Գլխավոր էջ Գլխավոր «Մեր ցավը այնքան մեծ է, այնքան խորը, որ նույնիսկ դուշմանիս չեմ ցանկանա»․...

«Մեր ցավը այնքան մեծ է, այնքան խորը, որ նույնիսկ դուշմանիս չեմ ցանկանա»․ հերոսի մայր

1697
0

Հիշում ենք․․․Medmedia.am-ը շարունակում է անդրադառնալ արցախյան երկրորդ պատերազմում նահատակված մեր հերոսներին։

ՀԱՅԿ ԷԴՎԱՐԴԻ ՂՈւՐՇՈւԴՅԱՆ։ Ծնվել է 2000 թվականի հուլիսի 30-ին Շիրակի մարզի, Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքում։ Հայկը ևս, առանց վայրկյան անգամ մտածելու իր մատղաշ կյանքը նվիրել է հայրենիքին, նա զոհվեց, որպեսզի մենք շարունակենք ապրել ապահով հայրենիքում։

Հայրենիքի նվիրյալը գերազանց առաջադիմությամբ, սովորել և ավարտել է Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 9 տարի սովորել է դպրոցում, այնուհետև ընդունվել է Մարալիկի Արհեստագործական ուսումնարան, ավտոմեքենաների նորոգման փականագործ, տրանսպորտային  միջոցների շահագործում և նորոգում բաժնում, որակավորում է ստացել, գերազանցության դիպլոմով ավարտել։

Medmedia.am-ի հետ զրույցում Հայկի մայրը՝ Հասմիկ Աբաջյանը  պատմեց, որ հերոս որդին շնորհալի, խելացի, բանիմաց երիտասարդ էր։

«Դասերին զուգահեռ, Հայկը զբաղվել է նաև կարատեով, մասնակցել է առաջնությունների, արժանացել բազմաթիվ մրցանակների ու շքանշանների, պատվոգրերի, դիպլոմների։2019 թվականի հուլիսի 15-ին անցավ զինվորական ծառայության՝ ԼՂՀ Մատաղիսի զորամասում։ Շատ օրինակելի զինվոր էր և հաճախ լավ, բարեխիղճ ծառայության համար ստանում էր շնորհակալագրեր ու պատվոգրեր»,-ասաց նա ու հավելեց, որ  զորամասի հրամանատարները ուղարկել են նաև շնորհակալական նամակ։

Հայկը  ընտանիքի անդամներին վերջին անգամ զանգահարել է 2020 թվականի սեպտեմբերի 26-ին։ Պատերազմը սկսվելուց հետո ընտանիքը որևէ տեղեկություն չուներ նրա մասին։ Հերոսաբար զոհվել է թեժ մարտերի ընթացքում , պահում էր Թալիշի դիրքերը։ Հերոսի ծանր կորստյան լուրը հարազատները իմացել են ամիսներ հետո միայն, դեկտեմբերի 7-ին։

Հայկը տան ավագն էր, ունի 2 քույր, նրա երազանքն էր ընդունվել Ոստիկանության ակադեմիա։

«Մեր ցավը այնքան մեծ է, այնքան խորը, որ նույնիսկ դուշմանիս չեմ ցանկանա նման բան»,-ասաց որդեկորույս մայրը։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ