Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում մեռելածնության ցուցանիշները բազմիցս կեղծվել են․ Հովհաննես Ղազարյան

Հայաստանում մեռելածնության ցուցանիշները բազմիցս կեղծվել են․ Հովհաննես Ղազարյան

2076
0

«Երբ որ մեռելածնության աճը և վաղ նորածնային մահացության իջեցումը  իրարից չհեռվանան, այդ կետից սկսած կհասկանանք, որ մեր երկրում վիճակագրությունը աղավաղող  մարդիկ կամ դադարեցրին իրենց գործունեությունը, կամ հեռացան այս երկրից»։

Յուրաքանչյուր ծնող իր  կորցրած երեխայի համար մեծ ցավ  է ապրում ու հաճախ լցվում է մեղավորության զգացումով։ Մեռելածնության պատճառը և այն, թե արդյոք հնարավո՞ր էր կանխարգելել, երբեմն մնում են անհայտ։

Մեռելածնության պատճառների, ռիսկերի, Հայաստանյան ու համաշխարհային ցուցանիշների մասին MedMedia-ի հետ զրույցում խոսեց «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի վարիչ, բ.գ․թ․ թեկնածու Հովհաննես Ղազարյանը։   

-Ի՞նչ պետք է իմանալ մեռելածնության մասին

Պտուղը՝ հղիության «պրոդուկտը» համարվում է մեռելածին, եթե ծննդյան պահին չի  ցուցաբերում կենդանածնության որևէ նշան։ Իսկ կենդանածնության նշաններն են համարվում սրտի զարկերը, շնչառական, մկանային շարժումները և պորտալարի պուլսացիան։ Եթե թվարկված 4 նշաններից որևէ մեկը բացակայում է, ծննդաբերած պտուղը համարվում է մեռելածին։

Պետք է նշել, որ հղիությունը ավարտվում է կամ կենդանածնությամբ կամ մեռելածնությամբ։ Մեռելածնությունը բաժանում ենք 2 տեսակի՝ անտենատալ և ինտրանատալ։ Անտենատալ է համարվում մինչև ծննդաբերական գործունեությունը սկսելը, երբ հստակ գիտենք, որ պտուղը մահացած է։  Իմպրանատալի դեպքում հղին ծննդաբերում է, բայց ծննդաբերության ընթացքում այս կամ այն պատճառով տեղի է ունենում պտղի մահ, և երեխան արդեն մահացած է ծնվում։

 -Ի՞նչը կարող է պատճառ դառնալ և նպաստել մեռելածնությանը․

Ըստ միջագային վիճակագրության՝ մեռելածնության հիմնական պատճառները  համարվում են  արատները՝ ինֆեկցիաները և մանկաբարձական դժբախտ պատահարները, օրինակ՝ պորտալարի արտանկում, ընկերքի շերտազատում, որոնք կարճ ժամանակում կարող են բերել ներարգանդային պտղի մահվան։

-Մեռելածնության կանխարգելման ի՞նչ միջոցներ են կիրառվում․

Ինչքան բարելլավված է լինում անտենատալ խնամքը՝ նախածնության խնամքը, և որքան  հասարակությունն ավելի կրթված է լինում, այնքան քիչ են գրանցվում մեռելածնության դեպքերը։ Բայց ընդհանրապես վերացնել մեռելածնությունը անհնար է․ կարծես թե ինչ որ ձևով կարգավորում է  բնակչության ընդհանուր թիվը, և  կանխարգելում է  անկենսունակ պտուղների ի հայտ գալն աշխարհում։

-Եթե համեմատելիս լինենք մեռելածնության համաշխարհային և Հայաստանի ցուցանիշները, ապա ի՞նչ կարձանագրենք․

Ցավալի է, բայց Հայաստանը ունի չափազանք բարձր մեռելածնության ցուցանիշ։ Մենք այդքան էլ վատ երկիր չենք առողջապահության տեսանկյունից, եթե համեմատում ենք մեր հարևան երկրների և նույնիսկ Արևելյան Եվրոպայի երկրների հետ, ցուցանիշներն այդքան էլ վատ չեն։ Բայց մեռելածնության պատճառով մենք սկսում ենք դասվել աշխարհի ամենավատ երկրների շարքին։ Հայաստանում մեռելածնության ցուցանիշը չի համապատասխանում մեր երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացվածության աստիճանին։

-Այդ  դեպքում  ինչո՞վ  ենք պայմանավորում Հայաստանում  մեռելածնության  բարձր ցուցանիշը․

Նախ պարզենք, թե ինչպես է կազմվում մեռելածնության ցուցանիշը։  Սովորաբար ամբողջ աշխարհում 1։1 հարաբերությամբ այն կազմվում։ Ակնհայտորեն մահացած երեխաների թիվը աշխարհի երկրների մեծ մասում հստակ համապատասխանում է մեռելածնությանը՝ 1 մեռելածին, 1 վաղ նորածնային մահ։ Մեր երկրում այդ ցուցանիշը մոտ 5 անգամ ավելի բարձր է և մեռելածինները մոտ 5 անգամ ավելի շատ են։

Եթե մենք վիճակագրություն չկեղծենք, ապա աշխարհի  և մեր ցուցանիշները կհամապատասխանեն։

Մեր վիճակագրությունը բազմիցս կեղծվել է՝ ի հեճուկս բոլոր միջազգային կազմակերպությունների  և  մասնագետների հորդորների։ Եվ տուրք է տրվել բոլոր քաղաքական և անձնական նկրտումներին։ Իմ խորին համոզմամբ  տարիների  փորձը, վիճակագրության ուսումնասիրությունները ինձ հիմքեր են տալիս մտածելու, որ մեր երկրի առողջապահական ցուցանիշները ծննդօգնության, նորածնային ծառայության հետ կապված չեն համապատասխանում իրականությանը։ Չէի  ցանկանա ասել, որ տվյալները դիտավորյալ կեղծվել  են, բայց չեմ բացառում նաև այդ հանգամանքը․ կեղծարարությունը նպատակ է հետապնդել, որոնք կամ ֆինանսական են կամ քաղաքական։

-Ինչպե՞ս և  ինչու՞ են Հայաստանում ավելանում մեռելածնության ցուցանիշները․

Մեռելածինների ցուցանիշները ավելանում են հստակ քաղաքականությամբ և երկու ճանապարհով։ 22 շաբաթականից ցածր հղիության ավարտը, որը կոչվում է վիժում,  գրում են 22 շաբաթ և ավելի։ Այլ հարց է, թե ինչ է դա տալիս տվյալ բուժհաստատությանը, ով գնում է այդ կեղծարարությանը։

22 և ավելի հղիության ավարտի դեպքում բուժանձնակազմը մի քանի անգամ ավել է վարձատրվում, քան մինչև 22 շաբաթականին ծննդաբերելը։

Այսինքն, ստացվում է, որ տվյալ բուժհաստատության ղեկավարությունը, որը ցանկանում է շատ գումար վաստակել, խաբելով պետությանը,  21 շաբաթականը գրում է 23՝ կոչելով այն մեռելածնություն, այլ  ոչ վիժում և ստանում է 3-4 անգամ ավել գումար։ Երկրորդ դեպքում, երբ երեխան ծնվում է, բայց մահանում է կյանքի առաջին ժամերին, բժշկին կրկին ոչինչ չի խանգարում կենդանածին երեխային գրանցել որպես մեռելածին։  Եվ ցավոք, այս օրինակները, մեռելածնության թիվը ուռճացնելու  ճանապարհներն են։ Մանկակական մահացության հաշվին նվազեցնում ենք մանկականը նորածնայինը, վաղ նորածնայինը, և դրա արդյունքում մեռելածնության ցուցանիշները դառնում են անհիմն։

Ստացվում է, որ մենք նորածնային մահացության հաշվին մեռելածնության ցուցանիշի ա՞ճ ենք արձանագրում․

Մեզնից ավելի պատկառելի բյուջե ունեցող երկրներից շատ գումարներ և շատ երկար ժամանակ է պահանջվել, որ մահացության ցուցանիշը իջեցնեն, իսկ մենք շատ հեշտ  ստանում ենք այն։ Այո, Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշը ցածր է, իսկ մեռելածնությունը բարձր։ Աշխարհը գնում է ուրիշ ուղղությամբ, իսկ մենք լրիվ այլ ուղղությամբ։ Նորածնային մահացության իջեցումը աշխարհի պատմական փորձ է։ Եթե նորածնային մահացության հետ զուգահեռ իջնում է  մեռելածնության ցուցանիշը դա բնական պրոցես է, իսկ եթե հակառակ ընթացք է ստանում, ապա դա խոսում է հակասական երևույթների մասին։ Փաստացի, հասկանալի է դառնում, որ դրանք զուգահեռ ընթացող ցուցանիշներ են։ Հայաստանյան փորձը դիտարկելով՝ պետք է ասենք, որ 2000-2001 թվականներից ի վեր այդ երկուսը միմյանցից հեռվանում են ու գնալով տարբերությունը մեծանում է։

2000-2001 մեկ թվականներին մեռելածնության և նորածնային մահացության ցուցանիշները շատ մոտ էին իրար․ այդ ժամանակ դեռ ոչ ոքի մտքով չէր անցնում կեղծել ցուցանիշները, որովհետև գումար չկար,․ ո՛չ պատժվում էին, ո՛չ պարգևատրվում էին, և դրա արդյունքում այդ  երկու տարիների ընթացքում ունեցել ենք աշխարհի համար «հասկանալի» տվյալներ։ 2003 թվականին շեշտակի բարձրանում է մեռելածնությունը ու հենց այդ տարվանից էլ սկսում է իջնել նորածնային մահացությունը։ Այս երկուսը սկսում են միմյանցից հեռվանալ ու դառնալ մեր ներկայիս դրության պատճառները։ Գրեթե բոլոր երկրներում բացի Հայաստանից Մեռելածնության և վաղ նորածնային մահացության ցուցանիշը 1,2։1 հարաբերությամբ է, այսինքն միայն 20 տոկոսով կարող են շատ լինել մեռելածինները։

 

Մեր  երկրի  նորածնային մահացության վերջին  տվյալները  համեմատելով  ի՞նչ  պատկեր ենք արձանագրում․ 

Հայաստանում 2018 թվականի դրությամբ նորածնային մահացությունը կազմել է 5 պրոմիլ, որը  նշանակում է՝ ըստ ցուցանիշների մեր երկիրը գտնվում է  միջազգային դասակարգամ միջին և բարձր զարգացվածությամբ երկրների միջակայքում։ Եթե համեմատելիս լինեն պետք է ասենք, որ գտնվում ենք Գերմանիայի և Լեհաստանի  միջև։ Նկատենք, որ մենք Թուրքիայից ավելի լավ ցուցանիշ ունենք, մինչդեռ վերջինիս բյուջեն  10 անգամ ավելին բարձր է։

Վերադառնալով մեռելածնության կանխարգելմանը՝ ի՞նչ պետք է անել  ռիսկերը նվազեցնելու համար և ի՞նչ նոր միջոցներ է պետք ձեռնարկել․

Մեր երկրի մանկաբարձական ծառայությունը անտենատալ խնամք է իրականացնում, որը ենթադրում է նախածննդաբերական  և ծննդաբերության ժամանակ ընթացող խնամք։ Բայց միայն այդքանը բավարար չէ լավ հսկվող հղիության ընթացք ունենալու համար։ Հիմնական հետազոտությունները, որոնք մենք անում ենք, կանխարգելում են ամենատարածված հիվանդությունները, բայց ուղեցույցները հետազոտությունների ավելի մեծ ծավալ են ընդգրկում։ Կարծում եմ, որ  մեր երկրում պետք է հզորացնել  անտենատալ ծառայությունը։ Այն հղիները, ովքեր նախկինում ունեցել են վիժումներ կամ մեռելածնության դեպքեր, նրանց չի կարելի ստանդարտ սխեմաներով հսկել, այլ անհրաժեշտ է ավելի խորացված հետազոտություն անցկացնել։ Ցավոք, ավելի խորացված հետազոտությունները թանկ են։ Բայց պետք է նաև ընդգծել, որ  քիչ գումար ծախսելով լավ արդյունք ստանալ հնարավոր չէ։ Առողջապահությունն ամենաթանկ ուղղություններից մեկն է, և եթե ուզում ենք իրապես լավ արդյունք ստանալ, այլ ոչ թե թղթի վրա նկարած թվեր, մենք պետք է լուրջ գումարներ ներդնենք։

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ