Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ են թանկացել դեղերը

Ինչու՞ են թանկացել դեղերը

605
0

Վերջին ամիսներին հայաստանյան դեղատներում դեղերի գների կտրուկ աճ է նկատվում։ Տարեցները նեղսրտում են, ստանում են 40-ից 60 հազար դրամ թոշակ, որց 30 երբեմն 40 տոկոսը հատկացնում են դեղերին, որովհետև քրոնիկ հիվանդություններ ունեն։

Հայաստանում  150.000 (եթե ոչ ավելի) մարդ ունի քրոնիկական հիվանդություններ (բնակչության 3%-ը)՝ մեծամասնությունը սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ:

Քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ ստիպված են ամեն օր ընդունել դեղեր, որոնք ձեռք են բերում սեփական միջոցներով: Իսկ թանկացումների պարագայում միանշանակ շատերը չեն կարողանալու դեղերի մի մասը ձեռք բերել։

Ի դեպ՝ Հայաստանում դեղերի գինը բարձր է, քանի որ տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում միակ երկիրն ենք, որտեղ դեղ իրացնողները 20 տոկոս ԱԱՀ են վճարում։
Մի պահ պատկերացնենք, որ  պետությունն ԱԱՀ–ն հանում է դեղերի իրացման շուկայից,արդյունքում  կունենանք շուրջ 20 տոկոսով էժանացում, ինչը բնակչության համար «մեծ ձեռքբերում» կարող է լինել։
Դեղատներում շրջայց կատարելով հասկանալի է դառնում, որ թանկացել է, օրինակ՝  «Կարդիո մագնիլը» (75 մգ), որի մեկ հատը 21 դրամի փոխարեն այժմ 24 դրամ է, «Տրիպլիկսամի» մեկ հատիկը 235 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ։ Օրինակ` «Ֆիզիոտենզ» դեղամիջոցը, որը նախատեսված է արյան զարկերակային ճնշման համար, նոյեմբերին` 3840դրամ էր,իսկ հունվարին արդեն 4700դրամ: Սակայն զարմանալիորեն մանկական «Նուրոֆենը» էժանացել է, դեղատան աշխատակցուհին մեզ հետ զրույցում նշեց․

«Անկեղծ ասած՝ չեմ հասկանում ինչպե՞ս է «Նուրոֆենը» 3000 դրամից 1050 դրամ դարձել, վերջին ամսում այն բավականին էժան ստացանք»,-ասաց նա։

Դե իսկ «Պարացետամոլը» շարունակում է մնալ մատչելի, 70-ից 100 դրամ։

Ուսումնասիրելով ԱՎԿ տվյալները, հասկանում ենք, որ ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. դեկտեմբերին, 2019-ի դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 3.4%, իսկ 2020թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ: Ինչ վերաբերում է դեղերի շուկային, ապա 2020թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, դեղագործական ապրանքների 3.2 տոկոս թանկացում է եղել։

Ուսումնասիրողների մի մասի կարծիքով դեղերի թանկացման պատճառ կարող է հանդիսանալ դոլարի և եվրոյի կուրսի բարձրացումը կամ էլ՝  անհրաժեշտ պաշարների սպառմամբ, քանի որ  տարեվերջին, երբ դեղերի տարեկան պաշարները վերջանում են կամ պակասում, մինչև դեղերի նոր խմբաքանակ ներմուծելը, թանկացումներ են լինում։

Medmedia.am-ը թեմայի շուրջ փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովից։ Հանձնաժողովի նախագահի օգնական  Անի Սմբատյանը տեղեկացրեց, որ դեղերի շուկայի ոլորտում ուսումնասիրություն են իրականացնում։ Այն ավարտելուց հետո արդյունքները կհրապարակեն և տեղյակ կպահեն լրատվամիջոցներին։

«Դեղերի շրջանառության ոլորտն ուսումնասիրում ենք, ամփոփման փուլում է»,-ասաց նա։

Սյուզի Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ