Գլխավոր էջ Գլխավոր Քաղցկեղով հիվանդների վիրահատությունների մեծ մասը արվում են մեծ թերացումներով

Քաղցկեղով հիվանդների վիրահատությունների մեծ մասը արվում են մեծ թերացումներով

5951
0

Ամբողջ աշխարհում ուռուցքային հիվանդություններ ունեցողների թիվը շարունակաբար աճում է: Քաղցկեղը հիվանդացության եւ մահացության ցուցանիշով երկրորդ տեղում է` սրտանոթային հիվանդություններից հետո: Քաղցկեղի բուժման ամենատարածված մեթոդներն են վիրաբուժությունը, ճառագայթային թերապիան եւ քիմիաթերապիան: Հիվանդության հաղթահարումը պահանջում է համալիր մոտեցում:

Հայաստանում ուռուցքաբանության արդի խնդիրների մասին Medmedia-ն զրուցել է ուռուցքաբան, քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանի հետ:

 Ըստ Ձեզ ` որո՞նք են Հայաստանում ուռուցքաբանության արդի  խնդիրները

Ուռուցքաբանության կարևոր խնդիրներից մեկը ֆինանսականն է, քանի որ ուռուցքաբանության մեջ կիրառվող բուժման մեթոդները բավականին թանկարժեք են` համեմատած բժշկության այլ ոլորտների: Մասնավորապես, թանկարժեք են դեղորայքային միջոցները, որոնք կիրառվում են ուռուցքաբանության մեջ` քիմիոթերապիան, նոր սերնդի դեղերը, թիրախային բուժման դեղերը, իմունոթերապիան և այլն: Ցավոք, մեր երկրի ֆինասական հնարավորությունները թույլ չեն տալիս, և մոտակա տարիները թույլ չեն տա, որ բոլոր մեր քաղաքացիներին անվճար տրամադրվեն այդ դեղամիջոցները: Մյուս կողմն էլ խնդրի այն է, որ եթե պետությունը չի կարողանում անվճար տրամադրել դրանք, միջին աշխատավարձն էլ այնքան բարձր չէ,  ապա քաղաքացիներն իրենց չեն կարող թույլ տալ այդ դեղամիջոցները: Ուռուցքաբանության մեջ դեղորայքային բուժումն ունի առանցքային դեր: Եթե չկա լավ դեղորայքային բուժում, ապա չարորակ ուռուցքներով հիվանդների մի մեծ զանգված  կստանա թերի բուժում, և արդյունքն էլ այն չի լինի: Ավելի լավ հասկանալու համար նշեմ, որ դեորայքային բուժումն ավելի մեծ դեր ունի ուռուցքաբանության ոլորտում, քան վիրաբուժությունը:

Խնդիրներից մյուսն այն է, որ կան շատ բարդ վիրահատություններ, իսկ այդ բարդ վիրահատությունները սովորելու համար մասնագետները պետք է մեկնեն արտասահման` Եվրոպա կամ ԱՄՆ:  Այդ ուսման վրա պետք է գումարներ ծախսել, տարիներ ծախսել, և այն մասնագետը, որ այդ ամենն ինչն արդեն արել է,  համապատասխան բարձր գին է սահմանում վիրահատության համար. նա ներդրում է արել, և պետք է արդյունքն արադարացնի ներդրումը: Այդ պատճառով էլ նման վիրահատությունները թանկ արժեն: Կարող ենք ասել, որ սա  ֆինանսական խնդիրների մի մասն է:

Ուռուցքաբանության մեջ դեղորայքային բուժումից և վիրաբուժությունից բացի` մյուս կարևոր թևը ճառագայթային բուժումն է:  Այն իրականացվում է թանկարժեք սարքավորումների միջոցով: Մեր երկրի բնակչույթունը հաշվի առնելով` կարծում եմ, մոտ չորս նմանատիպ սարք է հարկավոր, սակայն դրանցից յուրաքանչյուրը  գնելու և շահագործելու համար մոտ 5 մլն դոլար է հարկավոր: Սրանք բոլորը ծախսերի հետ կապված են և ներառվում են ֆինանսական խնդիրների մեջ, որոնք անմիջապես ազդում են բուժման արդյունավետության վրա: Չես կարող շատ էժան միջոցներով քաղցկեղի դեմ պայքարել, ամբողջ աշխարհում ուռուցքաբանությունն ամենածախսատար ոլորտներից մեկն է:

Ֆինանսական սեկտորից բացի` այլ ինչ խնդիրներ կան ուռուցքաբանության ոլորտում

Մյուս խնդիրը առավել շատ կազմակերպչական է և սա վերաբերում է Հայաստանի բժշկության բոլոր ոլորտներին, ոչ միայն ուռուցքաբանությանը:  Բայց ես` լինելով ուռուցքաբան, կխոսեմ միայն այս ոլորտի մասին: Խնդիրն այն է, որ չկա բժիշկների գործունեության վերահսկողություն: Այսինքն, ես բուժում եմ հիվանդներ: Ո՞վ գիտի` ես լա՞վ եմ բուժում, թե՞ վատ: Բուժառուն էլ չունի մասնագիտական հմտություններ հասկանալու համար` արդյոք բժիշկը արդյունավետ է բուժում, թե ոչ:  Արդյունավետ բուժելը վիճակագրություն է: Օրինակ, թե 100 քաղցկեղով հիվանդից որևիցե փուլում քա՞նիսն են առողջացել: Կան բուժման միջազգային արձանագրություններ, բայց չկա այն մարմինը, որ պետք է հետևի` բժիշկը հետևում է արձանագրություններին, թե ոչ: Չկա որակը հսկող ինչ-որ գերատեսչություն, մարմին, կառույց, որը կվերահսկի բժիշկների աշխատանքը: Ցանկացած արտադրանք կամ ծառայություն, որ մատուցվում է, անցնում է որակի հսկողություն: Եվ սա շատ կարևոր հարց է: Կան մասնագետներ, որ լավն են, կան մասնագետները, որ վատն են: Այստեղ տուժում է միայն հիվանդը:

Այդ դեպքում  Առողջապահության նախարարությու՞նը պետք է վերահսկի, թե՞ անկախ որևիցե կառույց

Կամ նախարարությունը պետք է վերահսկի, կամ  էլ դա կարող է լինել նախարարությունից անջատ կառույց, որն ունենա լիազորություն`  պետական մակարդակով նման լուրջ հարցեր լուծելու: Եվ այս վերահսկողությունն այդքան ֆինանսներ չի պահանջում, ինչպես ասենք դեղորայքային բուժումը և այլն:

Ի՞նչ եք կարծում, բժիշկները դրական կարձագանքեն այդ վերահսկող կառույցի ստեղծմանը

Բժիշկների մեծ մասը  բացսական կարձագանքի, որովհետև նրանցից շատերը անբարեխիղճ են աշխատում: Նրանք չեն հետևում միջազգային ստանդարտներին, արձանագրություններին, և նրանց  դուր չի գա, որ ինչ-որ մեկը վերևից պետք է պահանջի ու հսկի իրենց աշխատանքը:

Մասնագիտական որակի պակաս կա՞ Հայաստանում

Խնդիրներից մյուսը մասնագիտական որակի պակասն է: Եթե անգամ բժիշկը չափազանց բարեխիղճ է, նա պետք է մեկնի վերապատրաստումների արտասահմանում` նոր հմտություններ ստանալու համար: Այստեղ արդեն պետք է պարտադրվի կլինիկաներին իրենց վիրաբույժներին  ուղարկել վերապատրաստման: բացի դրանից, այսօր ցանկացած լավ բժիշկ, ստանում է այնքան աշխատավարձ, որ կարող է իրեն թույլ տալ տարին մեկ անգամ ինչ-որ մի կարևոր կոնֆերանսի մասնակցել: Ստացվում է` դա կամ կլինիկան պետք է  անի, կամ բժիշկը:

Այդ դեպքում`  սկսնակ բշիժկներն ինչպե՞ս կարող են վերապատրաստման մեկնել

Եթե սկսնակ մասնագետ է, դեռ չի կայացել որպես բժիշկ, նրան պետք է օգնի կամ համալսարանը, որտեղ նա սովորում է, կամ Առողջապահության նախարարությունը: Մեկ բան էլ ավելացնեմ, այսօր գործում է բժիշկների լիցենզավորման գաղափար` ցավոք դեռ ձևական երևույթ: Այդ լիցենզավորման համակարգը իբրև թե նպատակաուղղված է բժիշկների աշխատանքին: Լիցենզիան 3-5 տարին մեկ պետք է թարմացվի: Բժշկին տրվում է հավաստագիր, , թե նա նորություններին տիրապետում է: Այսինքն, ես գնում եմ վերապատրաստվում եմ, բոլոր նորությունները սովորում եմ և ստանում եմ լիցենզիա: Գաղափարը շատ լավն է, բայց Հայաստանում չկա մասնագետ կամ մասնագետների մի խումբ, որ կարող է ինձ տալ այն նոր գիտելիքները, որ ես կստանայի Եվրոպայում: Եվ սա ձևական բնույթ ունի:

Ինչպե՞ս կգնահատեք ուռուցքաբանության ոլորտում Առողջապահության նախարարության կողմից  կատարվող բարեփոխումները

Շատ լավ է: Ամբողջ աշխարհում նման բարեփոխումներ կատարվում են, ուրախ եմ, որ Հայաստանում էլ են դրանք իրականացվում: Սքրինինգային ծրագրերի արդյունքը տարիներ հետո կերևա: Կարծում եմ, որ կանխարգելումը պետք է ընթանա բուժմանը զուգահեռ: Մեր նախարարությունը սկսել է կանխարգելումից, որը ճիշտ է, քանի որ այն առավել մատչելի է, սակայն զուգահեռ նաև այլ հարցերով պետք է զբաղվեն: Չկա՞ բյուջեում այդքան գումար դեղորայքների համար, ապա գոնե պետք է որակի վրա ուշադրություն դարձնել: Պետությունը գումար է տալիս քաղցկեղով հիվանդների վիրահատությունների համար, շատ լավ է, բայց պետք է նաև հետևել վիրահատությունների որակին: Ես բացահայտ կարող եմ ասել, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդների վիրահատություններից մեծ մասը  արվում են մեծ թերացումներով: Ես դա տեսնում եմ իմ աշխատանքի մեջ ամեն օր: Բացի սրանից` ամբողջ աշխարհում ընդունված է, որ քաղցկեղի բուժումը պետք է թիմային կատարվի: Ուռուցքաբանների թիմ լինի կլինիկաներում, որոնք հիվանդի դեպքը պետք է քննարկեն: Նրանց մեջ պետք է լինի վիրաբույժ, ճառագայթաբան, ռադիոլոգ, որ ախտորոշման մասնագետն է, և այլն : Նույնիսկ հնարավոր է, որ մի կլինիկայում լինի մի մասնագետը, մյուսում` մյուսը, և թիմը ստեղծվի  տարբեր կլինիկաների մասնագետներով:Նշեմ, որ  Հայաստանում 2019 թ.-ին մտցվեց այս մեթոդը, բայց ցավոք դա չի գործում, քանի որ կլինիկաներում չկան այդ մասնագետները: Կլինիկան ունի քաղցկեղով հիվաննդների բուժման լիցենզիա, սակայն չունի, ենթադրենք, քիմիոթերապևտ, բայց ունի վիրաբույժ և այլն: Նման դեպքերում քննարկումները, ժողովները համակարգելը շատ բարդ է: Մենք մեր կլինիկայում շաբաթվա մեջ ունենք մեկ ֆիքսֆած օր: Այդ օրը  պետք է  հաջորդ շաբաթվա մեջ ուռուցքով հիվանդների դեպքերը քննարկենք: Քննարկումներին մեր վիրաբույժն է լինում, ռադիոլոգը, հյուսվածքաբանը, քիմիոթերապևտը և այլն: Ճառագայթաբանը, որ կա միայն ուռուցքաբանության կենտրոնում, մեզ հետ կապ է հաստատում  օնլայն,  որից հետո մենք  բոլոր դեպքերը քննարկում ենք: Սակայն դա համակարգելը և կազմակերպելը այդքան էլ հեշտ չէ:

 

Սառա Հարությունյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ