Գլխավոր էջ Գլխավոր ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ «ԶՈՀԵՐԸ»․ կորցրած աշխատանք ու չվճարվող պարապուրդ

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ «ԶՈՀԵՐԸ»․ կորցրած աշխատանք ու չվճարվող պարապուրդ

679
0

Կորոնվիրուսի ի հայտ գալուն պես մեր երկրում, ինչպես որ ամբողջ աշխարհում փոխվեց թե առօրյան, թե ընդհանրապես կյանքի տեմպը։ Տուժեցին մի շարք ոլորտներ, ինչպես նաև փոփոխություններ եղան գործատու-աշխատող հարաբերություններում։ Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ-ի տարեկան զեկույցում ևս անդրադարձ կա այս մասով։ Քաղաքացիները կորցրել են իրենց աշխատանքը կամ ուղարկվել են հարկադիր պարապուրդի և չեն վճարվել։ Սահմանված արգելքները և սահմանափակումները, ի թիվս այլնի, հանգեցրել են անձանց աշխատանքային իրավունքների ոտնահարման:

«Նման խնդիրներ հիմնականում բացահայտվել են այն ժամանակ, երբ մարդիկ դիմում են ներկայացրել Կառավարության ընդունած այն հակաճգնաժամային միջոցառումներից օգտվելու համար, որոնք կոչված են ինչ-որ կերպ կոնպենսացնել աշխատողի վնասները, սակայն ստացել են մերժում: Խնդիրը պայմանավորված է եղել գործատու-աշխատող հարաբերությունների կամ դրանց իրավական ձևակերպման բացակայությամբ, կամ օրինակ, պարզվել է, որ միջոցառման պոտենցիալ շահառուն աշխատանքային պայմանագրի փոխարեն գործատուի հետ կնքել է քաղաքացիաիրավական պայմանագիր»,- նշված է տարեկան զեկույցում:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքներով մարդիկ նշել են, որ գործատուն իրենց պարտավորեցրել է ներկայանալ աշխատանքի՝ չապահովելով վիրուսի տարածումը կանխարգելելու պահանջվող պայմանները(2020-ի տարեկան զեկույց)։

Մասնավոր ոլորտում բավականին տարածված խնդիր է այն, որ գործատուները փաստացի հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին ստիպել են ներկայացնել վճարվող և/կամ չվճարվող արձակուրդի դիմումներ՝ հակառակ դեպքում ստիպված են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել։

«Բողոքների մի մասի դեպքում էլ գործատուները աշխատողներին չեն վճարել հարկադիր պարապուրդի համար՝ առաջացած իրավիճակը որակելով անհաղթահարելի ուժ»,-նաշված է զեկույցում։

Ի դեպ՝ հիվանդությամբ  (COVID-19) պայմանավորված՝ մեր երկրում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում արձանագրվել են աշխատողների համար անվտանգ և նրանց առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու խախտումներ: Այդ մասին են վկայում Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները:  Հիշեցնենք «Չեխարմինվեստ»  ՍՊԸ-ում գրանցված խախտումները։

«Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող «Չեխարմինվեստ» ՍՊԸ կարի արտադրամասում չեն պահպանվել Պարետի որոշմամբ սահմանված նորմերը (կարի արտադրամասում աշխատակիցներին դիմակներ և ձեռնոցներ չեն տրամադրվել): Կարի արտադրամասի աշխատակիցներին աշխատանքի են կանչել նույնիսկ այն ժամանակ, երբ Պարետի որոշմամբ նման տեսակի տնտեսական գործունեությունն արգելված է եղել: Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խնդրահարույց է համարել նաև հրապարակմամբ բացահայտված այն իրողությունը, որ կարի արտադրամասի աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով աշխատանքի չեն ընդունվել (գրանցված չեն) և այդ ընթացքում նրանց աշխատավարձ չի վճարվել: Անդրադառնալով աշխատողների համար անվտանգ և նրանց առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ չապահովելու դեպքում գործատուի կողմից աշխատողներին աշխատանքի ներկայանալ պարտավորեցնելուն՝ հարկ է հստակ արձանագրել, որ որևէ պարագայում չի կարող իրավաչափ դիտարկվել աշխատողին աշխատանքի ներկայանալ հարկադրելն այնպիսի իրավիճակում, երբ երկրում տարածված է յուրաքանչյուրի կյանքի համար վտանգավոր համավարակ, և առավել ևս, որի տարածումը կանխարգելելու համար սահմանված անհրաժեշտ միջոցառումները գործատուն չի կարողանում լիարժեք ապահովել: Նման պայմաններում անձանց աշխատանքի ներկայանալ հարկադրելը ոչ միայն նրանց աշխատանքային իրավունքների խախտում է, այլև անմիջական վտանգ է նրանց կյանքի և առողջության համար»,-նշված է զեկույցում:

2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր ուսումնասիրությունը վկայում է, որ շարունակում է արդիական մնալ օրենսդրական պահանջների խախտմամբ անձանց աշխատանքից ազատելու խնդիրը:

«Պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության առաջին ամիսներին քաղաքացիները, համավարակով պայմանավորված, չեն կարողացել իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները, մասնավորապես, չեն ներկայացել աշխատանքի: Նշվածով պայմանավորված՝ գործատուները հիմք են ունեցել սեփական նախաձեռնությամբ լուծել աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114- րդ հոդվածը սահմանում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելող հիմքերը: Ի թիվս այլ հիմքերի՝ սահմանվել է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը չի կարող լուծվել տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եվ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, եթե, այդ դեպքերով պայմանավորված, աշխատողը չի ներկայացել աշխատանքի և ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, եթե մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողը չի ներկայացել աշխատանքի»:

Համավարակի ժամանակահատվածում քաղաքացիները գտնվել են պարապուրդում, սակայն որոշ հիմնարկություններում նրանց չեն վճարել։

Պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար չվարձատրվելու խնդրով մարդիկ դիմել են Պաշտպանին՝ նշելով, որ շատ դեպքերում գործատուները համարում են, որ պարապուրդն առաջացել է անհաղթահարելի ուժի պատճառով, որպեսզի չվճարեն աշխատողներին: Օրինակ՝ մասնավոր կազմակերպություններից մեկի աշխատակիցները կոլեկտիվ բողոք են հասցեագրել Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ 2020 թվականի ապրիլ ամսից գտնվել են հարկադիր պարապուրդում, որի համար գործատուն հրաժարվում է վճարել: Բողոքներից մեկով էլ՝ դիմողը տեղեկացրել է, որ աշխատել է մասնավոր կազմակերպությունում, սակայն 2020 թվականի ապրիլի 3-ին գործատուն իրեն աշխատանքից ազատել է, իսկ մինչ այդ հրաժարվել է վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար: Մեկ այլ բողոքով՝ դիմողը տեղեկացրել է, որ կինն աշխատում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզում որպես օտար լեզվի խմբակի աշխատակից: Դիմողի տեղեկացմամբ՝ մանկապարտեզներում գործող խմբակների աշխատակիցների աշխատավարձերը ձևավորվում են մանկապարտեզներ հաճախող երեխաների վարձավճարներից, սակայն քանի որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ երեխաները չեն հաճախում մանկապարտեզներ, աշխատակիցներին հրաժարվում են վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար: Այսինքն, կատարված լրացմամբ երկրում առկա համավարակով պայմանավորված՝ պարապուրդը որակվել է անհաղթահարելի ուժ: Ստացվում է այնպես, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր չէ ո՛չ գործատուն և ո՛չ էլ աշխատողը։

Կատարված օրենսդրական փոփոխություններից էր նաև Աշխատանքային օրենսգրքի 186- րդ հոդվածի 6-րդ մասում սահմանելը, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար գործատուն ոչ թե չի վճարում, այլ կարող է չվճարել: Այսինքն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար աշխատողներին վճարելը թողնվել է գործատուի հայեցողությանը:

Համավարակի ընթացքում եղել են դեպքեր, երբ աշխատողները չեն վճարվել պարապուրդի դիմաց, նաև չեն դիտարկվել Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումներից որևէ մեկի շահառու: Այսպիսով՝ նրանցից շատերը հայտնվել են սոցիալապես անապահով վիճակում։

Նաև եղել են դեպքեր, երբ համավարակով պայմանավորված՝ քաղաքացիները գտնվել են հարկադիր պարապուրդում, որի յուրաքանչյուր ժամվա դիմաց իրենց չվճարելու համար գործատուն հարկադրում է արձակուրդ տրամադրելու դիմումներ ներկայացնել:

«Այդպիսով, որպես արձակուրդ ձևակերպվելիք ժամանակահատվածով փորձ է արվել քողարկել այն ժամանակահատվածը, որի ընթացքում աշխատողն իրականում գտնվել է հարկադիր պարապուրդում, և որի յուրաքանչյուր ժամվա համար պետք է վարձատրվեր: Գործատուների դրսևորած նման գործելաոճը միանշանակ չի բխում աշխատանքային օրենսդրության կարգավորումներից և սկզբունքներից»,-նշված է զեկույցում:

Սյուզի Ասատրյան

Հոդվածը պատրաստվել է ՄԻՊ-ի 2020թ-ի տաեկան զեկույցում տեղ գտած տեղեկատվության հիման վրա

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ