Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը երեխաների համար մեծ վտանգ է ներկայացնում

Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը երեխաների համար մեծ վտանգ է ներկայացնում

166
0

Կորոնավիրուսի «բրիտանական» շտամը, որը հայտնի է որպես B.1.1.7, ավելի հեշտ է վարակում երեխաներին եւ նրանց համար կարող է մեծ վտանգ ներկայացնել: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի վարչակազմում COVID-19-ի հարցերով խորհրդատվական խորհրդի անդամ Մայքլ Օսթերհոլմը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մինչեւ ամառ համավարակի դեմ պայքարում կարող է բախվել «լուրջ խնդիրների»:

«Կորոնավիրուսի նախորդ շտամների տարածման ժամանակ մենք չենք տեսել, որ մինչեւ 8-րդ դասարանի երեխաները հաճախ վարակվեին կամ ծանր հիվանդանային: Երեխաները նաեւ այդքան հաճախ չէին վարակում հասարակության մյուս անդամներին»,- ասել է նա՝ նշելով, որ նոր շտամը 50-100 տոկոսով ավելի վարակիչ է եւ շուրջ 55 տոկոս դեպքերում բարդություններ է առաջացնում:

Ավելի վաղ համանման հայտարարությամբ էր հանդես եկել մանկական ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում մասնագետ, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Այփեր Սոմերը, հայտնում է Medportal.ru-ն: Նրա խոսքով՝ Թուրքիայում նկատվում է երեխաների շրջանում կորոնավիրուսի դեպքերի զգալի աճ, որը կապում են В.1.1.7 շտամի տարածման հետ:

Սոմերը նշել է, որ մուտացված շտամը ախտահարում է 9 տարեկանից փոքր երեխաներին: Ավելին՝ շատ են գրանցվում բազմահամակարգային  բորբոքային համախտանիշի (MIS-C) դեպքեր՝ կորոնավիրուսի հետ կապված ծանր հիվանդություն: Այս վիճակի ախտանիշները շատ նման են Կավասակի հազվագյուտ համախտանիշին, որը առաջացնում է սրտի, թոքերի եւ աչքերի բորբոքումներ: Դրանից բացի, «բրիտանական» շտամը հաճախ երեխաների մոտ լուրջ բարդություններ է առաջացնում, որոնք մինչ այդ գրանցվում էին հիմնականում չափահասների շրջանում: Օրինակ՝ առաջացնում է միոկարդիտ, սրտամկանի բորբոքում:

«Նախկինում մենք հիվանդության դեպքեր ենք տեսել հիմնականում 10, 12, 13 տարեկան երեխաների մոտ, հիմա մեր պացիենտների կեսը 9 տարեկանից փոքր է: Մեզ մոտ կա անգամ 6 ամսական երեխա, որը ծանր հիվանդ է: Տարբեր երկրներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ 0-ից մինչեւ 9 տարիքային խումբը հիմա անհրաժեշտ է դիտարկել որպես բարձր ռիսկի խումբ»,- ասել է Այփեր Սոմերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ