Գլխավոր էջ Գլխավոր Փոքր կուրծք, մեծ քիթ, բարակ շուրթեր․ կանացի բարդույթների ու վիրահատական սեղանի կիզակետում

Փոքր կուրծք, մեծ քիթ, բարակ շուրթեր․ կանացի բարդույթների ու վիրահատական սեղանի կիզակետում

1129
0

21-րդ դարի կինը սիրում է հետևել իր արտաքինին, կատարել բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ և ինքնավստահ լինել ցանկացած պարագայում։ Բայց շատ հաճախ արտաքին տեսքը փոխելու բուռն ցանկությունը կապ ունի հոգեբանական մի շարք խնդիրների հետ։ Թեմայի շուրջ զրուցել ենք կլինիկական հոգեբան Տաթևիկ Նահապետյանի հետ, ով փորձել է իր սպառիչ պատասխաններով ու գիտելիքներով օգտակար լինել կանանց։

Պլաստիկ վիրահատությունների դիմելն ունի՞ հոգեբանական կողմ, որո՞նք են դրանք:

ՀՈԳԵԲԱՆ-Մեր օրերում պլաստիկ վիրահատությունները մոլուցքի է նմանվել և թերևս հիմնական պատճառը հենց հոգեբանականն է: Սովորաբար դա կատարելության ձգտումն է, ինչը ինչ-որ տեղ պաշտպանական մեխանիզմ է, ձգտումն է համապատասխանել «ընդունված» չափանիշներին: «Կատարելության» ձգտման ճանապարհին երբեմն կանգ առ կոճակը շատ դժվար է սեղմել ու միմյանց են հաջորդում մեկը մյուսի ետևից պլաստիկ վիրատություններն ու շտկումները: Հաճախ դիմում են վիրաբույժներին՝ պահանջելով հենց կոնկրետ մի մարդու նման քիթ, կրծքեր, շուրթեր՝ չգիտակցելով, որ նույնականանալով այլ կերպարի հետ, կորցնում են սեփական ես-ը, առանձնահատկություններն ու յուրահատկությունները: Եվ հետո էլ կանգնում «նոր անձի» հետ հաշտվելու դժվարին խնդրի առաջ: Պլաստիկ վիրահատությունների դիմում են հիմնականում սեփական մարմնի հետ անհաշտություն ունեցողները: Ներքին կոնֆլիկտ, ներքին անհաշտություն, որը փորձում են լուծել արտաքին չափորոշիչներով: Իրականում տարբեր մարդիկ տարբեր կերպ են փորձում լուծում տալ իրենց հոգեբանական խնդիրներին: Երբեմն էլ արտաքինը փոխելու սուր պահանջի ետևում թաքնված են այլ պահանջմունքներ, օրինակ՝ սիրո, հոգատարության, ընդունման և այլն: Պլաստիկ վիրահատության որոշում կայացնելով՝ կարծում են, որ կբարելավեն իրենց հոգեբանական վիճակը, կյանքի որակը, ինքնավստահությունը կամ ներդաշնակ հարաբերությունները զուգընկերոջ հետ:

Պլաստիկ վիրաբույժներին  դիմում են միայն կոմպլեքսնե՞ր ունեցող մարդիկ:

ՀՈԳԵԲԱՆ-«Իհարկե՝ ոչ: Հիմնականում մոլի կերպով՝ հոսքի տակ վիրահատություններ կատարողները ինքնագնահատականի խնդիրներ, թերարժեքության բարդույթ ունեցող մարդիկ են: Առավել հաճախ դիսմորֆոֆոբիա ունեցողները: Նրանք այնքան են ֆիքսվում մարմնի այն մասի վրա, որը իրենց դուր չի գալիս, որ անգամ սկսում են տանից դուրս չգալ, չշփվել, մեկուսանալ, արդյունքում տուժում են հարաբերությունները, աշխատանքը և կյանքի համար այլ կարևոր գործոններ: Ֆիքսվածությունը հանգեցնում է վիրահատության՝ օրինակ «քիթս ինձ դուր չի գալիս»: Սակայն վիրահատվելուց հետո միևնույնն է որևէ բան իրենց շարունակում է դուր չգալ, այդ դեպքերում հաճախ սուր տագնապային ֆոնի վրա դիմում են կրկնակի վիրահատության: Հնարավոր է, որ մարմնի այդ մասը շատ համաչափ է, բայց տվյալ անձին դուր չի գալիս, նրանք չեն կարողանում օբյեկտիվ կերպով գնահատական տալ իրենց արտաքինին, ինչը միանշանակ թերարժեքության բարդույթի մասին է խոսում: Ոչ մի դեպքում չի կարելի այդ մարդկանց վիրահատել, քանի որ նման կերպով չի լուծվելու իրենց խնդիրը: Սակայն մյուս խումբն էլ կազմում են ադեկվատ ինքնագնահատական, ադեկվատ սեփական մարմնի ընկալում ունեցող մարդիկ, ովքեր ռեալ գնահատում են իրականությունը, չունեն խնդիրներ ես-ի հետ և ընդամենը շտկում են ֆիզիկական որոշակի խնդիրներ:

Ի՞նչ խնդիր կարող է լուծել պլաստիկ վիրահատությունը։

ՀՈԳԵԲԱՆ- Նախ հարկավոր է օբյեկտիվ գնահատել վիրահատության ցանկությունը: Եվ եթե իսկապես կան ֆիզիկական թերություններ, որոնք կարելի է շտկել վիրահատության միջոցով, ապա այն կարող է լուծել անգամ որոշ հոգեբանական բարդույթներ, նպաստել անձի կայուն բարոյահոգեբանական վիճակին: Հարցրեք ձեզ՝ «Ինչո՞ւ եք ցանկանում վիրահատվել: Կոնկրետ ի՞նչ խնդիր եք ցանկանում լուծել դրանով:» Ու եթե խորքային պատասխանը ենթադրում է, օրինակ՝ հարաբերությունների շտկում, հաջողությունների հասնել և այլն, ապա միանշանակ այստեղ հոգեբանական աշխատանքի կարիք կա և վիրահատությունը չի լուծի թաքնված խնդիրը:

Կարելի՞ է եզրակացնել, որ կրծքերի կամ քթի պլաստիկ վիրահատությունը անմիջականորեն կապ ունի ընտանեկան խնդիրների, կին-տղամարդ հարաբերություններում առկա խնդիրների հետ:

ՀՈԳԵԲԱՆ- Շատ հաճախ, այո, ինչպես արդեն նշեցի, հաճախ դիմում են վիրահատության խորքային այլ պահանջմունքներ բավարարելու համար: Լինում է, օրինակ՝ սեռական խնդիրների առկայության դեպքում կինը պնդում է, որ կրծքերի չափսն է խնդիրը, կամ ամուսինը աշխատանքից ուշ է տուն գալիս, կինը մտածում է՝ «Եթե ես ավելի գեղեցիկ լինեի, ամուսինս առավել շատ ժամանակ կանցկացներ ինձ հետ, ճիշտ կլինի փոխեմ արտաքինս՝կվիրահատեմ քիթս»: Այստեղ նույն խանդի սկզբունքն է, հիմքում ցածր ինքնագնահատականն է:

Ինչպե՞ս է հարկավոր նախապատրաստվել պլաստիկ վիրահատությանը, չէ՞ որ կա վախ՝ նոր արտաքինը չհավանելու ու չհարմարվելու ։

ՀՈԳԵԲԱՆ-Հարցին հարկավոր է բավական լուրջ մոտենալ, քանի որ սա ուղղակի արտաքինի փոփոխություն չէ, ինչը կարելի է կատարել գեղեցկության սրահում, սանրվածք փոխելով կամ շպարվելով: Լավ կլինի ձերբազատվել նաև այս հարցում հոգեբանին դիմելու բարդույթից, Ադեկվատ գնահատել սեփական արտաքինն ու ցանկությունները, իսկ երբ լուծված են ներքին բոլոր խնդիրները, ապա արդյունքը գրեթե միշտ բավարարում է: Իսկ եթե կա վախ չհարմարվելու, ուրեմն պատրաստ չենք ու վիրահատությանը դիմում ենք մեկ այլ հարցին լուծում տալու նպատակով, որը շատ դեպքերում հաջողությամբ չի կնքվում:

 Լինու՞մ են հետվիրահատական փուլում հոգեբանական խնդիրներ։

ՀՈԳԵԲԱՆ- Եթե նախապես լուծված չեն լինում ներքին խնդիրները, ապա գրեթե միշտ: Կորցնում են անհատականությունը, ադապտացիայի շրջանը շատ դժվարությամբ են հաղթահարում, նույնիսկ եթե արտաքնապես ամեն բան գեղեցիկ է ստացվել, այստեղ խնդիրը սեփական անձի ընկալումն է: Լինում են դեպքեր, երբ ցանկանում են ետ վերադարձնել նախկին կերպարը: Կամ ունենում են հիասթափություն, որ այդպես էլ չլուծվեց իրենց ցանկալի խնդիրը: Այս փուլում չափազանց կարևոր են հոգեբանական աշխատանքները, որպեսզի վերականգնվի անձի էմոցիոնալ կայունությունը:

Եթե կինը ցանկանում է արտաքինում ինչ ինչ  փոփոխություններ անել, ի՞նչ եք կարծում, պե՞տք է անի, թե՞ հարկավոր է լսել հարազատների հորդորը, չանել ու ինքդ քեզ համոզել, որ , օրինակ՝ «մեծ» քիթը կամ «փոքր» կուրծքը շատ գեղեցիկ է:

ՀՈԳԵԲԱՆ-Պլաստիկ վիրահատությունը յուրաքանչյուրի ընտրությունն է: «Համոզելը» միայն ժամանակավոր է և ոչ մի դեպքում արդյունք չի տա, միգուցե ժամանակը օգտակար լինի առավել ռեալ մոտենալու հարցին և էմոցիոնալ լուծումներ չտալ, սակայն միևնույնն է, եթե կա կպչուն միտք, ֆիքսվածություն ապա որոշ ժամանակ անց անձը վերադառնալու է այդ մտքին: Համոզելու փոխարեն լավ կլինի դուրս բերել և լուծել բոլոր ներքին խնդիրները, անցնել հոգեբանական նախապարտաստում և հետո հստակ որոշում կայացնել, վերջիվերջո հիշելով որ պլաստիկ վիրահատությունը ինքնագնահատականի բարձրացման կամ սեփական անձի ընկալումը փոխելու միակ լուծումը չէ:

ԶՐՈՒՑԵՑ՝ ՍՅՈՒԶԻ ԱՍԱՏՐՅԱՆԸ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ