Գլխավոր էջ Օրվա թեման Սեքս կա՝ օրգազմ չկա․ կնոջ ամաչկոտություն, որը «կյանք» է արժենում

Սեքս կա՝ օրգազմ չկա․ կնոջ ամաչկոտություն, որը «կյանք» է արժենում

3418
0

Օրգազմի բացակայությունը կանանց առողջությանը սպառնացող վտանգներից է։ Օրգազմի բացակայությունը՝ անօրգազմիան, կանանց սեռական առողջության առանցքային խնդիրներից է: Հաճախ այն  պայմանավորված է լինում հոգեբանական  գործոններով:

Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է ՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ , սեքսոլոգիայի  ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ։ Ըստ մասնագետի՝ անօրգազմիայի դեպքում սեքսուալ խթանումը առաջացնում է  գրգռվածություն, բայց օրգազմ լինում է կամ հազվադեպ, կամ բացակայում է  ընդհանրապես:

« Երբեմն կանանց համար սեռական հարաբերությունը պարզապես հաճելի է և  նրանք ունենում են որոշակի հոգեկան հանգստություն՝ առանց օրգազմի: Հաճախ  կանանց մոտ անօրգազմիան անհանգստության, անքնության, ներքին լարվածության,  գլխացավերի, որովայնի ստորին հատվածի շրջանում ցավի, զուգընկերոջ հետ  գերդրդվածության  առաջացման պատճառ է դառնում»,-ասաց սեքսապաթոլոգը:

Մասնագետը նշեց, որ սկզբնական շրջանում նման  ախտանիշները ի հայտ են գալիս միայն անմիջապես սեռական ակտից հետո, իսկ  հետագայում կարող է առաջացնել նևրոտիկ խանգարումներ կայուն ախտանիշներով: Ի  հայտ է գալիս զուգընկերոջ հանդեպ սառնություն, հաճախ են լինում  կոնֆլիկտային իրավիճակներ, մինչև անգամ փախուստ սեռական մերձեցումից:

«Տևական անօրգազմային վիճակը հետագայում կարող է առաջացնել փոքր կոնքում  կանգային երևույթներ, որն էլ հիմք է հանդիսանում բորբոքային երևույթների  համար:  Այդ պատճառով անհրաժեշտ է նշված երևույթներից խուսափելու համար ճիշտ  ժամանակին դիմել սեքսոպաթոլոգի: Երբեմն կանայք դիմում են ոչ կոմպետենտ բժիշկների, որոնց մասնագիտությունը սեռական ոլորտը չէ, և չբուժվելով` կորցնում են հավատը բժիշկների նկատմամբ: Կանանց օրգազմի խանգարումները բուժվում են մեծ արդյունավետությամբ, նույնիսկ, երբ խանգարման հիմքում ընկած են խորը հոգեբանական խնդիրներ»,-ասաց մեր զրուցակիցը:

Վրեժ Շահրամանյանը նշեց, որ հաճախ սեքսուալ կյանքում դժգոհ կանայք նույնիսկ չեն էլ փորձում զուգընկերոջ հետ զրուցել իրենց գաղտնի ցանկությունների մասին` վախենալով նրան վիրավորել կամ բարկացնել: Ինտիմ զրույցը հետաձգում են մի շաբաթով, ամսով, տարով։

«Եվ իզուր, որովհետև հոգու խորքում այդ ընթացում կուտակվում են չիրականացված ցանկությունները, թաքնված վիրավորանքները, իսկ այդ ամենը ձեր սիրո աշունը գարուն չի դարձնում: Սերը ենթադրում է փոխգործակցություն, հետևաբար, հաճույքը պետք է ստանան երկու զուգընկերներն էլ: Եվ եթե քնքուշ հպումները, ամաչկոտ ակնարկներն ու խոսուն հայացքները չեն բավականացնում միմյանց հասկանալու համար, ուրեմն ժամանակն է ամեն ինչի մասին խոսել անկեղծ ու շիտակ` առանց ամաչելու ու շիկնելու»,-հորդորեց Շահրամանյանը:

Ապացուցված գիտական փաստ է` այն կանայք, որոնք չեն ամաչում բացեիբաց ասել զուգընկերոջը իրենց ինտիմ ցանկությունների մասին, ավելի հեշտությամբ են օրգազմի հասնում և միանգամայն գոհ են իրենց սեռական կյանքից:

«Կանանց զգալի մասը սեռական մերձեցման ժամանակ օրգազմ չի ապրում: Սակայն կինը, նույնիսկ հեշտանքի բացակայության դեպքում, կարող է մերձեցումից ստանալ խորը հոգեկան բավարարվածություն: Կնոջ սեքսուալության առանձնահատուկ նախապայման է տղամարդու կողմից կնոջ հոգեբանական նախապատրաստումը սեռական հարաբերությանն այնպես, որ կինը կարողանա ստանալ լիակատար սեռական բավարարվածություն: Այդ կապի մեջ չի կարելի թերագնահատել նախնական փաղաքշանքների դերը, հատկապես, եթե կնոջ սեքսուալությունը դեռևս չի արթնացել»,-ասաց նա:

Վրեժ Շահրամանյանի հավաստմամբ՝  մեծ նշանակություն ունեն էրոգեն գոտիները, այսինքն` մարմնի այն մասերը, որոնց գրգռումն առաջացնում է սեռական դրդվածություն:

«Հատկանշական է, որ կնոջ մոտ, ի տարբերություն տղամարդու արտասեռական էրոգեն գոտիները ձեռք են բերում մեծ նշանակություն, երբեմն նույնիսկ գերազանցում են սեռականին: Կանանց մոտ էրոգեն գոտի կարող է լինել մարմնի ցանկացած մասը, ընդ որում, մարմնի որևէ մասի գրգռումը կարող է սեռական գրգռում առաջացնել որոշ կանանց մոտ, իսկ ոմանց էլ նույն մասի գրգռումը կարող է տհաճություն պատճառել»,-սահմանափակեց Շահրամանյանը:

Սյուզի Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ