Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել բուժծառայությունների համար ԱԱՀ ներդնումը․ մասնագետներ

Հայաստանում ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել բուժծառայությունների համար ԱԱՀ ներդնումը․ մասնագետներ

312
0

Տարեվերջին Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ հարկային քաղաքականության ճեղքը, կամ, ինչպես տնտեսագետներն են նշում, բյուջեի ճեղքը լրացնելու համար կառավարությունը կրկին քաղաքացիների գրպանն է մտնում:  Հիշյալ որոշմամբ կառավարության նպատակն է՝ առողջապահության ոլորտը հանել ԱԱՀ-ից ազատման արտոնություններ ունեցող գործողությունների շրջանակից, ինչ արդյունքում 20%-ով կթանկանան առողջապահական ծառայությունները։ Այսօր 168․am-ի տաղավարում քննարկվել է ԱԱՀ արտոնության վերացման հետևանքները՝ առողջապահության ոլորտում։ ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանի կարծիքով ԱԱՀ արտոնությունն առողջապահական ոլորտից հանելը ոչ լավ ձևակերպած որոշում է, որև ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ պետական կառավարման համակարգը բավականին թույլ է։

«Կառավարությունն իր ֆինանսական հոսքերում ունի որոշակի քանակի ճեղք և այդ ճեղքը փակելու համար ելքեր է որոնում։ Այն փաստը, որ չեն ներկայացնում այդ ճեղքի մեծությունը երկու բացատրություն կարող է ունենալ՝ առաջինն այն է, որ իրենք էլ չգիտեն ճեղքի մեծության քանակը, երկրոդ՝ գիտեն, բայց չեն ասում» ։

Պարոն Քյուրումյանի խոսքով փաստաթղթում կան մի շարք հարցեր, որոնք ոչ առողջապահակն են սակայն մտահոգիչ են։

«Օրինակ փաստաթղթում խոսվում է ագրեսիվ հարկային պլանավորման մասին․ նման հասկացություն մեր հարկային օրենսգրքում չկա»։

Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի գնահատմամբ՝ որոշման հավելվածում ներկայացված  ճեղքի մեծության չափը վկայում է մեկ այլ, բավականին լուրջ խնդրի մասին: Ըստ փորձագետի՝ բացի ֆինանսական ճեղքի լրացումից ու առողջապահական ծառայությունների վրա ԱԱՀ կիրառումից, պետք է նայել մեդալի հակառակ կողմը՝ դա  մարդկային կյանքն է, առողջությունը, որը պահանջում է կատարել որոշակի ծախսեր:

«Այս ծախսերի տեսանկյունից, երբ  մենք դիտարկենք, միգուցե այն նպատակները, որը դրել է կառավարությունը կամ ֆինանսական բլոկն իր առջև՝ այդ հարկային լրացուցիչ մուտքերի միջոցով որոշակի խնդիրներ լուծի, այդ ծախսերի տեսանկյունից իրենք կարող են ավելի աղետալի լինել և ընդհանրապես համադրելի չլինեն այն ակնկալվող եկամուտների հետ, որոնք  նրանք ցանկանում են ունենալ» ։

Անդրադառնալով որոշման հիմնավորումներին, որտեղ նշված է նաև, թե առողջապահական ոլորտի ծառայությունների վրա ԱԱՀ կիրառումը հնարավորություն կտա հասարակության սոցիալապես դժվար վիճակում գտնվողներին օգտվել առողջապահական պետպատվերով  ծառայություններից, Խարազյանը նշեց, որ ինչպես այս, այնպես էլ ՝ մյուս հիմնավորումները հավատ չեն ներշնչում: Փորձագետը հիշեցրեց 2000-2001թթ.՝ դեղերի նկատմամբ ԱԱՀ կիրառման փորձը, երբ նախատեսված էր, որ ԱԱՀ կիրակումից գոյացած գումարներն ամբողջությամբ պետք է նպատակաուղղվեն դեպի առողջապահության ոլորտ, բայց «ոչ մի լումա չհատկացվեց առողջապահական ծրագրերի իրականացմանը»:

«Ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ այս ԱԱՀ կիրարկումից հետո նման ներարկումներ առողջապահական ծրագրերին և առողջապահական համակարգում ընդհանրապես կարող են տեղի ունենալ, մանավանդ, եթե ոչ մի թվային տվյալներ չկան, այսինքն՝ հնարավոր չէ իրականացնել որևէ կանխատեսում»,- նշեց Սամվել Խարազյանը:

Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը կարծում է, որ բուժծառայությունների համար ԱԱՀ ներդնումը կբարձրացնի դրանց արժեքը, ինչը, բնականաբար, երկրի բնակիչների մեծամասնության համար դրանք պակաս մատչելի կդարձնի:

Մասնագետի խոսքով՝ 2019 թվականի տվյալներով Հայաստանի քաղաքների բնակիչների 26 տոկոսը եւ գյուղերի բնակիչների 32 տոկոսը աղքատության մեջ է ապրում: Շատերը խնդիրներ ունենալիս բժշկի չեն դիմում ուղղակի այն պատճառով, որ դա իրենց թույլ տալ չեն կարող: Ավելին՝ երկրի բնակչության 71 տոկոսը չի կարող իրեն թույլ տալ 45 հազար դրամ եւ ավելի չափով չնախատեսված ծախսեր:

Եթե երկրում բուժծառայությունների արժեքը 20 տոկոսով աճի, ապա, մասնագետի խոսքով, դա կհանգեցնի այն բանին, որ ավելի քիչ թվով մարդիկ կսկսեն բժշկի դիմել, ինչն իր հերթին կմեծացնի հիվանդացության եւ մահացության ցուցանիշները, այդ թվում՝ քրոնիկական ոչ ինֆեկցիոն հիվանդությունների, որոնք այսօր երկրում առաջին տեղում են:

Այս ամենը հազիվ թե դրական անդրադառնա երկրի տնտեսական իրավիճակի վրա, քանի որ ուղիղ կապ կա բնակչության առողջության եւ տնտեսական աճի միջեւ:

«Այսօրվա գործող առողջապահությոան համակարգը արդեն իրեն սպառել է։ Մեզ մոտ համակարգային լուծումներ չկան, գործող պետպատվերի համակարգը ևս իրեն վաղուց սպառել է։ Համակարգային լուծումներ և փոփոխություններ են պետք»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ