբ ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրայեսուսը: «Անհրաժեշտ է, որ երկրները մշակեն սպառումը նվազեցնելու քաղաքականություն և բնակչությանը տրամադրեն ճիշտ ընտրություն կատարելու համար տեղեկատվություն»:

«Սննդակարգում նատրիումի ավելցուկը բարձրացնում է զարկերակային ճնշումը և, որպես հետևանք, մեծացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը», – ասում են փորձագետները: Աղի քանակի նվազեցումը իջեցնում է այդ ռիսկը, ինչպես նաև երիկամների քրոնիկ հիվանդության, լյարդի հիվանդության, գիրության և ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ