Գլխավոր էջ Օրվա թեման Հնարավո՞ր է ծննդաբերել առանց ցավի

Հնարավո՞ր է ծննդաբերել առանց ցավի

988
0

Այսօր ի համեմատություն 10 կամ 15 տարի առաջվա ծննդաբերության համար ստեղծված են լավագույն պայմանները։ Հնարավոր է անգամ ծննդաբերել ամբողջովին անցավ․ այն կոչվում է էպիդուրալ անզգայացում։

Թեմայի շուրջ Medmedia.am-ը զրուցել է գինեկոլոգ Անի Երեմյանի հետ ու փորձել պարզել արդյո՞ք այն անվտանգ է ու թույլատրելի է բոլոր ծննդկաններին։

«Ծննդաբերությունը ցավերով ուղեկցվող գործընթաց է, ուստի կարևոր է, որ դուք իրազեկված լինեք ծննդաբերության ցավազրկման մեթոդների մասին։ Ցավի նվազեցումը ծննդաբերության ժամանակ ընտրության հարց է: Ընտրել բնական ծննդաբերություն, թե՞ նախապատվություն տալ դեղորայքով աջակցման: Այս հարցն ունի անհատական և իրավիճակային պատասխան` հաշվի են առնվում մի շարք գործոններ: Ընդ որում առաջատար որոշիչ գործոնը հենց ծննդկանի ցանկությունն է:Այսօր էպիդուրալ անզգայացումն անվտանգ է , այնուամենայնիվ կանայք մեծ մտահոգությամբ են վերաբերվում դրան: Էպիդուրալ անզգայացումը` տեղային ռեգիոնար անզգայացման տարատեսակ է: Էպիդուրալ անզգայացման տեղակայումը ողնաշարի շրջանն է: Տեխնիկապես կատարվում է ողնաշարի շրջանում: Նախապես կատարվում է մաշկի և ենթամաշկի տեղային ցավազրկում, որպեսզի հիվանդը չզգա հիմնական սրսկման ցավը կամ ազդեցությունը»,-նշեց մեր զրուցակիցը:

Բացի այս մեթոդից ծննդկանը կարող է օգտվել օժանդակող ոչ դեղորայքային ցավազրկող միջոցներից, օրինակ՝ նյարդի միջմաշկային էլեկտրական խթանումից։

Նյարդի միջմաշկային էլեկտրական խթանումը (անգլերեն՝ transcutaneous electrical nerve stimulation կամ կրճատ՝ TENS) արդյունավետ չէ ծննդաբերության ակտիվ շրջանում ։ Դրա փոխարեն, եթե դուք գնել կամ վարձակալել եք TENS սարքը, ապա կարող եք ծննդաբերության վաղ փուլերում մինչև ծննդատուն այցելելը ձեր տանը մեղմացնել առկա ցավերը։

Սարքի էլեկտրոդները ամրացվում են ձեր գոտկատեղին և միացվում է մարտկոցով աշխատող սարքը (ստիմուլյատոր)։ Սարքը միացնելուց հետո դուք կարող եք տեղաշարժվել, օրինակ՝ շրջել սենյակում։

Համարվում է, որ ստիմուլյատորը խթանում է ձեր օրգանիզմի կողմից բնական ցավազրկողների ավելի մեծ քանակների արտադրությունը (օրինակ՝ «էնդորֆիններ»): Ստիմուլյատորի օգնությամբ կրճատվում է նաև դեպի ուղեղ փոխանցվող ցավային ազդանշանների քանակը։

Սակայն էպիդուրալ անզգայացման միջոցով ծննդկանը կարող է ծննդաբերության ամբողջ ընթացքում ոչինչ չզգալ, միայն հետևել բժշկի ցուցումներին և այդպիսով, առանց ցավի լույս աշխարհ բերել փոքրիկին։

«Գոտկային հատվածում կատարվում է սրսկում, ներարկվում է տեղային անզգայացնող նյութ: Ողնաշարի շրջանում տեղադրվում է էպիդուրալ կատետր, հիվանդն ընդունում է ֆիզիոլոգիական դիրք ,հնարավոր է, կատետրի միջոցով լրացուցիչ ցավազրկում ապահովել` խուսափելով ավելորդ ծակոցներից: Նրա նպատակը ծննդաբերական ուղիներից դեպի ուղեղ ցավային ազդանշանները փոխանցող նյարդերը թմրեցնելն է։ Կանանց մեծ մասի համար էպիդուրալ ցավազրկումը կարող է լիարժեք կերպով հանել ծննդաբերական ճիգերին ուղեկցող ցավերը։ Էպիդուրալ ցավազրկման միջամտությունը իրականացվում է անեսթեզիոլոգի կողմից միայն հիվանդանոցային պայմաններում:

Էպիդուրալ անզգայացման առավելությունն այն է, որ բացարձակ ազդեցություն չի ունենում թե՛ պտղի, թե՛ հղի կնոջ վրա»,-նշեց գինեկոլոգը:

Ծննդաբերական ցավերը մեղմացնելու մեկ այլ տարբերակ է ազոտային օքսիդի կիրառումը։

Սա թթվածնի և ազոտային օքսիդի խառնուրդն է, որը լիարժեք ցավազրկում չի ապահովում, սակայն օգնում է ձեզ, որ ավելի հեշտությամբ հաղթահարեք ճիգերին ուղեկցող ցավերը։

Ծննդկանը  շնչում է գազաօդային խառնուրդը դիմակի կամ բերանի խողովակի միջոցով։ Շնչելուց հետո ազդեցությունը սկսվում է 10-20 վրկ անց, ուստի դուք կարող եք շնչել գազաօդային խառնուրդը քանի դեռ ձեր ճիգերը չեն դարձել ցավոտ։

Ցավազրկման մեկ այլ տեսակ է ցավազրկող դեղերի (օրինակ՝ պեթիդին կամ դիամորֆին) միջմկանային ներարկումը, որը մեղմացնում է ցավերը և օգնում  թուլանալուն։ Կատարվում է միջմկանային ներարկում, որից հետո ցավազրկող ազդեցությունը սկսվում է 20 րոպեի ընթացում և տևում 2-4 ժամ։ Սակայն, եթե պեթիդինը կամ դիամորֆինը ներարկվում են ծննդաբերությունից ոչ շատ առաջ, ապա կարող են ազդել նորածնի շնչառության վրա կամ  ազդել կրծքով կերակրման վրա։

Այդուհանդեձ, ընտրությունը կոնջն է, կան կանայք, ովքեր ցավազրկման ոչ մի մեթոդից չեն օգտվում և «ցավ քաշելով» լույս աշխարհ են բերում իրենց փոքրիկին։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ