Գլխավոր էջ Օրվա թեման «ԱՐՅՈՒՆՈՏ ՔՐՈՆԻԿՈՆ»․ «գլխակեր» որոշումների զոհերը

«ԱՐՅՈՒՆՈՏ ՔՐՈՆԻԿՈՆ»․ «գլխակեր» որոշումների զոհերը

831
0

Կորոնավիրուսի ի հայտ գալուն պես մարդկանց առօրյան ամբողջությամբ փոխվեց, սկզբնական շրջանում իրավիճակը խուճապային էր, մարդիկ չգիտեին՝ ինչպե՞ս վարվել, ինչպե՞ս անցկացնել առօրյան, որպեսզի չվարակվեն։ Անորոշ էին մոտեցումները նաև պետական մասշտաբով։ Մինչ հնչում էին տարբեր հակասական կարծիքներ,պանդեմիան բուռն կերպով տարածվեց ու 3000-ից ավելի մարդու մահվան պատճառ դարձավ։

Մի պահ հիշենք  պատկան մարմինների ներկայացուցիչների կողմից հնչող հակասական հայտարարությունները, որոնք մարդկանց գցում էին շփոթության մեջ․

2020-04-14

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ (առողջապահության նախկին նախարար)․ «Ես նորից եմ կրկնում, որ կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վարակ չէ: Հատուկ վտանգավոր վարակները հայտնի են մեզ իրենց 50 տոկոս մահացությամբ, և զարմանում եմ, որ իմ այս բացատրությունը բազմիցս տրված, նորից հարցեր է առաջացնում: Ինչ վերաբերում է հատուկ միջոցառումներին, ես նկատի եմ ունեցել հատուկ վարակներին բնորոշ հատուկ միջոցառումները, ինչը չի նշանակում, թե միջոցառումներ չեն արվել, որոնց մասին խոսում ենք հունվարի վերջից: բոլոր պատշաճ և կիրառելի միջոցառումները իրականացվել են»,-ասել էր Թորոսյանը:

31.01.2020

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ․ «Այս պահին բժշկական դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, եթե լինի, մենք կոչով հանդես կգանք։ Այդ միջոցառումն անելու հիմնավորվածություն դեռ չունենք, սակայն ընդհանրապես վարակների կանխարգելման համար անհրաժեշտ է կատարել տարբեր միջոցառումներ՝ սկսած օճառով հաճախակի ձեռքերի լվացումը, հիվանդ մարդկանց հետ՝ խոսքը սուր շնչառական հիվանդությունների մասին է, շփման մաքսիմալ քչացումը»,- ասաց Թորոսյանը։

11 Հունիս, 2020
«Ես չէի անդրադառնա այդ հարցին, եթե նման մտքեր չլսեի նաև մեր գործընկերների կողմից։ Ուզում եմ այսօր անկեղծ լինել ձեզ հետ և միգուցե նաև ներողություն խնդրեմ որոշ սխալների համար, որոնք կամա թե ակամա տեղի են ունեցել․․․

Այն ժամանակ 2 հանգամանք կար, երբ ես ասում էի, որ փողոցում դիմակ կրելը պարտադիր չէ։ Մի հանգամանքը դիմակների համաշխարհային դեֆիցիտն էր և պետք էր, որ այդ դիմակները հասնեին բուժաշխատողներին և սովորական մարդիկ ավելի քիչ խոցելի էին այդ ժամանակ։ Երկրորդ հանգամանքը՝ այդքան էլ հայտնի չէր, թե բաց կամ փակ տարածքներում դիմակ կրելը ինչ ազդեցություն էր թողնում այդ հիվանդության տարածման տեսանկյունից։ Հիմա այդ ամենը հայտնի է, և մենք չենք կարող հենվելով մեր այն ժամանակվա գիտելիքի վրա, որը փոխվել է, չանենք ճիշտ քայլերը։ Այդ ժամանակ մենք ամենաաններելի սխալը գործած կլինեինք։

Արսեն Թորոսյանը նաև նշել էր, թե դիմակները այստեղ ունեն ոչ թե օդային ճանապարհով վարակը կանխարգելելու այլ հիմնականում օգնում են, որպեսզի մենք մեր ձեռքը պատահաբար, անգիտակցորեն չմոտեցնենք մեր շուրթերին կամ քթին, աչքերին․․․

2020թ-ի Մարտի 1-ին հրավիրված ասուլիսի ընթացքում Թորոսյանը հայտնել էր, որ դիմակ կրելու իմաստ չկա։

«Ինչ վերաբերվում է պաշտպանիչ միջոցների սխալ օգտագործմանը, իհարկե դա ցավալի է, բայց նորից եմ կրկնում, չկա իմաստ, որովհետև հենց հիմա Իտալիայից եկող ուղևորներից կարող է 10-ը կրի դիմակ 90-ը չկրի դիմակ, և միևնույնն է չկա նրանց մեկուսացնելու կարիք։ Եթե մենք պետք է դիմակը սխալ կրելու պատճառով որևէ մեկին մեկուսացնենք, մենք պետք է մեկուսացնենք ամբողջ ուղևորահոսքի Հայաստանի Հանրապետություն, թե՛ ցամաքային, թե՛ օդային»։

Ի դեպ՝ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը հաստատվեց փետրվարի 28-ին, Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ Այս ժամանակ մեր երկրում արտակարգ դրություն դեռ հաստատված չէր ու սահմանները բաց էին։ Բայց արի ու տես, որ վարակի տարածման ամբողջ «կուժն ու կուլան» մեկ հոգու «գլխին բարդվեց»։ Մարտի 16-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների, ավելի ճիշտ բացահայտված հիվանդների թիվը 30 էր։ ՀՀ իշխանությունները, պատասխանատու կառույցները կորոնավիրուսի թեմայով, վարակվածների թիվը ավելացնելու հայտարարությունները սկսում էին հատուկ շեշտելով, որ վարակվածը Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանդրեքի մասնակիցներից է, կամ՝ շրջանակից։ Կորոնավիրուսով վարակվածը գործարարի կին էր, ով Իտալիայից վերադարձել էր փետրվարի վերջին։ Նա Իտալիա էր գնացել հարսանեկան զգեստը բերելու համար։ Արարողությունից հետո նշանդրեքի բոլոր մասնակիցները՝ այդ թվում կնոջ ընտանիքի անդամները մեկուսացվել էին։ Ու որպես  կորոնավիրուսի բռնկման գլխավոր աղբյուր, ամիսներ շարունակ «քարկոծվում էր» այդ կինը, ում, ի դեպ՝ չէին  թեստավորել։ Բայց այսպես, թե այնպես, համավարակի հենց սկզբնական փուլում մեր երկրում սահմանային վերահսկողություն չի եղել ու սահմանները չեն փակվել, ուստի վարակը ցանկացած տարբերակով կարող էր ներթափանցել մեր երկիր։ Արտակարգ դրություն Հայաստանում սահմանվեց մարտի 16-ից։ Իսկ համավարակը զարգանում էր արդեն փետրվարից։

ԴԻՄԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բոլորս մինչ այսօր հիշում ենք առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հորդորները դիմակներ կրել-չկրելու մասով․ «Վիրուսը շատ ավելի փոքր է, քան այդ դիմակների մեջ եղած անցքերը։Սովորական բժշկական դիմակ կրելու իմաստ չկա, եթե վարակակիր կամ բուժաշխատող չես»,- հավելել էր նախարարը, և միաժամանակ խորհուրդ տվել, որ այնուամենայնիվ դիմակ կրելիս նախապատվություն պետք է տալ N95 կամ FFP3 հաստության դիմակներին։․․․

Մարտի 19-ի ասուլիսի ընթացքում հնչեցված այս հայտարարությունից օրեր առաջ՝ մարտի 1-ի կայացած ասուլիսի ընթացքում, Թորոսյանը հայտնել էր, որ համաշխարհային դիմակների դիֆիցիտ կա, և հայ գործարարներին կոչ էր արել զբաղվել դիմակների արտադրությամբ։ Իսկ երբ նախարարի կոչին ի պատասխան շուկայում սկսեցին հայտնվել հայկական արտադրությամբ դիմակներ, «Նորք» ինֆեկցիոն կլինիկան հանդես եկավ հայտարարությամբ, և կոչ արեց ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակներ չկրել, քանի որ ինչպես նշված էր հայտարարության մեջ, բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, պետք է համապատասխանի արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։

Ապրիլի 6

«Հայաստանում, սկվել են դիմակներ կարվել արդեն մի քանի արտադրամասերում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ամերիկյան հիվանդությունների կանխարգելման կենտրոնները որոշել են խորհուրդ տալ կրել նաև տնային պայմաններում պատրաստված դիմակներ, ինչպես նաև կտորե դիմակներ։ Իհարկե մի պայմանով, որ դրանք պարբերաբար կթարմացվեն, խոսքը տնային պայմաններում պատրաստված այն դիմակների մասին է, որոնք կտորից չեն, կամ կլվացվեն շատ բարձր ջերմությամբ ջրով և հատուկ նյութերով՝ լվացքի փոշի և այլն, և կօգնեն մարդկանց որպեսզի նրանք առօրյայում շփվելիս պարզապես չդիպչեն քթին, բերանին, աչքերին»,-ասել էր Թորոսյանը․․․

Կարծիքները հակասական էին ու բնականաբար մարդկանց մոտ «շիլաշփոթ էր» լինելու, որովհետև չկար գեթ մեկ հոգի, ով «ձեռքը կխփեր սեղանին» ու հստակ դիրքորոշում կհայտներ։ Մարդկանց մնում էր մի բան, փնտրել ճանապարհներ, դիմակ չկրել, կամ այն միայն բերանի հատվածում կրել ու չտուգանվել։ Մարդիկ ակամայից ֆիքսվեցին ոչ թե առողջության պահպանման, այլ չտուգանվելու վրա։

Մարդկանց դուխն էլ հարյուրապատկվեց, երբ լսեցին վարչապետի՝ մարտի 1-ի  կոչը․

-«Դուխով, ժողովուրդ ջան։ Կորոնավիրուսը ու՞մ շուննա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ որ պրոբլեմներ առաջացնի։ Բայց, իհարկե, պետք է զգոն վերաբերվել, անլուրջ չվերաբերվել և հաղթել»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Այսօր արդեն ունենք հետևյալ պատկերը․

․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 187441 դեպքի

․ մահացածների թիվը 3416 է․․․ու դեռ վարակվածության թիվն աճում է, մահերն էլ կրկնապատկվում ու եռապատկվում․․․

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ