Գլխավոր էջ Գլխավոր Քթային արյունահոսության պատճառները և վտանգավոր հետևանքները

Քթային արյունահոսության պատճառները և վտանգավոր հետևանքները

3033
0

Յուրաքանչյուր մարդ  ինչ-որ ժամանակահատվածում բախվել է քթային արյունահոսության խնդրին։ Չնայած` դեպքերի մեծամասնությունում այն հիվանդի կյանքի համար վտանգ չի ներկայացնում, պետք է նշել, որ հաճախակի քթային արյունահոսությունը կարող է վկայել որոշակի հիվանդությունների և պաթոլոգիաների առկայության մասին։

Medmedia-ի հետ զրույցում օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Արմինե Մարտիրոսյանը նշեց, որ քթային արյունահոսության հիմնական պատճառները կարող են լինել տեղային և ընդհանուր:

«Տեղային պատճառներից են տրավմաները, ուռուցքները, պոլիպները, իսկ ընդհանուրի թվին պատկանում են սիրտանոթային հիվանդությունները, լյարդի, արյան համակարգի հետ կապված հիվանդությունները, կարևոր է նաև ժառանգական գործոնը»,- նշեց բժիշկը:

Ամենից հաճախ քթային արյունահոսություն առաջանում է տեղային վնասվածքների, քթում օտար մարմնի առկայության, վարակների, քթի միջնապատի թեքության, ինչպես նաև երկար ժամանակ չոր օդում գտնվելու հետևանքով։ Անսպասելի արյունահոսությունը բավական տարածված է երեխաների շրջանում. քթում մեծ քանակով արյունատար անոթներ կան, որի պատճառով էլ  արյունահոսություն կարող է առաջացնել նույնիսկ դեմքի աննշան վնասվածքը։

Կրկնվող քթային արյունահոսությունները կարող են լրացուցիչ անհանգստություն առաջացնել, բայց դրանք սովորաբար անվնաս են: Այնուամենայնիվ, նման դեպքերում կարելի է դիմել բժշկի, որ  գուցե ձեռնարկի արյունահոսությունների պատճառների ախտորոշումը:

«Չի կարելի գլուխը վեր բարձրացնել: Այդ դեպքում հնարավոր է արյան հոսքը փոխի իր ուղղությունը` լցվելով ստամոքս: Եթե քթային արյունահոսությունը թույլ է, ապա այն կարելի է կանխել տնային պայմաններում` աղաջրով, ստերիլ տամպոններ դնել քթի մեջ, սառույց դնել քթի վրա, սեղմել քթի գագաթը և այլն: Սակայն, երբ արյունահոսությունը ոչ թե կաթիլ-կաթիլ է, այլ բավականին առատ և հաճախակի է, հիվանդանոցում կարող են կատարել քթի արյան անոթների այրում: Իհարկե, եթե արյունահոսությունը բարձր ճնշման ֆոնի վրա է, առաջին քայլով  պետք է իջեցնել ճնշումը: Հակառակ դեպքում`  եթե կատարվի անոթների այրում, ապա բարձր ճնշման հետևանքով  արյունահոսությունը կսկսի մեկ այլ անոթից»,- ասաց Արմինե Մարտիրոսյանն` անդրադառնալով  քթային արյունահոսությունը կանխելու տարբերակներին:

Սառա Հարությունյան 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ