Գլխավոր էջ Գլխավոր Ճիշտ չէ այն տեսկետը, որ ՀՀ-ում միջին բուժանձնակազմի կարիք չկա․ Նարեկ Զեյնալյան

Ճիշտ չէ այն տեսկետը, որ ՀՀ-ում միջին բուժանձնակազմի կարիք չկա․ Նարեկ Զեյնալյան

2077
0

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը facebook-ի էջում գրել է․

«ԱԺ նախորդ քառօրյայի ընթացքում քննարկվել է իմ գործընկերներ Մխիթար Հայրապետյանին, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի կողմից հեղինակած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է փոփոխություն և լրացում կատարել «Կրթության մասին» ՀՀ օրենքում և փոփոխություն կատարել «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում:

Քննարկման ընթացքում մի քանի անգամ անդրադարձ է կատարվել նաև միջին բուժանձնակազի պահանջարկի հարցերին: Քննարկմանը, ցավոք սրտի չեմ մասնակցել, այդ իսկ պատճառով կարևոր եմ համարում ներկայացնել մեր երկրում արձանագրված վերջին զարգացումների մասնագիտական վերծության և միջազգային համեմատության տվյալները, որոնք կոտրում է տարիների ընթացքում ձևավորված կարծրատիպը՝ Հայաստանում առկա միջին բուժանձնակազմի ավելցուկի վերաբերյալ:

2014-2018թթ. ժամանակահատվածում պետական միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թվաքանակն նվազել է շուրջ 2 անգամ, իսկ մասնավորներինը՝ 13%-ով: Դեռ ավելին, առողջապահության համակարգի բնականոն գործունեության համար առանցքային նշանակություն ունեցող բուժքույրական մասնագիտության գծով շրջանավարտների ընդհանուր թիվը նվազել է 50%-ով, մանկաբարձական՝ 131%-ով, իսկ դեղագործական՝ 62%-ով (նկար 1):

No photo description available.

Նման զարգացումները, ուղղակիորեն անդրադարձել են աշխատաշուկայի վրա, հանգեցնելով 5 տարիների ընթացքում առողջապահության համակարգում միջին բուժաշխատողների թվի կայուն էական նվազմանը, ինչպես նաև որակյալ բժշկական օգնության ապահովման համար կարևոր նշանակություն ունեցող բժիշկ/բուժքույր փոխհարաբերության վատթարացմանը: Այսպես, 2014-2018թթ. միջին բուժանձնակազմի թիվը համակարգում նվազել է 9%-ով, Երևանում՝ 6%-ով (նկար 2)։

No photo description available.

Միջազգային տվյալների հետ համեմատությունը ևս վկայում է, որ Հայաստանում ցածր է միջին բուժանձնակազմի թիվը։ Մասնավորապես, Տնտեսական Զարգացման և Համագործակցության Կազմակերպության (ՏԶՀԿ) անդամ 35 երկրների միջին ցուցանիշը կազմում է 8,8 միջին բուժանձնակազմ 1000 բնակչի հաշվով, այնինչ Հայաստանում այն շուրջ 5,5 է։ Դեռ ավելին բժիշկ/բուժքույր փոխհարաբերության Հայաստանյան ցուցանիշը, 2018թ-ին կազմել է շուրջ 1,3, իսկ ՏԶՀԿ երկրներում 2,7 (նկար 3)։
Հայաստանի 600-ից ավելի բնակավայրերում, որտեղ առկա են միայն բուժակ-մանկաբարձական կետեր, հենց միջին բուժանձնակազմն է մարդկանց առողջության պահպանման առանցքային պատասխանատուն և դերակատարը, որն իր աշխատանքով աջակցում է այնպիսի համապետական կարևորություն ունեցող ծրագրերին, ինչպիսինն է, օրինակ՝ իմունիզացիան։

Հաշվի առնելով 1000 բնակչի հաշվով միջին բուժանձնակազմ ցածր մակարդակը, բժիշկ/բուժքույր փոխհարաբերության ՏԶՀԿ երկրների միջին ցուցանիշից 2 անգամ ցածր մակարդակը, ինչպես նաև բուժքույրական մասնագիտության գծով շրջանավարտների թիվը շեշտակի նվազումը՝ ճիշտ չէ այն տեսկետը, որ ՀՀ-ում միջին բուժանձնակազմի կարիք չկա: Դեռ ավելին, այդ կարիքը տարեց տարի ավելի է աճելու, որի արդյունքում տուժելու է նաև բուժօգնության որակը:
Առաջարկում եմ վերանայել միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների նկատմամբ մոտեցումները, իրականացնել կարիքների գնահատում, մարդկային ներուժի վերլուծություն և երկարաժամկետ պլանավորում, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել այդ հաստատությունների դերի և նշանակության բարձրացման ուղղությամբ:

P.S Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը 2020թ.-ը հայտարարել է բուժքրոջ և մանկաբարձուհու տարի»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ