Գլխավոր էջ Նորություններ COVID-ի հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել, ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում....

COVID-ի հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել, ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում. Զոհրաբյան

382
0

Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը քննող հանձնաժողովի անդրանիկ նիստում իմքայլական պատգամավորները հարց բարձրացրին՝ ինչպե՞ս է հանձնաժողովն աշխատելու, որպեսզի ապահովի բարձր արդյունավետություն։

Մասնավորապես, իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանը կասկածի տակ դրեց հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը՝ նշելով, որ որևէ երևույթի դեմ պայքարի արդյունավետությունը քննարկելու համար պետք է ավարտված գործընթաց լինի։

«Այն ժամանակաշրջանում, երբ ընդդիմությունը նախաձեռնել էր հանձնաժողով ստեղծել, աշխարհում խոսվում էր, որ մինչև 2021 թվականի գարուն հնարավոր է համավարակը նահանջի։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ նման բանի մասին չենք կարող խոսել։ Ավելին, հիմա, ըստ էության, ՀՀ-ում ամեն օր վիճակն ավելի է լավանում։ Բայց դե, սա էլ վերջնական պատկեր չէ, քանի որ գործընթացը չի ավարտվել։ Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, որ մեր աշխատանքը արդյունավետ կլինի։ Մենք ներքաշվում ենք մի գործընթացի մեջ, որի արդյունավետության գնահատականը դեռևս ողջ աշխարհում չկա։ Չկա՝ որն է լավագույն մոդելը, որին կարելի է հետևել»,- նկատեց պատգամավորը։

Ի պատասխան, հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն ասաց, որ հանձնաժողովը բավականին լայն մասշտաբներով է աշխատելու, լինելու են բժիշկներ, իրավաբաններ, տնտեսագետներ. «Քննարկումների արդյունքում, կարծում եմ, մենք կարող ենք լավ վերլուծություն ներկայացնել»։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս արձագանքեց Արտակ Մանուկյանի խոսքին։

«Ինչպես նկատում եք, խորհրդարանական մեծամասնությունը արդեն իսկ կասկածի տակ է դնում հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը, ինչի հետ ես համաձայն չեմ։ Մենք դեռ չենք ստացել COVID-ի հետ կապված բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Մենք չգիտենք՝ COVID-ի հիմնադրամի գումարներն ինչի՞ վրա են ծախսվել, չենք ստացել հարցի պատասխանը, թե ինչո՞ւ շտապ օգնության մեքենաները չէին արձագանքում, ինչո՞ւ էին մարդիկ մեռնում տներում, թե ինչո՞ւ առողջապահության նախարարն իր համար ստեղծեց ֆավորիտ բուժհաստատությունների ցանկ, և միայն այդ հաստատություններն էին զբաղվում  COVID-ի բուժմամբ։

Ես կարծում եմ, որ հանձնաժողովը բավականին լայն ծավալով քննակելու հարցեր ունի՝ հասկանալու համար, թե մինչև հիմա ինչո՞ւ է իրավիճակը եղել այսպիսին»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ