Գլխավոր էջ Գլխավոր Աշնանային դեպրեսիա. խորհուրդներ կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյանից

Աշնանային դեպրեսիա. խորհուրդներ կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյանից

2054
0

Աշնան սկսվելուն պես՝ շատ մարդկանց մոտ կարող է նկատվել տրամադրության անկում: Էմոցիաները գլուխ են բարձրացնում, աշխատունակությունն ընկնում է: Իսկ եթե դրսում նաեւ անձրեւում է, ապա երբեմն ցանկություն չի լինում անգամ անկողնուց վեր կենալ: Այս մասին Medmedia.am-ը զրուցել է կլինիկական հոգեբան Տաթև Նահապետյանի հետ:

Ինչո՞վ է պայմանավորված աշնանային դեպրեսիան:

«Աշնանային դեպրեսիան» նորմալ բնականոն երևույթ է, որը պայմանավորված է եղանակային փոփոխություններով և արտահայտվում է հիմնականում տրամադրության որոշակի անկմամբ: Արևի ճառագայթների պակասը, անձրևային և մռայլ օրերը, նպաստում են օրգանիզմում մելատոնին հորմոնի ավելացմանը, ինչն էլ շատ քնելու ցանկություն է առաջացնում: Դրան զուգընթաց օրգանիզմում իջնում է սերոտոնին հորմոնի մակարդակը, ինչն էլ իր հերթին մեծ դեր ունի տրամադրության, արթուն վիճակի պահպանման գործում: Հետևաբար, եթե օրգանիզմում սերոտոնինը նորմայում է, մարդն ունենում է բալանսավորված էմոցիոնալ ֆոն, լավ տրամադրություն և առողջ քուն:

Ինչպե՞ս հասկանալ՝ մարդու մոտ պարզապես տրամադրության ժամանակավոր անկո՞ւմ է, թե՞ դեպրեսիա:

«Աշնանային դեպրեսիայի» դեպքում ունենում ենք հենց տրամադրության ժամանակավոր անկում, այն ուղեկցվում է մոտիվացիայի բացակայությամբ,հոգեվիճակի որոշակի փոփոխությամբ, ծուլությամբ, քնկոտությամբ և ոչինչ չանելու ցանկությամբ: Դեպրեսիան հիվադություն է, որն ունի իր կլինիկական դրսևորումները: Հիվանդն ունենում է քնի և սնման խանգարումեր՝ կամ անվերջ ուտելու և քնելու ցանկություն, կամ իսպառ բացակայություն ուտելու և քուն մտնելու դժվարություն: Ավելանում է տագնապի զգացողությունը, նրանց թվում է, թե ֆիզիկապես հիվանդ են, մշտապես թույլ են զգում իրենց, երբեմն նույնիսկ ունենում են դող վերջույթներում և շնչարգելություն: Դեպրեսիայով հիվանդ մարդիկ խորը ապատիկ վիճակում են գտնվում, ձգտում են մեկուսացվածության, չեն ցանկանում տանից դուրս գալ, շփվել, նրանց ոչինչ չի հետաքրքրում և ոչինչ չի ուրախացնում: Դեպրեսիվ մարդկանց բնորոշ է ցածր ինքնագնահատականը, հակառակ սեռի հանդեպ հետաքրքրության կորուստը, ինքամեղադրանքը: Հաճախ նույնիսկ ունենում են ինքնասպանության մտքեր:Անգամ ֆիզիկապես կարելի է ճանաչել դեպրեսիվ հիվանդին. կեցվածքը կորացած է, ուսերը թուլացած, հայացքը դատարկ: Այս ամենով էլ կարող ենք տարբերել դեպրեսիան տրամադրության անկումից և թախծոտ վիճակից:

Դեպրեսիայի դրսևորումը կարո՞ղ է արդյոք կախված լինել մարդու տեսակից:

Դեպրեսիային առավել հակված են կանայք, քան տղամարդիկ: Ինչ վերաբերում է անձի տեսակին, ապա նշեմ, որ դա բոլորովին նշանակություն չունի հիվանդության առաջացման և դրսևորման գործում: Մենք տարբերում ենք էքստրովերտ և ինտրովերտ անձի տեսակները: Ինտրովերտները առավել ձգտում են մենակության, պասիվության, ստեղծագործականության,սակայն երբեք չի կարելի շփոթել այն դեպրեսիվ վիճակի հետ: Նման տարբերակով անձը ինքնադրսևորվում է, այդպես է նա ստանում իր ռեսուրսները՝ հետագա առողջ կենսագործունեության համար: Էքստրավերտ տեսակը առավել ձգտում է ակտիվ շփման, դինամիկայի, սակայն միևնույն ժամանակ էլ կարող է ունենալ դեպրեսիվ հիվանդություն:

Ո՞րոնք են դեպրեսիայի պատճառները:

Դեպրեսիա կարող է առաջանալ կորստից, ցավից, սթրեսային և տրավմատիկ(ֆիզիկական և հոգեբանական) իրավիճակներից: Ինչպես նաև ֆրուստրացիաներից, հիասթափությունից, անհաղթահարելի թվացող իրավիճակներից: Ցանկացած խրոնիկ հիվանդություն զուգակցվում է դեպրեսիայով:

Ի՞նչպես մեղմել աշնանային դեպրեսիան: 

Լավ կլինի մի նոր զբաղմունք ներառել օրակարգ: Փորձել առավել շատ ակտիվ կենսակերպով զբաղվել: Պահել օրվա ռեժիմը, խրախուսել սեփական անձը հաճելի որևէ գործունեությամբ՝ սկսած համեղ ուտեստից, մինչ ընկերների հետ ժամանցը: Արևոտ ժամերին լավ կլինի զբոսնել դրսում: Եվ հիշենք, որ եղանակը մեր ներսում է, մենք ենք այն ստեղծում, չկան վատ և լավ եղանակներ: Եվ նույնիսկ ամենամռայլ և անձրևոտ օրերին կարելի է ջերմանալ մեր վառ էմոցիաներով, ներդաշնակ տրամադրությամբ և ինչու չէ նաև վայելել եղանակը մի գավաթ համեղ թեյի ու սիրելի գրքի ընկերակցությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ