Գլխավոր էջ Գլխավոր «ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ».21-րդ դարում մարդիկ զրկված են պատշաճ բուժօգնություն ստանալուց

«ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ».21-րդ դարում մարդիկ զրկված են պատշաճ բուժօգնություն ստանալուց

418
0

Հաշմանդամություն ունեցող անձինք գրեթե ամեն քայլափոխին հանդիպում են խոչընդոտի․ շրջապատի անմատչելիությունը հանգեցնում է ինքնամեկուսացման։ Հաշմանդամություն ունեցող անձին դեպի հասարակություն ինտեգրելու համար, նախ հարկավոր է մատչելի միջավայր ստեղծել։ Այսօր, նրանք զրկված են անգամ պատշաճ բուժօգնություն կամ կրթություն ստանալու տարրական հնարավորությունից և խնդիրը պարզ է․ շենքային պայմանների անհարմարություն։

Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թ-ի զեկույցում տեղ է գտել նաև այս կարևոր ու մշտապես կրկնվող խնդիրը, որի լուծումը տարիների ընթացքում աննկատ է, հատկապես մատչելի միջավայրի առումով։

« Հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են բախվել տարաբնույթ խնդիրների՝ կապված իրենց առողջության պահպանման իրավունքի հետ։ Այս մասին է վկայում 2020 թվականի ընթացքում Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը, բողոքները, ինչպես նաև Պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի նիստերի քննարկումները: Ընդ որում՝ արձանագրված խնդիրների մի շարք դրսևորումներ ավելի են խորացել նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում, ինչպես նաև ռազմական դրության ընթացքում»,-նշված է ՄԻՊ զեկույցում։

Պաշտպանին հասցեագրված բողոքները և ոլորտի հասարակական կազմակերպությունների դիտարկումները վկայում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են բախվել խնդիրների՝ կապված առողջապահական ծառայությունների մատչելիության, ինչպես նաև պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով առողջապահական ծառայությունների ցանկի ոչ բավարար լինելու հետ: Հարցն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց առողջական վիճակով կամ հաշմանդամության տեսակով պայմանավորված, առավել ընդգրկուն և նեղ մասնագիտական բժշկական ծառայությունների կարիք ունեն: Խնդիրն ավելի է սրվում այն պատճառով, որ ոչ բոլոր բժշկական հաստատություններն ունեն մատչելի շենքային պայմաններ։ Ավելին, անհրաժեշտ են հարմարեցումներ ողջ շենքում, այդ թվում՝ սանհանգույցներ, դռներ, ընդունարանի տեղեկատվական կետ և այլն:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկությունների համաձայն, օրինակ, ՀՀ Արագածոտնի մարզում առկա է 21 բժշկական հաստատություն, որոնցից 7-ն ունեն հարմարեցման կարիք, իսկ ՀՀ Արարատի մարզում առկա 56 բժշկական հաստատություններից հարմարեցման կարիք ունեն 20-ը: Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության 38 բժշկական հաստատություններից 13-ը, ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության 35 առողջապահական հաստատություններից 12-ը և ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող 31 բժշկական հաստատություններից 5-ը դեռևս ունեն հարմարեցման կարիք: ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքում գործող 6 բժշկական հաստատություններից որևէ մեկը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: ՀՀ առողջապահության նախարարության համաձայն՝ 2020 թվականի ընթացքում ժեստերի լեզվով թարգմանչի ծառայություն չի ներդրվել, ինչը խնդրահարույց է հաշմանդամություն ունեցող անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման տեսանկյունից:

Ըստ ՄԻՊ զեկույցի, 2020 թվականին Պաշտպանին են հասցեագրվել փոստային առաքման միջոցով անձնական օգտագործման համար այլ երկրից դեղեր ստանալու խոչընդոտի վերաբերյալ դիմումներ: Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ խնդիրն առնչվում է բոլոր մարդկանց՝ անկախ հաշմանդամության կարգավիճակից, այն կրում է համակարգային բնույթ, որն ավելի ակնառու է դարձել հատկապես արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների ժամանակ: Խնդիրն այն էր, որ բողոքները Պաշտպանին հասցեագրելու պահի դրությամբ գործող իրավակարգավորման համաձայն՝ սեփական օգտագործման համար այլ երկրից փոստային առաքմամբ հնարավոր չէ ստանալ այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանում, թեև ֆիզիկական անձինք նույն դեղամիջոցները կարող են այլ երկրից ՀՀ տարածք ներմուծել անձամբ: Բողոքների ուսումնասիրության փուլում Պաշտպանը վերաբերելի միջազգային փորձի վկայակոչմամբ առաջարկել է Առողջապահության նախարարությանը խնդրի լուծման նպատակով փոփոխություններ կատարել Կառավարության համապատասխան որոշման մեջ: Ըստ այդմ՝ թույլատրվել է առանց հավաստագրի փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով սահմանված ժամկետում ներմուծել որոշ քանակի անձնական օգտագործման դեղեր:

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ