Գլխավոր էջ Օրվա թեման Սեռական դաստիարակության «ավերիչ» հետևանքները դպրոցներում․ մանրամասնում է սեքսոպաթոլոգը

Սեռական դաստիարակության «ավերիչ» հետևանքները դպրոցներում․ մանրամասնում է սեքսոպաթոլոգը

1900
0

Հայ հասարակության կողմից «սեռական դաստիարակություն» ասվածը ընկալվում է տարբեր կերպ․ մի մասը այն համարում է բավականին կարևոր, իսկ մյուս մասի համար այն անընդունելի է, հատկապես դպրոցական ծրագրերում։

Թեմայի շուրջ Medmedia.am-ը զրուցել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ։

Որքանո՞վ է կարեվոր սեռական դաստիարակությունը դեռահասի կյանքում․

«Այս հարցում շատ կարևոր է նյութի մատուցման եղանակը։ Օրինակ՝ Գերմանիայում և արտասահմանյան այլ երկրներում դպրոցական դասաժամերին  երեխաներին  սովորեցնում են, թե ինչպես պահպանակ օգտագործել, ցուցադրում են սեռական օրգանների նկարներ և խաղալիքներ։ Այս անառողջ մոտեցումը իրենք կոչում են սեռական դաստիարակություն։ Սեռական դաստիարակության դասավանդումը պահանջում է սպեցիֆիկ մեթոդաբանություն և հատուկ մասնագիտացում։ Յուրաքանչյուր թեմա ունի իր առանձնահատկությունները, և մասնագետը պետք է իմանա՝ ինչպես կառուցի թեմաների տրամաբանական ընթացակարգը և ուսուցումը կազմակերպի ձնագնդի սկզբունքով, այսինքն՝ պարզից բարդ, թեմաները իրար կապելով և աստիճանաբար զարգացնելով։ Փորձը ցույց է տալիս, որ պատահական կամ, ինչպես հաճախ ասում են, կարևոր թեմաների քննարկումը, առանց տրամաբանական շղթայի կառուցման, անարդյունավետ է։ Այդտեսակ մոդելներով հաճախ առաջնորդվում են արտասահմանյան դպրոցներներում՝ հաշվի չառնելով այն կարևոր հանգամանքը, որ սեռակրթությունը ոչ թե պատահական կամ կամայական ընտրված թեմաների քննարկում է, այլ ուսումնական դասընթաց, որն ունի իր բովանդակությունը և մատուցման խիստ կարևոր առանձնահատկությունները»,-նշեց բժիշկ Շահրամանյանը և հավելեց, որ սեռակրթության դասընթացը պետք է ունենա ծրագիր, որտեղ տրամաբանական փոխկապակցվածության սկզբունքով  պետք է ընդգրկված լինեն հիմնական թեմաները՝ սեռական անատոմիայից  ընտանիքի պլանավորում։

«Ծրագրից դուրս կամայական թեմաների սիրողական քննարկումները ձևավորում են սեռակրթության մասին աղավաղված պատկեր, ինչն էլ առաջացնում է վանողական վերաբերմունք  ծնողների կողմից։ Մասնագետը հստակ պետք է իմանա՝ որ թեման ինչպես մատուցի, ինչ չափաբաժնով և ինչ մեթոդաբանությամբ։ Կարևոր է պահպանել չափի զգացումը և չսրել ավելորդ, երբեմն վտանգավոր հետաքրքրությունը»։

«Կրթության մասին» ՀՀ օրենքով` դեռահասներն ունեն սեռական դաստիարակության իրավունք. օրենքում մի ծավալուն հոդված կա վերարտադրողական առողջության պահպանման, ինչպես նաեւ սեռահասունացմանն իրազեկ լինելու մասին: Օրենքը նախատեսում է, որ դեռահասների սեռական դաստիարակությունը հանրակրթական դպրոցներում եւ կրթական այլ հաստատություններում պետք է իրականացնեն խնդրին իրազեկ մասնագիտացված անձինք, որը, ցավոք, չի իրականացվում. այս լուրջ և խիստ պատասխանտու խնդիրը երբեմն ստանձնում են  ֆիզկուլտուրայի ուսուցուչները:

Ինչպե՞ս պետք է մատուցվի սեռական դասիարակությունը դեռահասների շրջանում։

«Առողջ ապրելակերպի անվան տակ մատուցում են սեռական կյանքի «վարպետաց դասեր», պահպանակա-աբորտային թեմաներ։ Ինչպես արդեն նշեցի, սեռակրթության թեմաներից կարող է  խոսել  միայն այն  մասնագետը, որը ունի համապատասխան որակավորում և մասնագիտացում։ Հակառակ դեպքում հոնքը շտկելու փոխարեն աչքն է վնասվելու։   Սեռական առողջության և սեռական կյանքի հարցերը պետք քննարկվեն մասնագետների մասնակցությամբ, ընդ որում՝ թեմային տիրապետող և մասնագիտական ասելիք ունեցող: Սիրողական քննարկումները կարող են տհաճ և ճակատագրական հետևանքներ ունենալ: Սեռական առողջությունը դիլետանտություն չի հանդուրժում։ Ծնողները և մանկավարժները պետք է  գիտակցեն, որ սեռական դաստիարակության հիմնական պատասխանատվությունը իրենց վրա է: Հետո էլ ավելորդ ամաչկոտությունն ու «անհարմար» հարցերի մասին լռելը ստիպում է երեխային փնտրել իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները այլ` գուցե ոչ ճշգրիտ աղբյուրների մեջ: Իսկ առողջ ու լիարժեք երեխային չի կարող չհետաքրքրել մարդկային կյանքի ամենաէական կողմերից մեկը: Նշանակում է, որ ծնողները և մանկավարժները պետք է իմանան` երբ և ինչ ձևով տեղեկացնեն իրենց երեխային հետագա անցանկալի հետևանքներից խուսափելու համար»:

Սեռահասունացման շրջանում ո՞րն է ծնողի դերը։

«Տրամաբանական է, որ այդ գործառույթն իրենց վրա պետք է վերցնեն ծնողները: Սակայն իրականում այս գործառույթը չեն լրացնում նաև ծնողները, ովքեր իրենք իրենց հերթին չունեն գիտելիքներ սեռական դաստիարակության վերաբերյալ, կամ երբեմն չգիտեն, թե ինչպես խոսել երեխաների հետ՝ կարծելով, որ իրենց տրված տեղեկատվությունը կարող է վնասել նրանց: Այսինքն՝ ցանկություն կա, իհարկե, հնարավորություն՝ ոչ այդքան: Ծնողը ցանկանում է, բայց չի գտնում այն անհրաժեշտ բանալիները, որոնք պետք  են սեռակրթության կողպեքները բացելու համար»,-նշեց մասնագետը:

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Զրուցեց՝ Սյուզի  Ասատրյանը

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ