Գլխավոր էջ Գլխավոր Ավանեսյանը Արսեն Թորոսյանի տրամաբանական շարունակությունն է

Ավանեսյանը Արսեն Թորոսյանի տրամաբանական շարունակությունն է

761
0

Երեկ՝ հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը՝ ազատվելով առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նման նշանակումը, թերևս, Փաշինյանի հերթական անհասկանալի քայլն էր, թեկուզ միայն այն պատճառով, որ նորանշանակ նախարարը չունի մասնագիտական կրթություն։ Հիշեցնենք, որ տիկին Ավանեսյանը իրավագետ է։

Նոր նշանակումը առողջապահական համակարգի  աշխատակիցների շրջանում  միանշանակ չընդունվեց։ Հնչեցին տարբեր կարծիքներ՝ այդ թվում՝ մի՞թե ավելի տեղին նշանակում հնարավոր չէր կատարել կամ մի՞թե չկային ավելի կոմպետենտ մասնագետներ, ովքեր ունեն բժշկական կրթություն։

Թեմայի վերաբերյալ MedMedia.am-ի թղթակիցը զրուցեց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի հետ։

«Եթե Ավանեսյանի նշանակումը տրամաբանական էր փոխնախարարի պաշտոնին, ապա տրամաբանական է նաև նախարարի պաշտոնին։ Ունենք այն, ինչ որ ունենք»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ նշանակումը տրամաբանական չէ, բայց նման նշանակումները սկսվել են դեռ 2 ու կես տարի առաջ՝ Արսեն Թորոսյանի նշանակումով։

«Մի՞թե Արսեն Թորոսյանի նշանակումը տրամաբանական էր, նրա ամբողջ գործունեությունը տրամաբանակա՞ն էր, որ հիմա  էլ Ավանեսյանին ենք քննարկում։ Ավանեսյանը Արսեն Թորոսյանի տրամաբանական շարունակությունն է, որը տրամաբանական է։ Տրամաբանական էր, որ Թորոսյանից հետո Ավանեսյանը կգա, բայց թե ի՞նչ կլինի Ավանեսյանից հետո՝ վախենում եմ մտածել»,-ասաց նա։

Հարցին, արդյո՞ք նախկին նախարար Թորոսյանի մտերիմ շրջանակում չկան ավելի կոմպետենտ մասնագետներ, որոնցից մեկին կարող էին նշանակել նախարար, եթե ցանկանում էին իրենց մտերիմներից կամ աշխատակիցների շրջանում կատարել ընտրությունը՝ Հովհաննիսյանը պատասխանեց․«Թորոսյանի մտերիմ շրջանակներում կոմպետենտ մասնագետներ չկան, ներառյալ՝ Թորոսյանը, իսկ մնացած կոմպետենտ մարդիկ նրանց հետ չեն աշխատելու։ Նրանք չեն աշխատի առողջապահության համակարգի կործանման վրա, ինչպես մենք մեր թիմով դիմում գրեցինք և դուրս եկանք, քանի որ չէինք ցանկանում կործանել, մասնակից լինել մեր ստեղծածի կործանմանը»։

Զրույցն ամփոփելով՝ Հովհաննիսյանը նշեց, որ իրեն հարգող բուժաշխատողը նրանց ծրագրերում չի մասնակցի։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ