Գլխավոր էջ Uncategorized Ինչու՞ է ուրոլոգիան կարևոր ընտանեկան բժիշկների համար․ գիտաժողով

Ինչու՞ է ուրոլոգիան կարևոր ընտանեկան բժիշկների համար․ գիտաժողով

3107
0

Այսօր տեղի ունեցավ «Ուրոլոգիան ընտանեկան բժիշկների համար» գիտաժողովը, որ  կազմված էր  բազմապրոֆիլ մոտեցմամբ՝ ներառելով տարբեր մասնագիտացման բժիշկների՝ ուրոլոգ, անդրոլոգ, թերապևտ, կլինիկական դեղագետ և այլն։

Գիտաժողովի նպատակային խումբ էին համարվում հատկապես ընտանեկան բժիշկները, քանի որ հիվանդները իրենց խնդրով առաջին հերթին դիմում են հենց նրանց:

Նշենք, որ գիտաժողովին մասնակցում էին Երևանի և մարզային բուժհաստատությունների  շուրջ 120 ընտանեկան բժիշկներ։

«Արդյո՞ք մեզ մոտ կա լիարժեք ընտանեկան բժշկության համակարգ, և վերջապես ի՞նչ է  իրենցից ներկայացնում ընտանեկան բժշկի գործունեությունը։  Այս հարցերի շուրջ պետք է մտածել։ Ընտանեկան բժշկի մոտ գալիս են խնդրով, նրա պարտքն է  առաջինը՝ լուծել խնդիրը,  երկրորդը՝ գոնե աշխատել լուծել խնդիրը և երրորդը՝  ճիշտ ժամանակին բուժմանը  միացնել իր կոլեգային»,- իր զեկույցում նշեց բժշկական գիտությունների դոկտոր Միքայել Նարիմանյանն՝ անդրադառնալով ընտանեկան բժշկության համակարգի կարևորությանը։

Գիտաժողովը միտված էր ընտանեկան բժիշկների շրջանում ավելացնել գիտելիքները ուրոլոգիայի, ինչպես նաև  բարձրացնել իրազեկվածությունը մի շարք հիվանդությունների և խնդիրների մասին։

«Շագանակագեղձի ֆունկցիոնալության խախտման դեպքում տղամարդիկ դիմում են հիմնականում 60 տարեկանից հետո։ Հայկական մենթալիտետը հաշվի առնելով՝ նրանք 40-50 տարեկանում, երբ նոր են սկսում զարգանալ ուրոլոգիական  խնդիրները, չեն դիմում բժշկի, իսկ երբ դիմում եմ, արդեն ուշ է լինում։  Եվ բնականաբար  այդ դեպքերում խնդիրներն ուղեկցվում են սիրտ-անոթային, թոքային հիվանդություններով և այլ հիվանդություններով, որոնցով զբաղվում են ընտանեկան բժիշկները։ Հենց սրանով էլ պայմանավորված է գիտաժողովի թեմայի ընտրությունը։ Նրանք դիմում են սիրտ-անոթային համակարգի որևէ հիվանդություն բուժելու համար, մինչդեռ գլխավոր խնդիրը այլ է։ Սրանով էլ կարևորվում է գիտաժողովը»,- իր զեկույցում ասաց ուրոլոգ, անդրոլոգ  Գևորգ Գրիգորյանը։

Նա խոսեց շագանակագեղձի բարորակ գերաճի մասին՝ մասնավորապես դրա առաջացման և դրանից բխող հետևանքների։

Գիտական ժողովի ընթացքում զեկույցով ելույթ ունեցան նաև ուրոլոգ Երվանդ Հարությունյանը, որ խոսեց հիպերակտիվ միզապարկի մասին և կլինիկական դեղագետ Տաթև Գրիգորյանը՝ անդրադառնալով  բրենդային և ջեներիկ դեղերի տարբերություններին։

Նշենք, որ գիտաժողովը մեկնարկեց և տեղի ունեցավ  «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա»-ի կողմից։

Սառա Հարությունյան 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ