Գլխավոր էջ Գլխավոր «Քար լռություն»․ 24-ամյա ծննդկանի մահվան չբացահայտված հանգամանքները

«Քար լռություն»․ 24-ամյա ծննդկանի մահվան չբացահայտված հանգամանքները

7002
0

2019 թ-ի սեպտեմբերի 2-ին 24-ամյա  Լուիզա Ավետիսյանը Մարգարյան ծննդատանը, կեսարյան հատման ժամանակ մահացավ։

Այս դեպքին անդրադարձավ գրեթե ամբողջ լրատվական դաշտը, թվում էր՝ մեղավորները անպատիժ չեն մնալու, բայց արի ու տես, որ անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, բայց ոչ մեղավորներն են բացահայտվել, ոչ էլ պատժվել են։ Ցավը մնացել է Լուիզայի հարազատների սրտերում, իսկ փոքրիկ որդին մեծանում է առանց մայրական գուրգուրանքների։

Medmedia.am-ի հետ զրույցում Լուիզայի քույրը՝ Էլիզան նշեց, որ բուժանձնակազմի անուշադրության և ոչ պրոֆեսինոլիզմի հետևանքով կորցրել է իր կրտսեր քրոջը։

«Շատ լավ հղիություն տարավ, իրեն շատ լավ էր զգում, երբեք որևէ բողոք չի ունեցել»,-բազմիցս նշել է Էլիզան ու հավելել, որ քրոջ մահվան հանգամանքները առեղծվածային է։

Հիշեցնենք, որ Լուիզայի հղիությունը հսկել են նույն բուժհաստատությունում՝ Երևանի կենտրոնում գտնվող Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոնում՝ առավել հայտնի որպես Մարգարյանի ծննդատուն։

Առավոտյան ընդհանուր անզգայացմամբ՝ նարկոզով իրականացված կեսարյան հատումից հետո նա այդպես էլ գիտակցության չի եկել։

Հարազատները մեղադրում են կեսարյան հատումն իրականացրած Արմեն Խաչատրյանին, ով մինչ այսօր շարունակում է իր աշխատանքը, հենց նույն ծննդատանը։

Էլիզան մեզ հետ զրույցում նշեց, որ մինչև այսօր «սայլը տեղից չի շարժվել» ու մեղավորները չեն պատժվել։

«Դիմել ենք տարբեր լրատվամիջոցների,բարձրաձայնել և ամենակարևորը դիմել ենք իրավապահ մարմիններին ու փաստաբանի։Գնալու ենք մինչև վերջ,չհանձնվելով ու չխնայելով ոչինչ, մինչև որ մեղավորը պատժվի օրենքի ամբողջ դաժանությամբ»,-նշեց Էլիզան ու հավելեց, որ այս ամիսների ընթացքում բժշկին չեն հանդիպել։

«Չենք հանդիպել մեղավորներից ոչ ոքի,քանի որ գործընթացը լրջորեն վարում են փաստաբաններ և հուսանք ամեն հարց կլուծեն օրենքի շրջանակներում, որպեսզի շարունակական բնույթ չունենա։ Եվ ոչ թե ակնկալում ենք,այլ պահանջում ենք արդար քննություն։ Եթե օրենքով չլուծվեց, ապա մենք մեր անձնական միջոցներով կլուծենք այս հարցը»,-նշեց Լուիզայի քույրը և հավելեց, որ այս ամենում միանշանսկ բժշկական սխալ ու մեղավորություն կա․

« Ու առհասարակ, մեր դեպքը նրա համար միակը չեր , նա կարողացել է միշտ ջրից չոր դուրս գալ,բայց մենք հավատացնում ենք որ չենք լռելու։ Ինքն էլ շատ լավ գիտակցում է իր սխալը և իր բառերն էր <<չհասկացա ոնց եղավ>>, այսինքն, ամեն ինչ անում է ու անելու է իր մարդասպանի կաշին փրկելու համար։Այս ընթացքում ժամանակը նրա օգտին եղավ ,շարունակեց սպանդանոցում աշխալել,բայց այսպես չի մնա»,-հավաստիացրեց Էլիզան։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը դեպքի առիթով հայտնել էր․

«Այն պահից, երբ առողջապահության նախարարությանը տեղեկացվել է դեպքի մասին, լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն և կազմակերպվել է կոնսիլիում:

Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել։

Նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը մշտապես մանրակրկիտ քննարկում է բոլոր մայրական մահերը, դրանց պատճառները վերհանելու և հետագայում առավելագույնս վերացնելու համար»։

Անցել է մեկ տարուց ավել ժամանակ ու Լուիզայի հարազատները հույսով սպասում են, որ գոնե այս անգամ մեղավորը կստանա արժանի պատիժ։

ՍՅՈՒԶԻ Ասատրյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ