Գլխավոր էջ Օրվա թեման ՍԵՔՍՈՒԱԼ, ԲԱՅՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳԸ

ՍԵՔՍՈՒԱԼ, ԲԱՅՑ ՎՆԱՍԱԿԱՐ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳԸ

1885
0

Medmedia.am-ը շարունակում է ներկայացնել սեքսուալ կյանքի հետ կապված բազմաթիվ «ինչուների» պատասխաններ։ Մեր հարցերին հերթական անգամ պատասխանել ու իր մասնագիտական գիտելիքներով կիսվել է ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ , սեքսոլոգիայի  ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանը։

Ըստ մասնագետի՝ բազմաթիվ կանանց համար սիրելի դարձած սթրինգը անընդմեջ կրելը կարող է իրապես վտանգավոր լինել կանացի սեռական առողջության համար:

«Առաջին հերթին դրանք նպաստում են հեշտոցի սնկային ախտահարմանը և միզուղիների վարակներին՝ հաճախ հանգեցնելով արդեն առկա վարակների արագ տարածմանը: Երկրորդ՝ դրանք առաջացնում են մաշկի գրգռվածություն, վնասվածքներ, սեռական օրգանների խանգարումներ և նույնիսկ՝ թութք (հեմորոյ): Ոչ միայն սթրինգը (թելավոր ներգնազգեստ), այլ նաև սինթետիկ ներքնազգեստը, նեղ տաբատը կանանց սեռական օրգանների վրա վնասակար ազդեցություն են թողնում, այդ պատճառով էլ ցանկալի չէ և խորհուրդ չի տրվում տևականորեն կրել այդպիսի հագուստ: Անհրաժեշտ է հետևել անձնական հիգիենայի կանոններին, խուսափել նեղ կամ սինթետիկ ներքնազգեստ կրելուց, իսկ դաշտանի ժամանակ հույժ կարևոր է հաճախակի փոխել հիգիենիկ տակդիրներն ու միջադիրները։ Պետք է նկատի ունենալ, որ միզուկի գրգռմանը և ինֆեկցիայի զարգացմանը կարող են նպաստել լոգանքի համար նախատեսված փրփուրներն ու բուրավետ օճառները»,-նշեց Վրեժ Շահրամանյանը:

ՔԱՆԻ՞ ԺԱՄ ԿԱՐԵԼԻ Է ԿՐԵԼ ՆՄԱՆ ՆԵՐՔՆԱԳԳԵՍՏ

«Առանձնահատուկ վնասակար են ձգված կիսավարտիքները, որոնք խախտում են արյան բնական շրջանառությունը, որը կարող է հանգեցնել անպտղության կամ այլ պտղաբերական օրգանների վրա վնասակար ազդեցությունների: Դրանք կրել, այնուամենայնիվ, կարելի է, բայց ոչ ավելի, քան օրվա մեջ 5 ժամ, ընդ որում՝ ոչ ամեն օր, այլ հատուկ դեպքերում»:

Ո՞Ր ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏՆ Է ԱՎԵԼԻ ՎՆԱՍԱԿԱՐ

«Ըստ վնասակարության աստիճանի, առաջին տեղը զբաղեցնում են սթրինգերը: Առավել անվտանգ սթրինգերի տեսակետից կա ընտրության հնարավորություն: Եթե ընտրել ստրինգեր` ետևից բարակ թելիկով, այդ դեպքում  վնասը համեմատաբար քիչ է, ինչը չի կարելի ասել լայն և ձգվող ժանյակե շորտիկների համար: Նման ներքնազգեստը ճնշում է և հանգեցնում տարբեր հիվանդությունների. որպես հետևանք կարող է առաջացնել թութք: Կիսավարտիք-շորտերը, թվում է՝ չեն ձգում, բայց դրանցում թաքնվում է մեկ այլ վտանգ: Նրանք ձգում են ինտիմ գոտու չափազանց մեծ հատված, որով անմիջականորեն խախտում են բնական օդափոխությունը, որի հետևանքով էլ հաճախ առաջանում է կաթնախտ և տհաճ հոտեր»,-նշեց մեր զրուցակիցը:

Ի՞ՆՉ ՆՅՈՒԹԵՐՈՎ Է ԿԱՐՎԱԾ ՍԹՐԻՆԳԸ

«Հաջորդ կարևոր թերությունը նրանց պատրաստման համար օգտագործված նյութն է:  Սեքսուալ  և նորաձև ներքնազգեստների 98%-ը կարվում են արհեստական և այլ քիմիական նյութերից պատրաստված կտորներից, որոնք արգելակում են օդի մուտքը և դրանով իսկ նպաստում խոնավ և տաք միջավայրի ստեղծմանը, իսկ դա, ինչպես հայտնի է, հրաշալի պայման է միկրոօրգանիզմների համար: Հետևաբար, ներքնազգեստ ընտրելիս պետք է լինել ուշադիր և տեղեկացված: Պետք է միշտ մտածել առողջության մասին, քանի դեռ ուշ չէ»:

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ  Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ՍՅՈՒԶԻ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ