Գլխավոր էջ Հարցազրույցներ Անհանգիստ  ոտքերի համախտանիշ․ վիճակ, որն ազդում է կյանքի որակի վրա

Անհանգիստ  ոտքերի համախտանիշ․ վիճակ, որն ազդում է կյանքի որակի վրա

6565
0

Անհանգիստ  ոտքերի համախտանիշը բավականին հաճախ հանդիպող վիճակ է, որը դժվարացում է քուն մտնելը և ուղեկցվում է տհաճ զգացողություններով։

Հիվանդության առաջացման պատճառների, տարածվածության և բուժման եղանակների մասին MedMedia-ի հետ զրույցում խոսեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի նյարդաբան Նելլի Խլղաթյան։

-Ի՞նչ պետք է իմանալ անհանգիստ ոտքերի համախտանիշի մասին

Այն մի վիճակ է, որը բնորոշվում է ստորին վերջույթներում տհաճ զգացողություններով։ Հիմնականում սրունքի շրջանում է նկատվում, երբեմն ոտնաթաթերում, ուղեկցվում է այրոցի ծակոցների, մրմռոցի, ճմլման տարազգայնություններով։ Հիմնականում սուր արտահայտման ձևեր է ունենում հանգստի ժամանակ՝ նստած կամ պառկած դիրքերում։ Հաճախ հանդիպում է երեկոյան ժամերին։ Պիկին է հասնում հատկապես գիշերը 12-4-ի միջակայքում, իսկ ցավերը մեղմանում են լուսադեմ 6-ից 10-ի ընթացքում։

-Անհանգիստ ոտքերի համախտանիշի քանի՞ տեսակ ենք տարբերում և ո՞րոնք են դրա առաջացման հիմնական պատճառները․

Տարբերում ենք անհանգիստ ոտքերի համախտանիշի 2 տեսակ։ Առաջինը անհայտ պատճառի իդիոպաթիկ տեսակն է, որը հանդիպում է 50 տոկոս դեպքերում և  ինչև 30 տարեկան մարդկանց շրջանում։ Հիմնականում որևէ պատճառ չի լինում․ այլ ունի  ժառանգական նախատրամադրվածություն։ Եվ  դեպքերի մյուս մասը համարվում են երկրորդային կամ սիմպտոմատիկ, որն արդեն ուղեկցվում է որոշակի պատճառով։  Սրա հիմքում ընկած է կամ նյարդաբանական որևէ հիվանդություն կամ սոմատիկ՝ օրգանական խնդիր։ Պատճառների թվում կարելի է նշել երկաթի, B խմբի վիտամինների պակասը։ Նաև հիմնական պատճառներից են առաջնային հիվանդությունների առկայությունը՝ վահանաձև գեղձի և՛ թերֆունկցիան, և՛ գերֆունկցիան։ Ստորին վերջույթների անոթների խցանող հիվանդությունները, վարիկոզ հիվանդությունը, շաքարային դիաբետը, ալկոհոլիզմը։  Հղիների մոտ  հանդիպում է մոտ 20 տոկոս դեպքերում, իսկ երկրորդ և երրորդ  եռամսյակում ավելի հաճախ։

-Ո՞ր նշաններն են հուշում հիվանդության մասին

Արտահայտվում է տհաճ զգացողություններով հատկապես սրունքի մկանների շրջանում։ Զգացողություններն ամենատարբեր բնույթի կարող են լինել՝ ծակող, սեխմող, ձգող և այլն։ Թվարկվածները հիվանդին անընդհատ ստիպում են ոտքերով անկանոն շարժումներ անել, որտեղից էլ առաջացել է անվանումը։

-Առօրյայում ի՞նչ դժվարությունների կարող են բախվել  այս համախտանիշով հիվանդները։ 

Անընդհատ ոտքի շարժումները բերում են քնի խանգարման և պետք է նշել, որ  մարդկանց   մոտ քնի խանգարման 15 տոկոսը պայմանավորված է հենց այս համախտանիշով։ Հիվանդները ցերեկային ժամերին ավելի քնկոտ են դառնում և շուտ են հոգնում, քանի որ գիշերային անքնությամբ են տառապում։

Բացի այդ տհաճ զգացողությունը ստիպում է հիվանդին անընդհատ անկանոն շարժումներ անել։ Նման հիվանդներին շատ դժվար է գնալ կինոթատրոն, նստել ինչ-որ մի տեղում, որովհետև հիվանդությունը ստիպում է անընդհատ ոտքերը շարժել։ Հանգիստ կամ պառկած վիճակը սաստկացնում է տհաճ զգացողությունները։

Բացի այդ կան մի շարք դեղեր, որոնք հանգեցնում են համախտանիշի առաջացմանը։ Դրանցից են օրինակ  հակադեպրեսանտները։ Բժիշկի համար շատ կարևոր է նաև պարզել՝ վնասակար սովորություններից բացի արդյո՞ք տվյալ պացիենտը  օգտագործում է ինչ որ խմբի դեղորայքներ, թե ոչ։

-Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել անհանգիստ ոտքերի համախտանիշը․

Նախ պետք է հասկանալ, թե որ հիվանդությունն է հանգեցրել անհանգիստ ոտքերի համախտանիշի։ Եթե մենք ունենք առաջնային պատճառ, վտանգ կարող է հանդիսանալ վերը նշված հիվանդություններին լուծում չտալը։ Անհանգիստ ոտքերի համախտանիշը որևէ հիվանդության հետևանք է։ Իսկ առաջնային տեսակը, որը ինչպես նշեցինք անհայտ պատճառներով է զարգանում և առանց որևէ հիվանդության հետևանքով։ Հիվանդությունը կյանքի տևողության վրա չի ազդում․ բայց ազդում է կյանքի որակի վրա։

-Բուժումն ինչպե՞ս է իրականացվում․

Եթե կա առաջնային պատճառ կատարվում է դեղորայքային  և առանց դեղերի բուժում։ Ոչ դեղորայքային մեթոդներն են ջրային տաք լոգանքները, վիբռոմասաժները, երեկոյան զբոսանքը, ալկոհոլի և կոֆեինի սահմանափակումը և առողջ ապրելակերպը։ Դեղորայքային բուժման մեջ ներառված են դեղերի հատուկ խմբեր։ Դրանք դոֆամինէրգիկ դեղամիջոցներ են և երկրորդը անունով կոչվում են հակացնցումային դեղեր, որոնք զգալիորեն թեթևացնում են հիվանդության ընթացքը։ Ամեն դեպքում կառավարելի խնդիր է և հնարավոր է բուժել   նշված միջոցներով։

Բացի դեղորայքային բուժումներից շատ կարևոր է նաև հիվանդի ուշադրությունն ու ճիշտ ապրելակերպը։  Հաճախակի զբոսանքը և սպորտով զբաղվցելը  շատ կարևոր բաղադրիչներ են հիվանդության կանխարգելման և նվազեցման համար։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ