Գլխավոր էջ Օրվա թեման Ծեծը և բռնությունը կնոջը «դաստիարակելու» լավագույն մեթո՞դ

Ծեծը և բռնությունը կնոջը «դաստիարակելու» լավագույն մեթո՞դ

1064
0

Ընտանեկան բռնությունը ոչ միայն Հայաստանում է արդիական խնդիր, այլև ողջ աշխարհում։ Մեր երկրում օրենքի ուժով դեռևս չի հաջողվում լուծել այս խնդիրը։ Ինչպես ֆիզիկական ու սեռական բռնության ենթարկված կանանցից շատերն են փաստում՝ «Կին են պետք է լռեն» ու շարունակեն կրել ծեծի ենթարկվելու անտանելի բեռը։

Ի դեպ՝ Հայաստանում արտակարգ դրության օրերին ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը։ Սա ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է փաստում, այլև հասարակական կազմակերպությունները։ Ի վերջո, կա՞ մեթոդ, որով հնարավոր է օգնել բռնության ենթարկվող կնոջը՝ առանց ապաստարան տեղափոխելու։

Medmedia.am-ի հետ զրույցում հոգեբան Աննա Բադալյանը նշեց, որ անկախ նրանից, թե կինը տնտեսակա՞ն, ֆիզիկակա՞ն, թե՞ սեռական բռնության է ենթարկվում, այդ ամենի կապող օղակը հոգեբանականն է․

«Ամենաբարդը ու վտանգավորը դա հոգեբանական բռնությունն է, որն առկա է բոլոր բռնություններում։ Կինը հոգեբանորեն կորցնում է իր տեսակը, ընկնում է ինքնագնահատականը, նա սկսում է կորցնել ինքն իրեն։ Մասնագիտական աջակցություն չստանալով, սկսվում է ինքնաոչնչացման ճանապարհը»,-նշեց մեր զրուցակիցը։

Հոգեբանը նշեց, որ երկար ժամանակ աշխատել է Հայաստանի Մայրության ֆոնդի «Ընտանեկան բռնության» ծրագրում․

«Մենք ունեինք ապաստարան, կոչվում էր «Մոր և մանկան կենտրոն»։ Այստեղ մեր գերխնդիրն էր՝ գտնել բռնության օջախը ու փորձել հարթել, օգնել մարդկանց, ընտանիքներին,  որպեսզի նրանք շարունակեն կրկին միասին ապրել։ Այն բավականին լավ ծրագիր էր, ֆինանսական խնդիրների պատճառով այն փակվեց, սակայն այդ ընթացքում բավականին շատ ընտանիքների ենք աջակցել»,-ասաց Աննա Բադալյանը։

Հոգեբանը հիմնականում  առերեսվել է ֆիզիկական բռնության դեպքերի․

«Ֆիզիկական բռնության մեջ հոգեբանական բռնության տարրեր կային, երբ խորը ուսումնասիրում ես, հասկանում ես, որ այն և՛ տնտեսական էր, և՛ սեռական, և՛ ֆիզիկական։ Բռնության ենթարկված կանանց հետ աշխատանքը բավականին երկարատև է, միայն բռնության ենթարկվածի հետ չենք աշխատում, նա նաև հասարակության անդամ է ու աշխատանք է տարվում նրան շրջապատողների հետ։ Նրանց հետ աշխատանքը կարող է ձգվել մինչև 6 ամիս, եթե ոչ ավել, տևական աշխատանք է»,-ասաց հոգեբանը։

Բռնության ենթարկված կանայք մասնագիտական աշխատանքից հետո վերագտնում է իրենց, կնոջ ինքնագնահատականը բարձրանում է և բռնությունն ընկալում է, որպես փորձություն, փորձաշրջան․

«Հայ կանայք այս առումով բավականին տրամադրված են, չեն ցանկանում կորցնել ընտանիքը, և փորձում են  շտկել խնդիրները։ Կային կանայք, ովքեր նշում էին՝ միգուցե մե՞նք են մեղավոր, որ ամուսինը ձեռք է բարձրացնում մեր վրա։ Նրանք ցանկանում են հղկել, շտկել խնդիրները։ Երբ իրենք էլ են նպաստում աշխատանքի արդյունավետությանը, բնականաբար արդյունքն էլ ավելի արագ է ստացվում»։

Հոգեբանները նաև աշխատում են բռնարարի հետ․

«Միայն զոհի հետ աշխատելը սխալ է, հարկավոր է հասկանալ այդ բռնությունն իր կողմից ինքնահաստատման ձև է՞, թե՞ ինքն էլ եղել է ժամանակին բռնության ենթարկված։ Սա միջնորդավորված աշխատանք է»։

Ըստ հոգեբանի՝ հարկավոր է բացահայտել ինչումն է խնդիրը։ Կան կանայք, ովքեր նշում են, որ «իմ ընտանիքն է՝ պետք է յոլա գնամ, ո՞ր տղամարդը կնոջը չի խփում»։

«Այստեղ կնոջ հոգեբանական խնդիրների հետ գործ ունենք, կին, ով չի կարողանում ճիշտ կողմնորոշվել , ընտանեկան իրական երջանկության և բռնությամբ ապրելու մեջ։ Այստեղ նա ունի հոգեբանական լուրջ խնդիրներ դեռ մանկությունից եկած, որովհետև չի կայացել նրա տեսակը, կանացիությունը, սեռի խնդիրը , զարգացումը չի ստացվել։ Հայ իրականության մեջ պատճառները տարբեր են։ Հատկապես, երբ ամուսինը միակ աշխատողն է, ֆինանսական ղեկը նրա ձեռքում է, իսկ կինը իր ենթական, այստեղ ոչ միայն ֆինանսական բռնությունն է ի հայտ գալիս, այլև խորը հոգեբանական բռնություն է, կանացի տեսակի ոչնչացում»,-նշեց մեր զրուցակիցը։

Ըստ հոգեբանի, երբ կինը բռնության է ենթարկվում, դրա մասին հարկավոր է բարձրաձայնել․

« ՄԻ՛ վախեցեք բարձրաձայնել, դրանից ձեր ընտանիքը չի քայքայվի, խոսեք նաև ձեր ամուսնու հետ, երկխոսությունը կարող է բերել դրական արդյունքի։ Իսկ, երբ լինի մասնագիտական աջակցություն ընտանիքին, հավատացե՛ք, դուք կհաղթահարեք խնդիրները։ Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք գտնել կոնֆլիկտի օջախը, իսկ դրանից հետո փոխհարաբերություններն ավելի հստակ են լինում»,-սահմանափակեց հոգեբանը։

Ս․ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ