Գլխավոր էջ Գլխավոր Զինակից ընկերոջն ասել է՝ իմ խաչը վիզդ գցի, ինձ եթե ինչ որ...

Զինակից ընկերոջն ասել է՝ իմ խաչը վիզդ գցի, ինձ եթե ինչ որ բան լինի, այն հորս կտաս․ լուսանկարներ

3057
0

Գոռ Գարեգինի Եղիազարյան, ծնվել է 2000թ-ի հուլիսի 7-ին, Երևանում․․․

Գոռը մեր նահատակված հերոսներից է, ում մասին կարելի է խոսել անդադար։ Մարտական ընկերները պատմում են, որ նա մարտի դաշտում եղել է խիզախ ու անվախ․

«Հետդարձ չկա, միայն առաջ»,-ասել է նա ու կռվել, ոչնչացրել թշնամուն ու վերջինիս տեխնիկան։

Medmedia.am-ը զրուցեց Գոռի մայրիկի՝ Նունե Կարապետյանի հետ, ով կիսվեց իր հիշողություններով ու պատմեց որդու մասին։

« Գոռս սովորել է 186 հիմնական դպրոցում , եղել է աշխատասեր,  թասիբով, հարգանքով տղա։ 2020թ-ի հունվարի 19-ին զորակոչվեց բանակ։ Չէր խուսափում ծառայությունից, երբեք չի բողոքել, չի տրտնջացել։ Տղաս ծառայել է Հադրութի 1 զորամասում։ Իսկ այսօր արդեն իմ կողքին պետք է լիներ, քանի որ հունվարի 17-ին զորացրվելու էր, բայց ավաղ պատերազմը տարավ նրան»,-նշեց որդեկորույս մայրը։

Գոռը հայրիկի հետ խոսելիս, ասել է, որ հինգ տանկ է խոցել։

«Հայրիկի հետ խոսելուց ասել էր՝ «հինգ տանկ եմ խոցել պապ», հետո կատակով նշել էր, որ իջնի դիրքերից իրեն հերոսի կոչում կտան»,-հիշում է մայրը ու ասում, որ  տղան հայրիկին պատմել է, որ շատ թուրքեր է սպանել ու այդ մեղքով ո՞նց է շարունակելու ապրել, «չէ՞ որ նրանք էլ , ամեն դեպքում մարդ են»․․․

Հեռախոսով խոսելիս միշտ ասել է, որ լավ է, ամեն բան նորմալ է։ Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 11-ին։

«Ամսի 12-ի առավոտյան ժամը 5-ին թեժ մարտեր են եղել , ԱԹՍ-ի հարվածից վիրավորում է ստացել մարմնի տարբեր հատվածներում։ Այդ ժամանակ նա գիտակցությունը կորցրած չի եղել, զինակից ընկերոջն ասել է իմ խաչը վիզդ գցի, ինձ եթե ինչ որ բան լինի, այն հորս կտաս։ Տղայիս տեղափոխել են Կարմիր Շուկա, այնտեղ վիրահատել են, իսկ երկրորդ վիրահատության ժամանակ տղայիս սիրտը պարզապես չի դիմացել , նա մահացել է։ Գոռիս մեկ շաբաթ շարունակ փնտրում էինք բոլոր հիվանդանոցներում, որովհետև մեզ ասել էին՝ վիրավոր է, բայց ամսի 19-ին գտանք Գոռիս անշնչացած մարմինը, հուղարկավորեցինք ամսի 22-ին, Թոխմախի գերեզմանատանը»։

Գոռի հետ անմահացել են նաև իր մարտական ընկերները՝ Հայկը(Ռիժիկը), Մխիթար Գալեյանը, Սամվել Անտոնյանը, Յուրի Սարգսյանը։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ