Գլխավոր էջ Գլխավոր Ահազանգ․ ինչու՞ են «հրավիրում» գրիպի դեմ պատվաստման

Ահազանգ․ ինչու՞ են «հրավիրում» գրիպի դեմ պատվաստման

986
0

Կորոնավիրուսի դեմ պայքարը մարդկանց առօրյայում դարձավ կենսակերպ ու հոգեբանություն։ Մի մասն արդեն առանց դիմակ ու ալկոգել իր առօրյան չի պատկերացնում, հաշվի չառնելով դրանց կիրառման օգտակարությունը կամ վնասակարությունը՝ կրում են դիմակ, պայուսակում պահում ախտահանող միջոց։ Բացի վարակվելու ու վարակելու վտանգից հիմա էլ մեկ այլ մտահոգություն կա, պատվաստվե՞լ, թե՞ ոչ։ Շատերը պնդում են․ կորոնավիրուսը մուտացիայի ենթարկվող վիրուս է, ուստի, ինչպե՞ս կարող է պատվաստանյութը ապահովել մեզ վակավելուց։ Մինչ այս հարցականների պատասխաններն ենք որոնում, պոլիկլինիկաներից քաղաքացիները ստանում են զանգեր․ բժշհուհին «հրավիրում է» գրիպի դեմ պատվաստման։ Մեր խմբագրություն են դիմել քաղաքացիներ, որոնք փորձում են լրատվամիջոցից ճշտել, ի՞նչ է իրենից ներկայացնում գրիպի դեմ պատվաստումը և ի վերջո, ինչպե՞ս կարելի է ամեն տարի այդչափ պատվաստանյութեր ստանալ․

«Ես երեք երեխա ունեմ՝ 12, 8 և 3 տարեկան, պոլիկլինիկայից զանգահարեցին ու ասացին, որ երեխաներին տանեմ պատվաստման, անկեղծ ասած՝ տեղեկատվություն չունեմ, թե ի՞նչ է իր մեջ պարունակում այդ պատվաստանյութը, կարծում եմ, որ բնական  է, մարդը տարվա ընթացքում կարող է վարակվել գրիպով, մարդու օրգանիզմը իմունիտետ պետք է ձեռք բերի, չեմ կարողանում հասկանալ, ինչու՞ են այդչափ համոզում, որ լավ բան է, եկեք պատվաստվեք»,-Medmedia.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացի, 35-ամյա Սոֆյան։

Իսկ ահա 58-ամյա Էդուարդը նշեց, որ սիրտը երեք անգամ ստենդ են տեղադրել ու դեռ պատրաստվում է չորրորդ վիրահատությանը, պոլիկլինիկայից զանգահարում են ու ասում՝ արի պատվաստվելու․

«Ես հիվանդ մարդ եմ ու ի՞նչ իմանամ էդ պատվաստանյութը իմ օրգանիզմի վրա ինչ հետևանք կթողնի, ու ասեմ, որ լավ համոզում են, ասում են՝ շատ լավ բան է, պատվաստվիր, ոնց որ երեխուն կոնֆետով համոզեն»,-ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ արդեն չի հասկանում, ինչպե՞ս է հնարավոր տարվա ընթացքում այդքան պատվաստանյութ ընդունել․

«Փորձարկում են անու՞մ, չեմ հասկանում»,-ասաց նա։

Այստեղ խնդիրն այն  է, որ մարդիկ բացարձակ իրազեկված չեն ու զանգ ստանալով պոլիկլինիկայից՝ չեն հասկանում ինչպե՞ս վարվել, հավատա՞լ բժշկին, թե՞ ոչ։ Մարդիկ առանց այդ էլ խուճապի մեջ են, դեռ չեն հասկանում, ինչպե՞ս է հնարավոր այսքան կարճ ժամանակահատվածում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալ, այն դեպքում, երբ ցանկացած պատվաստանյութի կլինիկական փորձարկման համար 5 տարի է հարկավոր։

Medmedia.am-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանի հետ, ով հարցին անդրադառնալով նշեց, որ նախարարությունը պարբերաբար իրազեկում է բնակչությանը` գրիպի այս կամ այլ շտամի վերաբերյալ ու հորդորում, որ պատվաստվեն:

«Սա սոսկ իրենց շահերից է բխում, բայց կամավոր սկզբունքով է։ Պատվաստումներից առաջ ընդհանուր կարգով զննություն է իրականացվում, սուր վիճակների բացառում, ջերմաչափում ու այն, ինչ կարգով նախատեսված է։ Մենք մեր բոլոր քարոզչամիջոցներն օգտագերծելով, նաև ձեր հետ գործակցելով (զլմ-ների) փորձում ենք տեղեկացնել գրիպի սեզոնային պատվաստումների մասին: Պաստառներից սկսած, սոցիալական գովազդներով վերջացրած, մեր պաշտոնական էջերում էլ չասեմ,  բավականին նյութեր կան։ Նույն պոլիկլինիկաների պատերին, որ ուշադիր լինեն պաստառները փակցված են»,-ասաց մեր զրուցակիցը։

Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ  գրիպի պատվաստումը նախատեսված է խոցելի խմբերի համար ․

«Դրա համար զանգում են ու հրավիրում պատվաստման, ի դեպ, պատվաստումն արվում է կամավոր սկզբունքով, ով չի ուզում կարող է հրաժարվել: Մենք դա անում ենք բացառապես բնակչության առողջության պահպանման համար»,-ասաց նա։

Սակայն քաղաքացիներից շատերի մոտ կան բազմաթիվ հարցականներ, եթե պատվաստման անհրաժեշտություն կա, ինչու՞ է կամավոր, եթե այդչափ վտանգավոր չէ, ինչու՞ պատվաստվել։ Ստացվում է, որ ցանկացած պատվաստանյութ, առաջին հերթին խոցելի խմբերի համար է։

Ըստ՝ առողջապահության նախարարության հաղորդագրության «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը:

«Դրա լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Հիշեցնենք,որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մնում է հասկանալ ու ներկայացնել թվեր, թե տարեկան սեզոնային գրիպից քանի՞ մարդ է մահացել, ինչն առաջիկայում անպայման կներկայացնենք մեր ընթերցողին․․․

ՍՅՈՒԶԻ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ