Գլխավոր էջ Օրվա թեման Շաբաթական քանի՞ անգամ է հարկավոր սեքսով զբաղվել

Շաբաթական քանի՞ անգամ է հարկավոր սեքսով զբաղվել

5123
0

Առողջ սեքս՝ երջանիկ ընտանիք․ որքանո՞վ է այս պնդումը համապատասխանում իրականությանը։ Հոգեբանները պնդում են՝ տղամադրդուն առաջին հերթին հարկավոր է հաճախակի ինտիմ հարաբերություն և կուշտ ստամոքս, իսկ կնոջը՝ սիրո խոստովանություններ։

Medmedia.am-ը զույգերի առողջության, ինտիմ կյանքի և ներդաշնակ հարաբերությունների շուրջ զրուցել է  ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ , սեքսոլոգիայի  ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վրեժ Շահրամանյանի հետ։

Ըստ մասնագետի՝ սեռական կյանքում ամեն ինչ խիստ անհատական է։

« Հայ հասարակության համար սեռական հարաբերությունների հաճախականությունը միջինում կազմում է 2-3 անգամ։ Բայց… Սեքսը բավականին մեծ ազդեցություն ունի ամուսինների կյանքում։ Այն ամրապնդում է նրանց առողջությունը, բարձրացնում տրամադրությունն ու կյանքի տոնուսը։ Հետեւաբար, անկախ տարիքից եւ սեռից՝ անհրաժեշտ է իմանալ, թե ինչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել։  Երբ մարդիկ սկսում են միասին ապրել, ապա սեռական կյանքը բավականին հագեցած է լինում։ Սակայն երբ «նորապսակ» ժամանակաշրջանը անցնում է, շատերը կարծում են, որ իրենց զգացմունքները սառել են։ Բայց չէ՞ որ նախկինում նրանք գրեթե ամեն օր սեքսով էին զբաղվում, իսկ այժմ՝ շաբաթական մի քանի անգամ։ Այս ամենը տագնապի ու վախի զգացում է առաջացնում զույգերի մոտ. Սկսում են մտածել՝ միգուցե արդեն չենք սիրում միմյանց»,-ասաց մեր զրուցակիցը ու հավելեց, որ այս իրավիճակի համեմատությունը նույնն է, ինչ սովորական շնչառությունը համեմատել հինգ հարկ ոտքով բարձրանալուց հետո առաջացող շնչառության հետ։

«Ամուսնությունից հետո զույգերն իրենց զգացմունքներն արտահայտում են անկողնում եւ որքան հնարավոր է սեքսով են զբաղվում։ Հետեւաբար, հարսանիքից որոշ ժամանակ անց զույգերն անցում են կատարում, այսպես կոչված, պայմանական ֆիզիոլոգիական ռիթմի (ՊՖՌ), այսինքն՝ սեռական հարաբերություն ունենալու իրենց համար նախընտրելի հաճախականությանը։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված ՊՖՌ։ Իհարկե, մարդու սեռական հնարավորություններից, թե որքան անգամ նա կարող է սեքսով զբաղվել։ Այլ կերպ ասած՝ ամեն ինչ կախված է սեռական խառնվածքից։ Ուժեղ խառնվածքի տեր (ուժեղ սեռական հնարավորություններ ունեցող) անձնավորությունը կարող է օրական մի քանի անգամ սեքսով զբաղվել ամուսնության առաջին 10 տարիների ընթացքում։ Եվ դրանից հետո նա անցում է կատարում ՊՖՌ-ին՝ շաբաթական 2-4 անգամ»,-ասաց մասնագետը։

Շահրամանյանի հավաստմամբ՝ թույլ սեռական հնարավորություններ ունեցող մարդիկ կարող են սիրով զբաղվել շաբաթական 1-2 անգամ, իսկ հետո ամսական մի քանի անգամ։ Նրան սա ամբողջովին բավարարում է։

Ի դեպ՝ սեքսը խթանում է օրգանիզմում օքսիտոցին հորմոնի արտադրությանը, ինչը կարգավորում է մարդու ախորժակն ու քունը։ Սեռապես ակտիվ մարդիկ ավելի հազվադեպ են հիվանդանում:

Սեքսով զբաղվող մարդկանց պաշտպանական համակարգերը վիրուսների, միկրոբներին հանդեպ ավելի լավ են աշխատում: Պենսիլվանիայի համալսարանում հետազոտողների մի խումբ պարզել է, որ ուսանողները, ովքեր շաբաթական մեկ կամ երկու անգամ սեքսով են զբաղվում որոշակի հակամարմինների ավելի բարձր մակարդակ ունեն ավելի հազվադեպ սեքսով զբաղվողների համեմատությամբ:

«Սեռական հարաբերությունների հաճախականությունը կախված է տվյալ զույգից, կարեւորը՝ այն բավարարի երկու կողմերին էլ եւ հաճույք պատճառի նրանց։ Եթե զույգ ամսական մեկ անգամ է կենակցում, եւ դա բավարարում է երկուսին էլ, ուրեմն ամեն ինչ  նորմալ է, պարզապես երկուսն էլ թույլ սեռական հնարավորություններ ունեցող մարդիկ են։ Ի դեպ, «թույլ» բառն այստեղ ընդհանրապես վիրավորական չէ, ավելին՝ սկանդինավցիների մեծամասնությունը հենց այդպիսին է»,- ասաց Վրեժ Շահրամյանը, նշելով, որ մարդու ինտիմ կյանքը սպորտաձև չէ։

«Այստեղ գլխավորը որակն է, ոչ թե քանակը։ Հետեւաբար, պետք չէ ռեկորդներ սահմանել, թվեր նկարել։ Անկողնային հարաբերություններում կարևորը ներդաշնակությունն է»։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ