Գլխավոր էջ Գլխավոր Երազում էր իր սեփական տունն ունենար ու ընտանիք կազմեր, ավաղ ԱԹՍ- ի...

Երազում էր իր սեփական տունն ունենար ու ընտանիք կազմեր, ավաղ ԱԹՍ- ի հարվածը խլեց նրա կյանքը․ Արայիկը այսօր կդառնար 25 տարեկան

2777
0

#Հիշում ենք

Medmedia.am-ը շարունակում է ներկայացնել արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար զոհված մեր քաջորդիների կյանքից փոքրիկ պատառիկներ ու ընթերցողին հաղորդակից դարձնել քաջ հերոսների ապրած օրերին, ամիսներին, տարիներին։

Տիգրանյան Արայիկ Բաբկենի, ծնվել է 1996 թ-ի ապրիլի 17-ին, Երևանում ։ Արայիկը ունի 2 քույր, 1 եղբայր։

Մեզ հետ զրույցում Արայիկի մայրը, տիկին Արաքսը նշեց, որ որդին սովորել է Երևանի Վազգեն Ա. անվան թիվ 168 միջն դպրոցում։

«Դպրոցում եղել է սիրված աշակերտ, լավ ընկեր։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է։ Որդիս շատ աշխատասեր և ընկերասեր էր, նվիրված իր ընտանիքին, ընկերներին։ Երազանքներ շատ ուներ։ Բայց առաջնայինը երազում էր ունենալ իր սեփական տունը և ընտանիք կազմեր։Բայց ավաղ․․․»։

Արայիկը զորակոչվել է բանակ 31.07.2014 թվին, ծառայել է Բերդի զորամասում։ Քառօրյա պատերազմի ժամանակ եղել է դիրքերում։

«Ծառայությունը բարեհաջող ավարտվեց, տղաս վերադարձավ տուն։ Առհասարակ չէր սիրում շատ խոսել, կիսվել։ Երբ իմացանք երկրորդ պատերազմի լուրը, մենք բոլորս շատ վատ էինք զգում, խոսում էինք, բարձրաձայնում։ Բայց Արայիկը ոչինչ չէր խոսում։ Նա չէր արտահայտվում, բայց մտածում էր իր փոքր եղբոր մասին, որը դեռ երկու ամսվա ծառայող էր։ Սեպտեմբերի 30-ի առավոտյան մեզանից գաղտնի գնաց վայենկոմատ։ Այնտեղ 1 ժամ ժամանակ էին տվել։ Այդ ընթացքում Արայիկը եկավ մեզ հրաժեշտ տալու։ Մենք խնդրեցինք, որ չգնա, բայց արդեն ուշ էր։Ասաց՝ «ես գնում եմ,որ իմ եղբայրը խաղաղ ծառայի, քույրերս էլ ապրեն խաղաղ երկնքի տակ»։ Բայց ցավոք շատ դաժան ավարտ ունեցավ։ Պատերազմի առաջին օրվանից եղել է Ֆիզուլիյում, հետո նա մեզ իր տեղը չէր ասում հեռախոսով։ 16 օր ու գիշեր, առանց հանգստի, անքուն մասնակցել է մարտերի»,-պատմեց մայրը։

Արայիկի մարտական ընկերները պատմում են նրա մասին հպարտությամբ։ Ասում են՝  շատ խիզախ ու անվախ տղա էր մեր Արոն։

«Տղաս ամեն օր զանգում էր, հարցնում , թե՝ պապ ջան, էս պատերազմի վերջը երբա՞ լինելու։ Կարոտել էր տունը, ծնողներին, իր 6 ամսական քրոջը։ Անհանգստանում էր ծառայող եղբոր համար։ Հոկտեմբերի 14- ին եղավ տղայիս վերջին զանգը։Հոկտեմբերի 15-ի մարտի ժամանակ հաղթանակած վերադառնում են դիրքեր հանգստանալու, ճանապարհին անօդաչու սարքի հարվածից ծանր վիրավորվում է Արայիկը։ Ընկերները լինելով նույնպես վիրավոր, միմյանց օգնելով հասցնում են Արայիկին Կարմիր Շուկա, այնտեղից էլ բուժմեքենայով տեղափոխում են Ստեփանակերտ։ Ցավոք չեն կարողանում փրկել տղայիս կյանքը։ Մահվան լուրը լսելուց անմիջապես հետո սկսեցինք որոնել Արայիկին։ 5- րդ օրը գտանք Մեծամորի դիահերձարանից։ Սրտիս խորը ցավով եմ ասում այս խոսքերը։ Ես ու իմ նման հազարավոր որդեկորուստ ծնողներ դատապարտված ենք մինչև կյանքի վերջ ապրել այս անդառնալի ցավով»,-ասաց որդեկորույս մայրը։

Այսօր Արայիկի տարեդարձն է, նա կդառնար  25 տարեկան։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ