Գլխավոր էջ Uncategorized Ո՞ր դեպքերում է ցուցված դեքսամետազոնը կորոնավիրուսի ժամանակ

Ո՞ր դեպքերում է ցուցված դեքսամետազոնը կորոնավիրուսի ժամանակ

250
0

Շատ բժիշկներ այսօր նշանակում են կորտիկոստերոիդ դեքսամետազոն կորոնավիրուսով վարակված գրեթե բոլոր պացիենտներին: Սակայն այդ դեղամիջոցը կոնկրետ ցուցումներ ունի, եւ այն բոլորին նշանակելը սխալ է՝ պնդում է ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ դեքսամետազոնը հաճախ նշանակում են ոչ միայն սխալ՝ առանց ցուցումների առկայության, այլ նաեւ բարձր դեղաչափով, որի անհրաժեշտությունը չկա:

Համաձայն բոլոր ցուցումների, մասնագետի խոսքով, դեքսամետազոնի նշանակումը ցուցված է, եթե կորոնավիրուսով վարակված պացիենտի մոտ թթվածնային քաղց է նկատվում, իսկ սատուրացիան 90 տոկոսից ցածր է: Սակայն այդ դեպքերում դեղամիջոցը պետք է նշանակել քիչ դեղաչափով (6 մգ) 7-10 օրվա ընթացքում:

Նշենք, որ շատ հետազոտություններ ցույց են տվել, որ հիդրոկորտիզոնի եւ դեքսամետազոնի կիրառումից դրական արդյունքը արտահայտվում է քիչ դեղաչափի կիրառման դեպքում: Իսկ բարձր դեղաչափի կիառումը հավելյալ առավելություն չի տալիս:

Հիշեցնենք, որ կորտիկոստերոիդները հորմոնալ դեղամիջոցներ են, որոնք առավել հաճախ օգտագործվում են ալերգիկ եւ աուտոիմունային հիվանդությունները բուժելու համար: Իմունային համակարգի չափից շատ ռեակցիան ճնշելու ունակությունը դրանց օգտակար է դարձնում նաեւ փոխպատվաստումների ժամանակ՝ դրանք օգնում են կանխել փոխպատվաստված օրգանների մերժումը:

COVID-19-ով որոշ պացիենտների մոտ բարդություններ են առաջանում, որոնք հայտնի են որպես «ցիտոկինային փոթորիկ»՝ իմունային համակարգի վտանգավոր եւ պոտենցիալ մահացու ռեակցիա: Կորտիկոստերոիդները ճնշում են իմունային համակարգը, որի շնորհիվ օգնում են խուսափել դրա չափից ավելի ռեակցիայից եւ դրանից բխող խնդիրներից:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորտիկոստերոիդների, այդ թվում՝ դեքսամետազոնի օգտագործումը բարելավում է COVID-19-ի ծանր տեսակով պացիենտների գոյատեւման ցուցանիշները: Այս մասին ապացույցներ է ներկայացրել նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ