Գլխավոր էջ Օրվա թեման Վարակված առնետ, շուն, կատու, ագռավ․ աղբավայրեր, որոնք «սպանում» են մեզ

Վարակված առնետ, շուն, կատու, ագռավ․ աղբավայրեր, որոնք «սպանում» են մեզ

975
0

Էրեբունի համայնքի բնակիչները բազմիցս բողոքել են ու բարձրաձայնել, որ Նուբարաշենի  քաղաքային աղբավայրը սպառնալիք է , հատկապես ամռան ամիսներին՝ մաքուր օդի «կարոտ» են։ Նշենք, որ այս աղբավայրն իր մեծությամբ հանրապետությունում ամենախոշորն է՝ 52,3 հեկտար տարածքով և Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու։

Medmedia.am-ը շարունակաբար կանդրադառնա աղբավայրերի այրման հետևանքով մարդկությանը սպառնացող վտանգներին ու այն ծրագրերին, որոնք նախատեսված են աղբավայրերի փակման կամ դրանց գործունեությունն էլ ավելի անվտանգ դարձնելուն։

Մեր զրուցակիցը բնապահպան Սիլվա Ադամյանն է, ով բազմիցս անդրադարձել է այդ խնդրին ու պատկան մարմինների ուշադրությունը սևեռել, բայց ինչպես  նա  է ասում, հիմնականում անպատասխան է մնացել։

«Նախ նշեմ, որ  թափոնների մեծ մասի ինքնայրման ու թերայրման հետեւանքով մթնոլորտ են արտանետվում տարբեր տիպի թունավոր ու քաղցկեղածին նյութեր։ Հայաստանում աղբավայրերը մնացել են այնպիսին, ինչպիսին սովետական ժամանակներում էր, դրանք բաց աղբավայրեր են։ Մեր երկրում շատ են օրինական ու անօրինական աղբավայրերը, այդպիսի աղբավայր կա նաև Աբովյանում, որը կրկին քաղաքացիների կողմից է ձևավորվել։ Մարդիկ իրենց կենցաղային աղբը շատ դեպքերում նետում են կիրճեր ու այդպիսով իրենք իրենց համար ստեղծում են աղբավայրեր»,-ասաց մեր զրուցակիցը։

Սիլվա Ադամյանը նշեց, որ մենք համարյա չունենք վերամշակման գործարաններ, մի քանիսը կան որոնք պլաստիկ շշերն են մշակում․

«Նուբարաշենում բիոգազ են ստանում ճապոնացիները, դա շատ լոկալ գործողություն է, մասշտաբային մոտեցում մեզ մոտ չկա։ Մենք չունենք նման գործարան , որը աղբ կմշակի, ինչպես արտերկրից եկած կոլեգաներն են պատմում, օրինակ՝ Շվեդիայում աղբ չկա, այն գնում են արտերկրից ու վերամշակում։ Ինձ համար զարմանալի է այսօր՝ Երևանում աղբի սորտավորումը, մի տեղում պլաստիկե շշեր, մի տեղում կենցաղային աղբ, հետո՞, հետո ի՞նչ եք անելու, ի վերջո կրկին նույն աղբավայրն եք տանելու չէ՞»,-հարցադրեց բնապահպանը։

Տիկին Ադամյանը նշեց, որ աղբավայրերի բաց շահագործումից դիօքսիններ են արտադրվում (Դիօքսինները խիստ թունավոր քիմիական միացությունների խումբ են, որոնք վնասակար են առողջությանը: Դրանք կարող են խնդիրներ առաջացնել վերարտադրության, զարգացման և իմունային համակարգի հետ) ու արտանետվում է բնություն, որը խիստ վտանգավոր է մարդու առողջության համար։

«Աղբավայրերի  միջոցով ինֆեկցիաներ են տարածվում, եթե գոնե մեկ ժամ պտտվեք աղբավայրի մոտ, կտեսնեք բազմաթիվ շների, կատուների, առնետների, ագռավների, կաչաղակների ու ճայերի, որոնց միջոցով վարակները տարածվում են։ Ամենածայրահեղ ինֆեկցիաները, իհարկե առնետների միջոցով է տարածվում, օրինակ՝ ժանտախտը։ Բավական չէ մենք կենցաղային աղբն ենք էնտեղ թափում, մյուս կողմից էլ դիմակներ ու ձեռնոցներ ենք թափում, որոնք այդպես բաց էլ մնում են ու վարակի բուն են(այս թեմային մանրամասն կանդրադառնանք առաջիկայում)»,-նշեց բնապահպանը ու հավելեց, որ բազմաբնակարանային շենքերում առնետները շատացել են ու դրա պատճառը հենց աղբատարներն են։

Նշենք, որ կան շենքեր, որտեղ բնակիչները որոշել են աղբատարները փակել, պատճառաբանելով, որ ամեն քայլափոխի առնետների են հանդիպում։

Մեզ հետ զրույցում Երևանի 16-րդ թաղամասի բնակչուհի Սոֆին նշեց, որ իրենց շենքում արդեն մեկ տարուց ավել է աղբատարը փակել են․

«Աղբի հոտին այլևս դիմանալ չէր լինում, առնետներն անգամ վերելակ էին մտնում, մի օր տարա աղբը թափելու, տեսա, որ բավականին մեծ առնետ, կանգնել է աղբատարի դռան վրա, իսկ հիմա առնետները վերացել են, մենք նախընտրում ենք հեռու տեղում տանել ու աղբը թափել, քան ամեն օր մեր դռների մոտ առնետների հանդիպել»,-նշեց մեր զրուցակիցը։

Հավելենք նաև, որ  աղբը լիովին փոխում է իր բնույթը, երբ հանդիպում է իր «նմաններին»: «Մեծ քանակությամբ աղբի կուտակումները կարող են  պայթյունավտանգ լինել։

« Անընդհատ իրար վրա կուտակվող աղբածածկ տարածքներում ստեղծվում է առանց թթվածնի միջավայր, այստեղ կուտակվում են զանազան քիմիական միացություններ, որոնք պետք է ինչ-որ տեղից դուրս գան: Արդյունքում աղբը կամ ինքնահրկիզվում է կամ պայթում»,-նշեց բնապահպանը։

Չնայած, որ նման իրավիճակից խուսափելու ելք կա․ օրինակ՝  աղբը համապատասխան հերմետիկ թաղանթով և հողի շերտով ծածկելն է, որի տակով անցկացվում են հատուկ խողովակներ: Հենց այստեղից էլ կուտակված գազը դուրս է գալիս: Հաճախ այդ գազը կուտակում են ու դրանից էլեկտրականություն ստանում: Գրեթե նույնպիսի մեխանիզմ գործում է նաև Նուբարաշենի աղբավայրում:

« Պարզապես աղբին հատկացված 52 հեկտարից ընդամենը 8-ի վրա: Այս նախագիծը իրականացվել է ճապոնական «Շիմիձու» կորպորացիայի և Երևանի քաղաքապետարանի համաձայնագրով: Փորված հորանցքներով և հորիզոնական գազամուղներով կուտակվող մեթան գազը մղվում է կենտրոնական ուղղահայաց խողովակ և այրվում»,-նշեց մեր զրուցակիցը։

Շարունակելի․․․

Զրուցեց՝ ՍՅՈՒԶԻ Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ