Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ է մեզ հարկավոր մարմինների նույնականացման գործընթացը արագացնելու համար

Ի՞նչ է մեզ հարկավոր մարմինների նույնականացման գործընթացը արագացնելու համար

740
0

Այսօր առաջնային քննարկման կարևոր թեմա է զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը։ Ցավոք, այդ գործընթացը տևելու է բավականին երկար, ինչպես ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանն էր ասում, մինչև մեկ տարի կարող է տևել։ Այս ընթացքում որդեկորույս ծնողները ստիպված են սպասել, բայց քիչ չեն դեպքերը, երբ ԴՆԹ հետազոտության պատասխանները սխալ են եկել։ Այստեղ բավականին ցավոտ իրավիճակում են հայտնվում հենց ծնողները։

Սկզբնական շրջանում գործընթացը բավականին բարդ էր, քանի որ Հայաստանն ուներ ԴՆԹ հետազոտության ընդամենը մեկ սարքը, որը ձեռք էր բերել 2018 թ-ի դեկտեմբերին։  Նշենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ։

«Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ արյունակցական կապի հաստատման միջոցով։ Արդյունքում ստացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ»,-նշված էր հաղորդագրությն մեջ։

Medmedia.am-ի հետ զրույցում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ այս հարցը այն խնդիրներից է, որն առաջնահերթ լուծման կարիք ունի և երևի չափազանցություն չէր լինի ասել, որ այն բոլորիս բարոյական պարտավորությունն է զոհվածների ընտանիքների հանդեպ։

«Ինչ վերաբերում է այդ սեքվինատոր կոչվող սարքի ձեռքբերմանը, ապա մենք պետք է լինենք օբյեկտիվ, և ես ուզում եմ ընդգծել, որ մինչև վերջերս ԴԲԳԳԿ-ում գործող միակ սարքը հնարավոր եղավ գնել միայն հեղափոխությունից հետո։ Չեմ ուզում, շատ մանրամասներ հայտնել, բայց մինչև հեղափոխությունը ֆինանսավորում ստանալու մեր նախաձեռնած բոլոր փորձերը ձախողվել էին։ Հայտնի է, որ երկրորդ սարքը գնվեց և գործարկվեց վերջերս»,-նշեց մասնագետը ու հավելեց, թե  այստեղ խնդիրը ոչ այնքան սարքավորումների քանակի մեջ է, որքան մասնագետների քանակի և համապատասխան նյութերի անջատման տեխնոլոգիական շղթայի, որը բավականին ժամանակատար ու նուրբ գործընթաց է։

«Միևնույն ժամանակ, ցանկացած հնարավորություն պետք է օգտագործել այդ պրոցեսը հնարավորինս արագացնելու համար, այդ թվում հրատապ մասնագետներ վերապատրաստելու և  անհրաժեշտության դեպքում մեզ բարեկամ երկրների օգնությանը դիմելու միջոցով»,-նշեց նա։

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, երկրորդ սեկվենատորը արժեցել է 250մլն դրամ։

ՍՅՈՒԶԻ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ