Գլխավոր էջ Գլխավոր Մարատը զոհվել է հերոսաբար` ջոկատի հրամանատարական կազմին օգնություն ցուցաբերելիս․ լուսանկարներ

Մարատը զոհվել է հերոսաբար` ջոկատի հրամանատարական կազմին օգնություն ցուցաբերելիս․ լուսանկարներ

1312
0

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄԱՐԱՏ ԿԱՐԵՆԻ․․․ Ծնվել է 2001թ.-ին, սեպտեմբերի 13-ին, Երևանում։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը խլեց մեր հայորդիներից շատերի կյանքը, նրանց կյանքը, ովքեր արիաբար պայքարեցին, կռվեցին թշնամու դեմ ու մեկ վայրկյան անգամ չմտածեցին իրենց կյանքի ու ապահովության մասին։

Մարատի մայրը՝ Սվետան,  Medmedia.am-ի հետ զրույցում պատմեց, որ որդին հաճախել է  «Էրուդիտ» քոլեջ։ Սովորել՝ Երևանի N 35 դպրոցում (Գոգոլի անվան)։

« Այս դպրոցում որդիս սովորեց  9 տարի, այնուհետև ուսումը շարունակել է Էրեբունի համայնքի N9 ուսումնարանում որպես խոհարար: Սիրված էր ուսուցիչների կողմից, աչքի էր ընկնում իր կարգապահությամբ։ Դպրոցում եղել է հարվածային (գիտելիքն ավելին էր քան գնահատվում էր), իսկ ուսումնարանն ավարտել է գերազանց: Մանկուց զբաղվել է լողով, հաճախել պարի, նվագում էր ու նկարում, սիրում էր ամեն ինչով զբաղվել, հետաքրքրասեր էր: Սիրում էր կյանքը և յուրովի վայելում այն: Ընկերասեր էր, նրբազգաց, բարի ու պարզ, հարգանքով էր բոլորի հետ, տարիքից հասուն էր մտածում, կայուն էր, ընդունակ ու խելացի»,-պատմեց մայրն ու հավելեց, որ շրջապատի հասակակիցների համեմատ շատ հասուն էր, կատակասեր, բայց ոչ բոլորն էին ընկալում կատակները:

«Ավտոմեքենաները Մարատի հոբբին էր, դեռ փոքր տարիքից տարբերում էր բոլոր մակնիշներն առանց բացառության: Մարատն իմ առաջնեկն է, ով երբեք թույլ չի տվել, որ ամաչեմ կամ գլուխս կախեմ իր համար: Մարատն ունի 14 ամյա քույր` Սոֆիս ում հետ շատ կապված էին: 2020 հունվարի 9-ին զորակոչվել է ՀՀ բանակ: Ծառայել է ՀՀ Պն Խնձորեսկում: 2 ամիս անց վաշտի հրամանատարի հրամանով անցել է ծառայության, որպես ավագ հետախույզ: Աչքի է ընկել իր խելացիությամբ և սպորտային կեցվածքով (որոշել էր հայրենիքին պարտքը կատարելուց անմիջապես հետո վերադառնալուն պես ընդունվել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ», շատ էր սիրում սպորտը, զբաղվում էր բոդիբիլդինգով), ինչն էլ իր հերթին նպաստել է հետախուզական ճակատում ընդգրկվելուն»:

Մարատը  պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է Հադրութի և Ջաբրայիլի թեժ մարտերին: 3 անգամ շրջափակման մեջ են ընկել, մահու կռիվ տալով դուրս են եկել շրջափակումից ։ Հերթական ռազմական հետախուզական գործողության ժամանակ զոհվել է հերոսաբար` ջոկատի հրամանատարական կազմին օգնություն ցուցաբերելիս:

Պատերազմի ողջ ընթացքում Մարատը մտահոգվել է բոլոր ընկերների համար։ Ընկերոջն ասել է՝ «արի կողքս ու կողքիցս այն կողմ չգնաս, ոնց որ հետևիցդ ե՞ս ընկել»։ Նշենք, որ զինակից ընկերը վարորդ է եղել, ում մեքենան երկու անգամ պայթեցրել են։Մարատի հոգեհանգստի օրը նրա ընկերը ծանր վիրավորում է ստանում։

« Որդիս զոհվել է արկի բեկորային վնասվածքից, հոկտեմբերի 12-ին Ջաբրայիլում: Մարատս մեր ուրախությունն էր, մեր ամեն ինչն էր։ Զոհվելու առաջին գիշերը ինձ է տեսել երազոմ ու պատմել է երազը մարտական ծառայակից ընկերոջը։Շատ էր ուզում արձակուրդ գալ։ Պատերազմի ընթացքում 2-3 րոպեով զանգում էր հոր հետ էր զրուցում, հարցնում էինք՝ բալես ո՞նցա իրավիճակը, պատասխանում էր՝ «տոշնիա սաղ ,սաղ լավա», մի անգամ չտրտնջաց, չասեց՝ եկեք փրկեք ինձ, վախենում եմ ։Ասում էր, որ գամ շատ բան կպատմեմ ,թե ինչերի մեջով ենք անցել, ինչ «բոյ »ենք տվել։ Հրադադարից մի անգամա հարցրել, պապային ասելա՝ ի՞նչ կա ի՞նչ են ասում: Պապան էլ ասելա, — «տղես չգիտե՞ս, թուրքը թուրքա, մնումա պահի»: Դա առաջին հրադադարի ժամանակ էր, իսկ հաջորդ օրն արդեն զոհվեց որդիս: Երազանքներ շատ ուներ. Երազում էր ավտոմեքենա ունենար, որ autodrive-ի մասնակցեր:

Երազում էր ինստիտուտն ավարտեր ու մարզիչ դառնար: Երազում էր՝ սեփական բիզնեսն ունենալու մասին: Երազում էր ճանապարհորդելու մասին: Թե՛ մեր, թե՛ թագավորիս երազանքներն ու նպատակները մնացին անկատար»,-պատմեց որդեկորույս մայրը․․․

ՍՅՈՒԶԻ Ասատրյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ