Գլխավոր էջ Օրվա թեման «Ֆեյք» կուսություն կամ ինչու՞ են կարում կուսաթաղանթը

«Ֆեյք» կուսություն կամ ինչու՞ են կարում կուսաթաղանթը

2048
0

Կուսությանը կամ կուսաթաղանթին «մեծ տեղ» տալը հայ հասարակության մեջ բավականին տարածված երևույթ է։ Հիրավի, հարսի կամ կնոջ «մաքրության» ապացուցման միակ միջոցը կուսաթաղանթն է, որը աղջկա ապրած տարիների լուռ վկան է։ Կա արյան հետք՝ մաքուր ես, չկա՝ «անբարոյական» ես։ Բայց, այս հարցին հարկավոր չէ մոտենալ մակերեսորեն, հարկավոր է նախ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում կուսաթաղանթը և ինչպիսի՞ կառուցվածք այն ունի։

Կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից: Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն: Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունը ուղեկցվի արյան հետքերով: Սակայն դա միանշանակ չէ, քանի որ լինում են կուսաթաղանթի տարբեր տեսակներ և տեղակայումներ, որից և կախված է այն փաստը, թե ինչպես կխախտվի կուսաթաղանթի ամբողջությունը: Այստեղ նաև դեր է խաղում սեռական հարաբերության բնույթը, առնանդամի ներհրման բնույթը, առնանդամի չափը: Երբեմն հենց առաջին սեռական հարաբերությունից կուսաթաղանթը ամբողջովին խախտվում է և հաջորդող հարաբերության ընթացքում այլևս որևէ արյան հետք չի նշմարվում: Հետաքրքիր է նշել, որ երբեմն առաձգականության շնորհիվ կուսաթաղանթի պատռումը ընդհանրապես չի ուղեկցվում արյան հետքերով:

Նաև նշենք, որ արյան հետքը դեռևս ապացույց չէ, որ կինը առաջին սեռական հարաբերությունն է ունենում, որովհետև այսօր վիրահատական միջոցով հնարավոր է վերկանգնել պատռված կուսաթաղանթը։

Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է գինեկոլոգ Անի Երեմյանի հետ ու փորձել պարզել, ինչու՞ են կանայք կարում կուսաթաղանթը։

« Կուսաթաղանթի վերականգնման մի քանի պատճառներ կան, օրինակ՝  կանացի սեռական օրգանների բնածին ախտաբանությունները և զարգացման անոմալիաները, վնասվածքների, վիրահատությունների, հետծննդաբերական փոփոխությունների հետևանքով առաջացած արտաքին սեռական օրգանների ձևախախտումները,  սեռական հարաբերության ժամանակ անհարմարավետության զգացումը, ինտիմ շրջանի արտաքին տեսքի էսթետիկ անբավարարվածությունը, բռնաբարությունից հետո , երբ վնասվել է անփութության պատճառով (տամպոններ, ձեռնաշարժություն, սպորտ, գինեկոլոգի կողմից հետազոտություն), սեռական կյանք ունեցող կանանց նոր զգացումներ ստանալու միջոց, սեռական կյանքի բազմազանություն, վատ առաջին փորձ է, որը ցանկանում եք մոռանալ»,-նշեց բժշկուհին:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ կուսաթաղանթի վերկանգնման վիրահատությունը հնարավոր չէ անվերջ իրականացնել, քանի որ հյուսվածքի դեֆիցիտ է լինում, ամեն վերականգնումից հետո լաթերը փոքրանում են:

«Կարծում եմ դիմողների քանակը նվազեցնելու համար,պետք է սկսենք սեռական դաստիարակությունից,կրթությունից և սեռական հարաբերության մասին թեմաները դարձնենք ոչ թե ամոթալի այլ անհրաժեշտություն ,որպեսզի խուսափենք առաջին սեռական հարաբերության ժամանակ հնարավոր սեռավարակներից,անցանկալի հղիությունից և այլ խնդիրներից, որոնց մասին վստահ եմ ոչ բոլորն են տեղյակ առաջին սեռական հարաբերությունից առաջ:Երբ կիրականացնենք մեծ լուսավորչական աշխատանքներ և կկրթենք սերունդներ, հյուս ունեմ այդ կաևոր քայլը անելուց առաջ աղջիկները կգործեն մտածված»,-նշեց գինեկոլոգ Երեմյանը:

Նշենք, որ հիմենոպլաստիկան կուսաթաղանթի ամբողջականությունը վերականգնելու գործողություն է: Բժիշկները պատռված կուսաթաղանթի լաթերը բարակ թելով կարում են իրար ստեղծելով արհեստական կուսաթաղանթ:

Կարևոր է հիշել այս արդյունքները երկար չեն պահպանվում , հենց կարերը ներծծվում են կուսաթաղանթը նորից պատռվում է:Այն տևում է մոտավորապես 6-7 օր: Եթե ցանկանում եք երկարատև արդյունք, կարելի է իրականացնել երկարաժամկետ հիմենոպլաստիկա:Կարճատևը պարզունակ գործընթաց է,տևում է 30 րոպե և թույլ է տալիս վերականգնել կուսությունը մի քանի օրով:

«Երկարաժամկետ վիրահատությունը իրականացնում են դաշտանային ցիկլից հետո,ներերակային անզգայացման պայմաններում ,քանի որ այս դեպքում հատվում են որոշ հյուսվածքներ և նորից վերականգնվում կուսաթաղանթը ամբողջովին և այն պահպանվում է անժամկետ: Կարևոր է վիրահատությունից հետո ճիշտ խնամել վերքը, արագ և անցավ վերականգնման համար: Պարտադիր պահպանել հիգիենայի կանոնները,իրականացնել լվացումներ հատուկ գելերի միջոցով: Արգելվում է սպորտով զբաղվել,ծանրություն բարձրացնել,տամպոններ օգտագործել(մինչև սեռական հարաբերությունը)»,-ասաց նա:

Սակայն, վերջում Անի Երեմյանը հավելեց, որ ընտանիքի հիմքերը պետք է կայուն լինեն և ընտանեկան հարաբերությունը սկսելով ստից լավագույն սկիզբը չէ:

«Չէ՞ որ յուրաքանչյուր հարաբերության հիմքը դա վստահությունն է: Հնարավոր է, որ տղամարդը չզգա, այո՛, բայց ո՞րն է ճիշտ, ստե՞լ, թե՞ խոսել անկեղծ այն մարդու հետ ում սիրում ես և պատրաստվում ես ամբողջ կյանքդ անցկացնել»։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ