Գլխավոր էջ Գլխավոր Խույս տվեց Սումգայիթի ջարդերից, մեծացավ հայրենի հողում․ քաջ հետախույզը կռվեց մինչև վերջին...

Խույս տվեց Սումգայիթի ջարդերից, մեծացավ հայրենի հողում․ քաջ հետախույզը կռվեց մինչև վերջին շունչը․ լուսանկարներ

5148
0

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ․․․

Medmedia.am-ը շարունակում է ներկայացնել արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար նահատակված մեր հայորդիներին։

Հետախույզ Հարություն Մանուչարյան Վանիկի։ Ծնվել է 13.06.1988թ-ին։ Ավարտել է Արտաշավանի միջնակարգ դպրոցը։ Առաջին դասարան չգնացած հայրը մահացել է,մորը պատգամել՝ որդուն զինվորական ծառայության տալ։ Դպրոցն ավատելուց հետո ընդունվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ինչպես հարազատներն են ասում՝ գնաց քննության 0 շանսով, տեղ չկար, հաջորդ օրը զանգեցին ու կանչեցին։Հարությունը 2009թ.-ին նշանակվել է ԼՂՀ ՊԲ 59703զորամասում հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնում։ 2013թ նշանակվել է նույն զորամասում հետախուզական վաշտի հրամանատարի պաշտոնում։ 2014թ-ից նշանակվել է ՀՀ ՊՆ 24923 զորամասի սպայական ջոկատում որպես 2-րդ ՀՆ խմբի հրամանատար։ Մասնակցել է օպերատիվ ուղղությունների ուսումնասիրմանը մարտական հերթապահությանը և կատարել է հատուկ առաջադրանքներ։

Medmedia.am-ը զրուցել է Հարութի մոր՝ Գայանե Մանուչարյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց իրենց  կյանքի ու Հարությունի ծանր մանկության մասին․

«Սումգայիթից փախանք, Հարութս մի քանի ամսական էր, մի կերպ փախցրել եմ,կարպետի մեջ փաթաթած, բերել հասցրել եմ Հայաստան։ Հայրը շուտ է մահացել, ես Հարութի պապայի երկրորդ կինն եմ։Հարութիս մեծացրել եմ մենակ, չեք պատկերացնի ինչ դժվար օրեր ենք ունեցել խոնավ դոմիկում։ Հիշում եմ, որ ընկերների հետ փող էին հավաքում մի տեղ գնալու համար, Հարութս ասում էր՝ մամ ես չեմ գնա, էդ փողը թող մնա հաց կառնենք։ Էդպես մեծացրի։ Հարութս մեծացավ ու հասկացավ, հայրենիքը կանչում է ու իր ուղին զինվորականի ծանր ու երկար ճանապարհն է»,-արցունքն աչքերին պատմեց տիկին Գայանեն ու նշեց, որ Հարությունն իր միակն էր։

«Հարութս իմ ամեն ինչն էր, իմ գանձը, իմ կյանքի իմաստը, հիմա առանց իրեն՝ ես դատարկ եմ, կյանքը՝ անիմաստ։ Դուք չեք պատկերացնի, թե Հարութս ինչ լավ հետախույզ էր, ինչ կարևոր առաջադրանքներ էր կատարում, անգամ Նախիջևանի կողմերում է եղել ու ողջ առողջ վերադարձել է։ Հարութս մի ուրիշ կարգի հայրենասեր էր։ Մասնակցել է նաև ապրիլյան քառօրյա պատերազմին, Թալիշից հանել է թշնամու կողմից սպանված տատիկ-պապիկի դիերը։ Ղարաբաղում ծակ ու ծուկ չկար, որ չիմանար։ Արայիկ Հարությունյանն էլ ըստ արժանիքների չգնահատեց իմ Հարութին։ Իմ բալեն կյանքի լավագույն տարիները Արցախի պաշտպանությանն է նվիրել»,-ասաց տիկին Գայանեն։

Medmedia.am-ը նաև զրուցել է Հարությունի եղբոր կնոջ՝ Անահիտ Վլադիմիրյանի հետ։ Նա նշեց, որ Հարութը իր համար եղբայր է եղել, շատ մտերիմ են եղել․

«Մեր Հարութը 2016թ.ԼՂ-ի Թալիշ գյուղում մասնակցել է քառօրյա պատերազմին։2017թ-ին ՌԴ- ում անցել է հատուկ կապի դասընթացներ։2020թ-ի սեպտեմբերի 27-ից սպայական հատուկ նշանակության ջոկատի կազմում մասնակցել է Թալիշի,Մատաղիսի,Հաթերքի,Ջաբրաիլի և Հադրութի համար մղվող մարտերին։2020թի հոկտեմբերի 10-ին Հադրութ քաղաքի մոտակա «ՇԻՇԴԱԳ» բարձրունքի համար մղվող մարտերի ընթացքում կատարելով հատուկ առաջադրանք զոհվել է հակառակորդի ականանետի պայթյունից»,-պատմեց հերոսի բարեկամուհին։

«Զոհվելուց 2 օր առաջ երազիս տեսել էի, եկել էր ,ասեցի՝ վախ մեռնեմ ջանիդ հերոս ախպերս եկելա,ասեց էէէէ Անահիտ ջան էնքան բան կա պատմելու,արթնացա ամուսնունս ասեցի Հարութը կարողա վիրավորա մեզ չի ասում նենց անհանգիստ եմ ,ասեց՝ ես էլ։ Գրեցի պատասխանել էր՝ չեի տեսել,հետո տեսա ասեցի՝ թու՛, գոնե տեսած լինեի ,2բառ գրվեի հետը։ Ու դա իր վերջին նամակն էր։ Առավոտ զանգել էր մայրիկին ու ասել, որ  բան չմնաց, հաղթանակած տուն է գալու։ Ու դա վերջին զանգն էր։ Հարութից հետո հաղթանակ չէի տեսնում։ Որ ինքը էնտեղ էր՝ գիտեի որ լավա լինելու, վստահ էի,մի բան որ լսում էի, վռազ զանգում էի ու ասում՝ Հար ի՞նչ կա,ասում էր՝  լավա քուրս, խելոք չմնացին, ջղայնացանք՝ ուշքի եկան։ Տղայիս ասում էր՝ Վաչ մեծանաս էնքան բան կա պատմելու․․․»։

Հարութը շուն ուներ, հարազատները պատմում են, որ նրա զոհվելու օր շունը շատ անհանգիստ է եղել։ Մինչև հիմա էլ, երբ ձայնագրություններ են միացնում ու շունը լսում է Հարութի ձայնը, անհանգստանում է, կարծես նրան է փնտրում։

Մեզ հետ զրուցեց նաև Հարութի զարմուհին՝ Ոսկին, ով նշեց, որ այնքան բան կա պատմելու․

«Հարութի մասին կարելի է անվերջ խոսել։ Նրա քաջության ու սխրագործությունների մասին անընդհատ կարելի է պատմել։ Հարութը շատ  բծախնդիր էր, հագուստը, սանրվածքը, օծանելիքը,ամեն բան պետք է տեղը տեղին լիներ։ Բծախնդիր էր անգամ մեր հագուկապի նկատմամբ։ Հիշում եմ, նորաձև, կիպ ջինսերը, որ տղաները հագնում էին՝ տանել չէր կարողանում։ Մեր՝ քույրերի հանդեպ էլ շատ խիստ էր և ուշադիր։ Հարութը ոնց որ տունը չուզեր մնար, ոնց որ սիրտը մի բան վկայեր, անընդհատ ընկերներին ու հարազատներին էր հանդիպում, ժամանակ անցկացնում նրանց հետ։ Մի օր մի ախպոր տունն էր, հաջորդ օրը՝ մյուսի, հետո ընկերների ու այսպես շարունակ, երևի կանխազգում էր այս ամենը․․․»,-պատմեց Ոսկին ու հավելեց․

«Հարութը դպրոցն ավարտել ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան է ընդունվել, հետախույզ էր, հիանալի դիպուկահար։ Վերապատրաստվել է Իտալիայում, Մոսկվայում։ Շատ ակտիվ էր իր աշխատանքում, նա ապրում էր իր մասնագիտությամբ։ Պատերազմի օրերին մեզ միշտ ասում էր՝ դուք մի զանգեք, ես կզանգեմ։ Ասում էր՝ ոնց գնացել եմ, այնպես էլ հետ եմ գալու։ Բայց փաստորեն լրիվ հակառակը եղավ։ Ամուսնացած էլ չէր, որ գոնե երեխաներով մխիթարվեինք։ Ամեն անգամ ամուսնության թեման փակում էր, ասում էր՝ ժամանակը չի։ Երևի կանխազգում էր, ինքը անհայր է մեծացել ու երևի չէր ուզում, որ իր երեխաներն էլ անհայր մնային․․․»։

Հարությունը նաև ստացել է մեդալներ, ունի բազմաթիվ պատվոգրեր, որոնք նրա նվիրումի, սխրանքների, քաջության լուռ վկան են։

07:09:09

«Մարտական ծառայության» մեդալ։

20։ 01։2017

Վազգեն Սարգսյանի անվան մեդալ։

28․10․ 2016

«Անբասիր ծառայության» համար մեդալ, առաջին աստիճանի։

Նախագահի կողմից 20տարելիցի հոբելյանական մեդալ։

28․12․ 2016

«Ռազմական հետախուզության ծառայության համար» կրծքանշան։

2-րդ աստիճանի «Մարտական խաչ»՝ հետմահու, այն Եռաբլուրում հանձնեցին սևազգեստ մորը։

Նշենք նաև, որ Հարությունը առաջին կարգի պարաշուտիստ էր։

Զրուցեց՝ ՍՅՈՒԶԻ  Ասատրյանը

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ