Գլխավոր էջ Գլխավոր Ու՞ր անհետացավ նորածինը և ու՞մ երեխայի օրգաններն է փորձաքննության ենթարկվել

Ու՞ր անհետացավ նորածինը և ու՞մ երեխայի օրգաններն է փորձաքննության ենթարկվել

3005
0

Որտե՞ղ է երեխայիս դին․ 2019թ-ի սեպտեմբերից առայսօր Հայկուհի Խաչատրյանն այս հարցի պատասխանն է փնտրում։ 2019 թ-ի սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը իբրև մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Ասում են մահացել է, բայց արի ու տես, որ մայրը երեխայի դին այդպես էլ չտեսավ․․․

Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել, անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, թե նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։ Հայկուհին ոստիկանների ներկայությամբ գնացել է Հանրապետական ծննդատուն, որտեղ բուժանձնակազմը խոստովանել էր, նորածնի դին փորձաքննության չի ուղարկվել։Հիշում է․․․․ Ասացին, թե երեխան մանկական դիահերձարանում է․․․այնտեղ համակարգչային տոնոգրաֆիայի տվյալներ էլ էին կեղծել՝ ժամերի և այլ տվյալների կեղծիքներ է նկատել։ Խաչատրյանն ասում է, որ հղիությունն ընթացել է առանց բարդությունների, բայց առայսօր չի հասկանում, թե ինչու՞ երեխան մահացած ծնվեց և ինչու այդպես էլ չկարողացավ տեսնել երեխայի մարմինը:

Medmedia.am-ի հետ զրույցում Հայկուհին նշեց, որ անհայտ ծագման օրգաններ է դատաբժշկական փորձաքննության ենթարկվել։ Բացի այդ, Հայկուհուն դեռևս 1․5 տարի առաջ հայտնել են, թե ԴՆԹ անալիզ չի անջատվում այդ օրգաններից և իրենք չեն  կարող ասել իր երեխա՞ն է, թե՞ ոչ, միայն ասել են, որ սեռը արական էր։

«Ստացվում է՝ դատաբժշկական կենտրոնը ԴՆԹ չի կարող անջատել։ Քրոմոսոմների հաշվարկով այլ սեռ են ասում, իսկ գենետիկներն այլ պնդում ունեն։ Ես միջնորդել եմ, որպեսզի օրգանները Գերմանիա ուղարկվի։ Ամեն դեպքում ես ժխտում եմ, կենսաբանական ծագման օրգանները իմ երեխային չեն պատկանում, մյուս դեպքում էլ՝ կասկածվող երեխայի հետ նույնականացում եմ ուզում»,-նշեց Հայկուհին։

Նշենք, որ Հայկուհի Խաչատրյանը ղեկավարում է հասարակական շարժում, որը պարբերաբար ակցիաներով է հանդես գալիս․

« Առաջիկայում մենք ակցիաներ ունենք, մարտի 4-ին Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանում Ռազմիկ Աբրահամյանի՝ կաշառքի գործով հերթական դատն է լինելու, մենք դատարանի մոտ մեր բողոքի ձայնը կբարձրացնենք, թե ինչու՞ նա չի կալանավորվում այսքան հանգամանքներից հետո, ակնհայտ է, որ նրա կողմից երեխա է վաճառվել, և կաշառք է առաջարկել ու պահանջել»,-նշեց Հայկուհին ու հավելեց, որ 1․5 տարի հետո ինչ որ մասնավոր լաբորատորիայում ԴՆԹ հետազոտություն են ուզում անել․

«Ինչու՞ մինչև այսօր չի արվել այդ հետազոտությունը, կամ ինչու՞ է մասնավոր լաբորատորիայում արվում։ Ես ձայն բարձրացրի, որ այդ օրգանները ուղարկենք արտասահման ու դրանից հետո որոշում են էստեղ, ինչ որ մասնավոր լաբորատորիայում ԴՆԹ անեն։ Մասնավոր կլինիկայում փորձ արվեց, այսպես ասած՝ օրգանները երկրից չհանելու։ Ես պնդում եմ․ այդ օրգանները պետք է հետազոտվեն արտասահմանում։ Մենք ականատես ենք նրան, որ Ռազմիկ Աբրահամյանի չկալանավորվելու փաստը, ապացուցում է՝ նա մեծ լծակներ ունի ՀՀ տարածքում, այդ թվում առողջապահական ոլորտում»,-նշեց մեր զրուցակիցը։

Ըստ Հայկուհու՝ այսքան կեղծիքներից հետո կարող են կրկին ստել ու կեղծ փաստեր ներկայացնել օրգանների հետազոտման մասով։

«Հիմա ես սպասում եմ, որպեսզի իմ միջնորդությունը բավարարվի ու ես կարողանամ օրգանները ուղարկել արտասահման։ Դիմել եմ միջազգային կառույցներին, ՀՀ ՄԻՊ, Գլխավոր Դատախազությանը, Քննչական կոմիտեին, պահանջում եմ անկախ փորձաքննություն։ Ես մտավախություն  ունեմ, որ այդ օրգաններին խառնվել է իմ ողջ երեխայից որևէ մասնիկ ու 1․5 տարի անց փորձում են կանխել իմ քայլերը։ Ես նշել եմ, որ իմ ֆինանսական միջոցներով օրգանները անկախ փորձաքննության կուղարկեմ, պետք է մանկավաճառները  պատժվեն իրենց հանցագործությունների համար, ես այս քայլով փորձում եմ կանխել նաև նրանց հետագա գործողությունները»,- ասաց մեր զրուցակիցը։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ