Գլխավոր էջ Օրվա թեման «Սարսափեցնող» AstraZnecea-ի հետքերով․ Հայաստանում պատվաստվածների թիվը

«Սարսափեցնող» AstraZnecea-ի հետքերով․ Հայաստանում պատվաստվածների թիվը

1824
0

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են, բայց պատվաստանյութերի հանդեպ անվստահությունը գերակշռում  է բնակչության շրջանում։ Հատկապես AstraZeneca պատվաստանյութը տարակարծությունների տեղիք է տալիս։

168 բրիտանացիների մոտ ի հայտ են եկել թրոմբներ՝ AstraZeneca անգլո-շվեդական դեղագործական ընկերության մշակած պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Առաջին դեղաչափով Մեծ Բրիտանիայում պատվաստվել է 21,2 մլն մարդ, հաղորդում է   «Известия»-ն: Մեծ Բրիտանիայում 7 մարդ մահացել է AstraZeneca-ով պատվաստվելուց հետո արյան մակարդուկների առաջացման պատճառով: Այս մասին հայտնել է Բժշկական ցուցման դեղամիջոցների վերահսկման բրիտանական կենտրոնը՝ MHRA-ն: Ավելի վաղ MHRA-ից հայտնել էին, որ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 30 քաղաքացու մոտ արյան մակարդուկներ են գոյացել:

«30 քաղաքացուց 7-ը, ցավոք, մահացել են»,- Financial Times-ին հայտնել էին MHRA-ից:

Ֆրանսիայում 8 մարդ է մահացել թրոմբոզից, որն առաջացել է AstraZeneca-ի պատվաստանյութի կիրառումից հետո։ Այս մասին հայտնում է Դեղորայքի անվտանգության ազգային գործակալությունը (ANSM)։

Հանրապետությունում մինչ այժմ այդ պատվաստանյութով ավելի քան 2․72 մլն ներարկում է արվել։

Ապրիլի 2-8-ը երկրում ի հայտ է բերվել ատիպիկ թրոմբոզի 9 նոր դեպք և դիսեմինացված ներանոթային մակարդման 2 դեպք։

Ընդհանուր առմամբ AstraZeneca-ով բնակչության պատվաստման մեկնակից ի վեր Ֆրանսիայում գրանցվել է թրոմբոզի 23 դեպք, 8 մարդ մահացել է։

Ինչևէ, այս պատվաստանյութը Հայաստանը ձեռք բերեց, իսկ պատվաստումները սկսված են։

Հայաստանում AstraZeneca-ով պատվաստում կթույլատրվի իրականացնել միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիներին: Այս մասին ասուլիսում հայտնել էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

AstraZeneca-ով կպատվաստվեն ռիսկի խմբի անձինք: Ռիսկի առաջին խումբը 65 տարեկան և բարձր տարիքի քաղաքացիներն են, բուժաշխատողները՝ 55 տարեկանից բարձր, քրոնիկ հիվանդները՝ 55 տարեկանից բարձր և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները 55 տարեկանից բարձր:

Medmedia.am-ի հետ զրույցում  առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը հայտնեց, որ պատվաստվածների թիվը 2000-ից ավել է․

«Այս հաշվարկը ապրիլի 23-ի հաշվարկ է։ Հանրապետությունում քովիդի դեմ պատվաստումների մեկնարկից մինչև ապրիլի 23-ը ավելի քան 2000 հոգի պատվաստվել է, հաշվի ենք առնում նաև նվիրաբերված Սպուտնիկ V-ով պատվաստվածներին»,-ասաց մեր զրուցակիցը։

Խնամքի կենտրոնների բնակիչները պատվաստվե՞լ են։

«Օրինակ՝ Շիրակում Խնամքի կենտրոնի բնակիչներն արդեն պատվաստվել են, մյուս կենտրոնների հետ կապված գործընթացը ընթացքի մեջ է»,-ասաց Հռիփսիմե Խաչատրյանը։

Ի դեպ՝ Եվրահանձնաժողովը երկուշաբթի պաշտոնապես հաստատել է, որ հայց է ներկայացրել AstraZeneca-ի դեմ ՝ ԵՄ-ին պատվաստանյութի մատակարարման պայմանագիրը խախտելու համար: Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեյերսմակերը։

«Եվրահանձնաժողովը AstraZeneca-ի դեմ հայց է ներկայացրել ուրբաթ ՝ պատվաստանյութի նախնական պատվերի մասին համաձայնագրի խախտման հիման վրա։ Պայմանագրի առանձին դրույթները չեն պահպանվել, և ընկերությունը չի կարողացել վստահության արժանի մատակարարման վերականգնման ռազմավարություն տրամադրել», – հայտարարել է նա։

Ս․ Ասատրյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ