Գլխավոր էջ Օրվա թեման Սեքս՝ առանց օրգազմի․ երևույթ, որը «սպանում է» կնոջը

Սեքս՝ առանց օրգազմի․ երևույթ, որը «սպանում է» կնոջը

4962
0

Գրականության տարբեր աղբյուրներում կարդում ենք սեռական հարաբերությունների կարևորության մասին, իսկ դրա բացակայությունը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների զարգացման։ Հատկապես, օրգազմի բացակայությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ կնոջ նյարդային համակարգի և ողջ օրգանիզմի վրա։

Medmedia.am-ի հետ զրույցում ՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ , սեքսոլոգիայի  ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ կանանց կողմից ամենահաճախ ներկայացվող սեռական գանգատը օրգազմի խանգարումն է:

«Հայաստանում սեռական խանգարումների տարածվածության վերաբերյալ վիճակագրական ստույգ տվյալներ դեռեւս չկան: Վերլուծելով ներկա իրավիճակը՝ կարելի է ասել, որ այցելուների ընդհանուր թիվը կրկնակի աճել է: Ըստ մեր կլինիկա դիմողների՝ կարելի է եզրակացնել, որ այցելուների մոտավորապես 25%-ը կանայք են, 25%-ը՝ ամուսնական զույգեր, 50%-ը՝ տղամարդիկ: Դիմող կանանց գրեթե 55%-ն ունի oրգազմի խնդիր: Այնուհետև սեռական բավարարման բացակայութունը, սեռական ցանկության նվազումը, ցավը սեռական հարաբերությունների ժամանակ, սեքսուալ ֆոբիաները և այլն»,-նշեց մասնագետը:

Շահրամանյանի գնահատականներով՝ անօրգազմիան կնոջ օրգազմի մշտական կամ պարբերական բնույթ ունեցող խանգարումն է: Տարբերվում են օրգազմի առաջնային և երկրորդային խանգարումներ: Առաջնային անօրգազմիա ունեցող կինը երբևէ օրգազմ չի ապրել, իսկ երկրորդային անօրգազմիա ունեցողը նախկինում առանց որևէ դժվարության հասնում էր օրգազմի, բայց ժամանակի ընթացքում ինչ-որ պատճառով կորցրել է այդ ունակությունը:

«Անօրգազմիայով տառապող կանայք ունեն սեռական ցանկություն, հետաքրքրված են տղամարդկանցով և սեռական կյանքով, ընդունակ են էրոտիկ հաճույք զգալու, սիրախաղի ժամանակ նրանք ի վիճակի են գրգռվելու, նրանց հեշտոցը խոնավանում է՝ իբրև սեռական գրգռմանը տրվող պատասխան ռեակցիա: Ի տարբերություն տղամարդկանց, որոնց մեծ մտահոգություն են պատճառում պոտենցիայի հետ կապված խնդիրները, շատ կանայք անտարբեր են оրգազմի բացակայության նկատմամբ: Շատերը նույնիսկ կարծում են, որ կնոջ համար օրգազմ ապրելը բոլորովին էլ պարտադիր չէ, քանի որ հղիանալ ու երեխա ունենալ կարելի է և առանց օրգազմի»,-նշեց Վրեժ Շահրամանյանը:

Չնայած այս ամենին, օրգազմի տևական բացակայությունը կարող է բացասական ազդեցություն  ունենալ կնոջ նյարդային համակարգի և ողջ օրգանիզմի վրա․

« Վերջինիս բացակայությունը կարող է նևրոզների, սեռական ցանկության, ինչպես նաև բազմաթիվ այլ հիվանդությունների պատճառ դառնալ: Կանանց օրգազմի խանգարումները երբեմն լինում են որոշ հիվանդությունների (ծլիկի բնածին  անոմալիաների, հորմոնային խանգարումների, շաքարային դիաբետի և այլն) կամ դեղերի (օրինակ, հակադեպրեսանտների կամ ճնշման դեղերի) կողմնակի ազդեցության հետևանք և հիմնականում ունեն զուտ հոգեբանական արմատներ»,-նշեց մեր զրուցակիցը:

Վրեժ Շահրամանյանի հավաստմամբ՝ անօրգազմիայի պատճառներից են սեռական դաստիարակության կոպիտ սխալները, ընտանեկան հակասեքսուալ մթնոլորտը:

Կանանց անօրգազմիայի պատճառ կարող է լինել նաև այն, որ շատ տղամարդիկ հոգում են միայն իրենց հաճույքի մասին և նույնիսկ չեն էլ աշխատում բավարարել կանանց: Կնոջ օրգազմին կարող է խանգարել նաև տղամարդու կոպիտ վերաբերմունքը:

Ապացուցված գիտական փաստ է` այն կանայք, որոնք չեն ամաչում բացեիբաց ասել զուգընկերոջը իրենց ինտիմ ցանկությունների մասին, ավելի հեշտությամբ են օրգազմի հասնում և միանգամայն գոհ են իրենց սեռական կյանքից:

«Կարևորը` մտքերդ հստակ արտահայտելն է: Բազմաթիվ կանայք իրենց սեռական խնդիրները գաղտնի են պահում, քանի որ ընդունված չէ սեռական խնդիրների մասին խոսել: Ոմանք էլ բժշկին դիմելու փոխարեն դիմում են կախարդներին ու բախտագուշակներին, զբաղվում են հարևանաբուժմամբ»:

Մասնագետը խորհուրդ է տալիս,  սեռական կյանքում առաջացած խնդիրների պարագայում ճիշտ ժամանակին ճիշտ մասնագետին դիել և չամաչել խնդիրների մասին խոսել, թե՛ բժշկի, թե՛ ամուսնու հետ։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ