Գլխավոր էջ Օրվա թեման «Հրոս իմ ուժն էր, իմ շունչը, հույսը, թևերը, որ կտրեցին»․հերոսի մայր

«Հրոս իմ ուժն էր, իմ շունչը, հույսը, թևերը, որ կտրեցին»․հերոսի մայր

1924
0

Հիշում ենք․․․Հրաչ Մահտեսյան, ծնվել է 2001թ-ի օգոստոսի 19-ին։

Medmedia.am-ը զրուցել է արցախյան երկրորդ պատերազմում հերոսաբար զոհված Հրաչի մայրիկի՝ Ալմաստի հետ, ով մեզ ներկայացրեց որդու կյանքից որոշ դրվագներ։

«Որդիս սովորել է Շիրակի մարզի, Ախուրյանի շրջանի Ազատան գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում։ Այնուհետև սովորել է Գյումրիի Դոսաֆում, զորակոչվել է բանակ, որպես վարորդ»,-ասաց տիկին Ալմաստը և նշեց, որ երկու եղբայր էին, Հրաչը լքեց երկրային կյանքը, իր կողքին մնաց Անդրանիկը։

Հրաչ Մահտեսյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 23-ին, ծառայել է Սյունիքի մարզի Մեղրիի N զորամասում: Պատերազմի սկզբին նրան տեղափոխել են Ջաբրայիլ:

« Որդիս հաճախ զանգահարում էր մեզ, բայց շատ արագ էր խոսում, ասում էի՝ այ բալա հանգիստ պատմի, բան հասկանամ։ Խոսելուց ասում էր, որ եղբորը՝ Անդոյին շատ է կարոտել, ասում էր՝ մամ, ե՞րբ պետքա գամ ու գրկեմ Անդոյիս։ Վերջին անգամ նրան հունվարի 17-ին էր տեսել ու շատ էր կարոտել»։

Տիկին Ալմաստը պատմեց, որ հոկտեմբերի 9-ին Ջաբրայիլից տեղափոխվելու ժամանակ ԱԹՍ-ն հարվածել է ու ամբողջ վաշտը զոհվել է, բացառությամբ մեկ հոգու։

Մի անգամ, երբ Հրաչը հերթական անգամ զանգահարել է, ասել է՝ կարողացել է խուսափել սնարյադի 2 հարվածից, և վստահեցրել, որ իրեն ոչինչ չի պատահի։

Մայրը պատմելով որդու մասին, նշեց, որ  նա ամեն մեկի հետ չէր շփվում, շատ լուրջ ու հասուն էր:

« Իր խնդիրներն անձամբ էր լուծում, չափից դուրս աշխատասեր էր ու խելացի:Ընտանիքին շատ նվիրված էր Հրաչս, փոքր եղբոր համար ոչ թե եղբայր, այլ հայր է եղել: Շատ նպատակներ ուներ, բայց ապագայում ուզում էր գյուղի սկզբնամասում տուն կառուցել, ասում էր՝ բան չմնաց, հեսա կգամ, տուն կկառուցեմ, որ բոլորն ասեն, էս Հրոյի տուննա»,- նշեց Հրաչի մայրը:

Տիկին Ալմաստը նշեց, որ որդին 19 տարեկան էր, բայց նրա հետ շատ զգույշ պետք է խոսեին․

«Շատ չափված ու ձևված էր։ Չէր սիրում ցինիկ ու լպիրշ բաներ, կոկիկ էր ու մաքուր ամեն մանրուքում։ Տղերքն ասում էին՝ Հրո՛, Էդքան համեստ պետք չի լինել։ Սիրահարվել էր, իրոք սիրում էր, այդ աղջկա ծննդյան օրը նվեր տվեցի, տղաս զարմացավ, որ վերցրել է և ուրախացավ։ Հրոս իմ ուժն էր, իմ շունչը, իմ հույսը, իմ թևերը, որ կտրեցին, Հրոիցս հետո կյանքը կանգնել է․․․»։

Հրաչը հուղարկավորվել է Ազատանում:

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ