Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանը ծաղրում ու հեգնում էր կորոնավիրուսի առնչությամբ խուճապ տարածողներին

Արսեն Թորոսյանը ծաղրում ու հեգնում էր կորոնավիրուսի առնչությամբ խուճապ տարածողներին

976
0

«168 Ժամ» թերթը գրում է.

«Հարևան Իրանում կորոնավիրուսի տարածման հետ կապված, մի քանի օր շարունակ Հայաստանում առաջացած իրական ու հիմնավոր խուճապից հետո, երեկ կառավարությունը վերջապես որոշում ընդունեց Իրանի հետ սահմանը փակելու, օդային և ցամաքային հաղորդակցությունը երկու շաբաթով մասնակի, ոչ ամբողջական դադարեցնելու վերաբերյալ։ Այս որոշումը համարժեք էր ստեղծված իրավիճակին, այն գուցե անգամ ուշացած էր։

Հիշեցնենք, որ երեկվա տվյալներով՝ Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, գրանցվել է 12 մահ: Ըստ մասնագետների՝ շատ հավանական է, որ իրականում Իրանում վարակվածների թիվն ավելին է, քան 47-ը:

Այդուհանդերձ, որոշումը կայացվել է, և պետք է հույս ունենալ, որ այն կկանխի մի կողմից՝ վարակի ներթափանցումը Հայաստան, մյուս կողմից՝ գոնե մասամբ կվերացնի առաջացած խուճապը։ Հետաքրքիր է, սակայն, ինչպես կայացվեց այդ որոշումը, և ինչ նախորդեց դրան։ Օրեր շարունակ, այդ թվում՝ նախօրեին, երբ սոցիալական ցանցերում անհանգստությունը հասել էր առավելագույն մակարդակի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իշխող խմբակցության մի շարք պատգամավորների հետ ուղղակի ծաղրում ու հեգնում էր կորոնավիրուսի առնչությամբ խուճապ տարածողներին, այդ թվում՝ ոլորտի մասնագետներին՝ հայտարարելով, որ դրա համար որևէ հիմնավոր պատճառ չկա։

Զուգահեռաբար, օրինակ, ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես էր գալիս տրամագծորեն հակառակ տեսակետով՝ նշելով, որ բացառված չէ անգամ սահմանի փակման տարբերակը։ Ժամեր շարունակ այս իրարամերժ գնահատականներից, իշխանության ներկայացուցիչների ծաղրից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ փետրվարի 24-ից երկու շաբաթով դադարեցվելու է օդային և ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ։ Իհարկե, նա նշել էր, որ օդային հաղորդակցության նկատմամբ պետք է կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները պետք է իրականացնել առանց սահմանափակումների՝ կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ