Գլխավոր էջ Նորություններ Ծխելու համաճարակը նույնպիսի սպառնալիք է ներկայացնում, ինչպես կորոնավիրուսի համաճարակը. փոխնախարար

Ծխելու համաճարակը նույնպիսի սպառնալիք է ներկայացնում, ինչպես կորոնավիրուսի համաճարակը. փոխնախարար

1105
0

«Ծխելու համաճարակը նույնպիսի սպառնալիք է ներկայացնում, ինչպես H1N1-ի եւ կորոնավիրուսային վարակի նման հիվանդությունների համաճարակները»,- այս մասին այսօր խորհրդարանում հակածխախոտային օրինագծի քննարկման ժամանակ ասաց  Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Նրա խոսքով՝ այսօր ծխելու համաճարակը լուրջ սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհին, եւ Հայաստանը բացառություն չէ: Չնայած որ, H1N1-ի, թռչնի գրիպի, SARS-ի, Էբոլայի, ինչպես նաեւ վերջերս հայտնաբերված նոր կորոնավիրուսի համաճարակները աշխարհի երկրների համար լուրջ մարտահրավերներ են, ծխելու համաճարակը հանրությանը պակաս սպառնալիք չի ներկայացնում:

Փոխնախարարի  խոսքով՝ այսօր գործող օրենքներում շատ բացեր կան, ինչի հետեւանքով ծխախոտային արտադրանքն ագրեսիվորեն գովազդվում է, ազատ ցուցադրվում խանութներում, ծխախոտի տուփերը հաճախ դրված են կոնֆետեղենի կողքին, եւ դրանք անչափ գրավիչ տեսք ունեն: Այս ամենն էլ  նպաստում է ծխելու համաճարակի տարածմանը:

«Աշխատողները, հղի կանայք, երեխաներն այսօր պարզապես չեն կարող ապրել, հանգստանալ, աշխատել, խաղալ՝ չենթարկվելով ծխախոտի ծխի ազդեցությանը»,- ասաց Լենա Նանուշյանը՝ նշելով, որ պասիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ ուղղակի չկա:

Փոխնախարարն ընդգծեց, որ նոր օրենքով մտցվող սահմանափակումները պետք է տարածվեն ծխախոտային ամբողջ արտադրանքի վրա, այդ թվում՝ նոր էլեկտրոնային գաջեթների, որոնք չնայած եւ դիրքավորվում են որպես ավելի անվտանգ, իրականում պարունակում են թունավոր, քաղցկեղածին, կախվածություն առաջացնող նյութեր: Եվ հետևաբար դրանք մարդկանց առողջության համար նույնպիսի վտանգ են ներկայացնում, ինչպես սովորական ծխախոտը:

Ըստ Նանուշյանի՝ ծխելու ցանկացած սահմանափակում քայլ է դեպի քաղաքակիրթ աշխարհ: Եվ հակառակը՝ հակածխախոտային օրենքի ընդունման ցանկացած հապաղում ու խոչընդոտներ պատասխանատվություն է ծխելու պատճառով մահվան բոլոր դեպքերի համար:

«Հարգարժա՛ն պատգամավոներ, մի՞թե ժամանակը չէ, որ ծխողները սկսեն մի քանի քայլ կատարել եւ դուրս գան փողոց, որպեսզի երեխաներին եւ չծխողներին վտանգի չենթարկեն: Մի՞թե ժամանակը չէ, որ մենք կանխենք այս համաճարակը՝ թույլ չտալով մեր երիտասարդների շրջանում գովազդի միջոցով վնասակար սովորությունների տարածումը»,- հարցրեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ հակածխախոտային օրինագիծն  ընդունելուց հետո երկրում մի շարք սահմանափակումներ կմտցվեն, որոնք բխում են ինչպես իրենց ծխողների, այնպես էլ չծխողների շահերից:

Ըստ օրինագծի`  կարգելվի ծխել հասարակական վայրերում (արգելքը միանգամից ուժի մեջ չի մտնի, այլ միայն 2 տարի հետո), կարգելվի նաեւ ծխախոտային արտադրանքի ցուցադրումը եւ ցանկացած ձեւով դրա գովազդումը, որպեսզի ծխախոտները չգրավեն երիտասարդների հայացքները և չընդլայնվեն ծխելու համաճարակի սահմանները:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ