Գլխավոր էջ Նորություններ ՀՀ-ն բանակցում է ՌԴ-ի, հայկական դեղագործական ընկերությունների հետ «Սպուտնիկ V»-ի արտադրություն կազմակերպելու...

ՀՀ-ն բանակցում է ՌԴ-ի, հայկական դեղագործական ընկերությունների հետ «Սպուտնիկ V»-ի արտադրություն կազմակերպելու հարցով

270
0

Ապրիլի 16-ին Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ԵԱՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերության նախարար Արտակ Քամալյանը տեղեկացրել էր, որ Հայաստանը պատրաստ է հարթակ տրամադրել «Sputnik V» պատվաստանյութի ամսական 100 հազար դեղաչափ արտադրելու համար: Նա հույս էր հայտնել, որ այդ բանակցությունները շուտով կավարտվեն և արդեն կանցնեն հստակեցումների:

Panorama.am-ը դիմեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու, թե «հարթակ» ասելով ի՞նչ նկատի ունի պաշտոնյան: Հարցերին պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Panorama.am— Ի՞նչ նկատի ունեն «հարթակ» ասելով՝ լաբորատոր արտադրա՞նքն է, թե՞ դա պատվաստվող մարդկանց քանակն է, այսինքն՝ մենք օգտագործում ենք «Sputnik V» պատվաստանյութ, որ արտադրվի, թե հենց մենք ենք արտադրում:

Պատասխան-Հայաստանում Ռուսաստանի Դաշնության հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով տարվում են բանակցություններ: Կառավարությունը բանակցությունների փուլում է նաև հայկական դեղագործական ընկերությունների հետ, քանի որ վերոնշյալ պատվաստանյութի արտադրությունը ենթադրում է մասնագիտական, արտադրական և այլ ենթակառուցվածքների առկայություն։ Համապատասխան պայմանների առկայության դեպքում միայն «Սպուտնիկ V» պատվաստանյութը կսկվի արտադրվել Հայաստանում։

Համաձայն ՀՀ «Դեղերի մասին» օրենքի՝ «Sputnik V» պատվաստանյութը հանդիսանում է դեղ և պետք է արտադրվի դեղերի արտադրության լիցենզիա ունեցող ընկերության տարածքում: Հարթակ կհանդիսանան այն դեղարտադրողները, որոնք կունենան «Sputnik V» պատվաստանյութի արտադրության համար նախատեսված առանձնացված պայմաններ:

Panorama.am- Բացատրեք խնդրեմ՝ ի՞նչ սկզբունքով են գործում մարդու օրգանիզմում այս պատվաստանյութերը։

Պատասխան-Բոլոր պատվաստանյութերը մարդու օրգանիզմում նույն կերպ են աշխատում: Պատվաստանյութերը պարունակում են կորոնավիրուսի S /Սփայք/ սպիտակուցի առանձին հատվածներ կամ ինակտիվացված վիրուսի մասնիկներ, որոնք մարդու իմուն համակարգին վարժեցնում են և անվնաս ճանապարհով խթանում են հակամարմինների ստեղծում: Բնական վիրուսին հանդիպելուց մարդու օրգանիզմն արդեն պատրաստ է լինում և անմիջապես արձագանքում է․ չեզոքացնող հակամարմինները գրոհում են վիրուսի վրա և չեզոքացնում այն:  «Սպուտնիկ V» պատվաստանյութը ևս գործում է վերոնշյալ սկզբունքով։

Panorama.am-Հակահամաճարակային միջոցառումների բարձիթողի վիճակն արդյո՞ք շտկելի է պատվաստանյութերով, ինչո՞ւ դրանք չեն իրականացվում։

Պատասխան-Բոլոր անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներն իրականացվում են համարժեք և հավասարակշված: Իհարկե, պատվաստումները կորոնավիրուսային համավարակի հաղթահարման միջոց են և կնպաստեն համաճարակային իրավիճակի կայունացմանը։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ հակահամաճարակային միջոցառումները կշարունակվեն իրականացվել ըստ անհրաժեշտության։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ