Գլխավոր էջ Գլխավոր Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում 5-ամյա ապրելիությունը 7% է

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում 5-ամյա ապրելիությունը 7% է

7292
0

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չափազանց ագրեսիվ  չարորակ ուռուցք է: Որոշ գեների մուտացիայի արդյունքում ենթաստամոքսային գեղձի  բջիջները սկսում են անվերահսկելիորեն բաժանվել՝ առաջացնելով ուռուցք: Այն կարող է ներաճել հարևան օրգաններ (ստամոքս, աղիներ, լեղածորան) և ճնշել նրանց, ինչպես նաև տարածվել ամբողջ օրագնիզմով՝ արյան և ավշի հոսքով՝ առաջացնելով մետաստազներ:

Ուռուցքային հիվանդությունները հիմնականում ախտահարում են 60 տարեկանն անց մարդկանց:  Այն հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:

Այս հիվանդության մասին Medmedia-ն զրուցել է  ուռուցքաբան Աննա Ավինյանի հետ:

Ի՞նչ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը

Ցավով, պետք է նշեմ, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ուշ հայտնաբերվող, կլինիկորեն ուշ նշաններ դրսևորող հիվանդություն է: Ի տարբերություն այլ քաղցկեղների` օրինակ` կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, եթե  մենք ունենք սքրինինգային  հետազոտություններ, որոնք մեզ  թույլ են տալիս շուտ հայտնաբերել քաղցկեղը վաղաժամ փուլերում  կամ կանխել դրա զարգացումը, ապա ենթաստամոքսային գեղձի  քաղցկեղի դեպքում սքրինինգը այդքան էլ արդյունավետ չի համարվում:

Այս քաղցկեղի ո՞ր տեսակներն են առավել հաճախ հանդիպում

Հաճախ հանդիպող տեսակներից է ենթաստամոքսային գեղձի ադենոկարցինոման, որ գրեթե 80%  դեպքերում հենց այս տեսակն է ախտահարում, և այն ունի ագրեսիվ ընթացք ունի: Այս տեսակից հետո տարածվածությամբ, կարող ենք ասել, որ նեյրոէնդոկրին (նյարդաներզատական) տեսակն է, որի դեպքում քաղցկեղն ավելի բարենպաստ է, քան ադենոկարցինոմայի դեպքում: Այսինքն ապրելիությունը շատ ավելի մեծ է:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում օրգանիզմի ո՞ր ֆունկցիաներն են խաթարվում

Այդ քաղցկեղի ուշ փուլերի  դեպքում հիվանդները նշում են որովայնի ցավ, նրանց մոտ հնարավոր է  դեղնության առաջացում,  հնարավոր են դիսպեկտիկ խանգարումներ (օրինակ սնունդը մարսելու խանգարումներ), աղիների հետ կապված խանգարումներ: Իսկ երբ որ խոսքն արդեն մետաստատիկ փուլերի մասին, հնարավոր է` հանգեցնի մեզի դեղնեցման, կղանքի գույնի բացեցման: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ժամանակ հիվանդների մեծամասնությունն ունենում են շաքարային դիաբետ, կամ էլ նրանք քրոնիկ պանկրեատիտով են տառապում:

Այս քաղցկեղի առաջացման հիմնական պատճառները որո՞նք են

Ենթաքստամոքսային գեղձի  քաղցկեղը  պոլիէթիոլոգիկ (բազմագործոնային) հիվանդություն է : Առաջացման պատճառներից են , կամ ռիսկի գործոններից են ծխելը, որը մեզ ազդեցություն ունի այդ քաղցկեղի առաջացման գործում, գենետիկ նախատրամադրվածությունը, ինչպես նաև ճարպակալումը, տարբեր կանցերոգեն (քաղցկեղածին) նյութերի պատճառով, որոնք օրգանիզմի վրա ներգործելիս առաջացնում են ուռուցքներ: Նշեմ, որ հենց ժառանգական գործոնը մեծ դեր ունի այս քաղցկեղի առաջացման գործում:

Ինչպե՞ս է կատարվում ախտորոշումը

Ախտորոշումը կատարվում է կլինիկալաբորատորային կամ դիագնոստիկ մեխանիզմներով: Այսինքն առաջինն արյան օնկոմարկերներն են (միացություններ, որոնք նորման գերազանցող մակարդակներով հայտնաբերվում են քաղցկեղ ունեցող մարդկանց արյան, մեզի և այլ հյուսվածքների մեջ ) որոշում: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում օնկոմարկերների քանակը 19,9 է : Վերջնական ախտորոշումն անելու համար պետք է անեն բիոպսիա, որը հիմնականում կատարվում է կամ ուլտրաձայնային հետազոտությունով կամ կատե հետազոտությամբ: Դրանից հետո արդեն հյուսվածքաբանորեն պետք է պարտադիր հաստատվի քաղցկեղի առկայությունը, որպեսի որոշենք բուժման հետագա փուլերը:

Ռիսկի խմբում ովքե՞ր են ընդգրկված

Քրոնիկ պանկրեատիտ ունեցողները, շաքարային դիաբետով  հիվանդները և քրոնիկ ալկոհոլիզմով տառապողները ընդգրկված են ռիսկի խմբում, ինչպես նաև կախված աշխատանքային պայմաններից : Օրինակ` նավտաթորման գործարաններում աշխատողները, փայտամշակման գործարաններում, ինչպես նաև թղթի արտադրությունում աշխատող մարդկանց մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ձեռքբերման հավանականությունը շատ  ավելի մեծ է:

Ըստ վիճակագրության առավել հաճախ կանա՞նց, թե՞ տղամարդկանց մոտ է հանդիպում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը

Եթե նախկինում նշվում էր, որ տղամարդկանց մոտ համեմատաբար մի փոքր ավելի հաճախ է հանդիպում այս քաղցկեղը, ապա վերջին տվյալներով` արդեն  վիճակագրությունը միտված է հավասարեցման: Այսինքն կին-տղամարդ  հարաբերակցությունը հասնում է հավասարության:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ի՞նչ եղանակներով է բուժվում

Բուժման եղանակը կախված է, թե ընդհանրապես որ ստադիայում, փուլում է հայտնաբերվել քաղցկեղը: Այսինքն  վաղաժամ փուլերու՞մ ` առաջին, երկրորդ, թե երրորդ ստադիաներում է հայտնաբերվել,  թե՞ արդեն մետաստատիկ  չորրորդ փուլում: Արդեն հասկանալի է, որ կախված փուլից` բուժման մեթոդները տարբեր են: Այդ եղանակներից են վիրահատական միջամտությունները, ճառագայթային, քիմիական, սիստեմատիկ, քիմիաթերապևտիկ բուժումները: Ցավով պետք է նշեմ, որ ըստ ամերիկյան ուռուցքաբանների միության`5-ամյա  ապրելիությունը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում  չի գերազանցում  7%-ը, որը շատ ցածր ցուցանիշ է: Եվ ըստ վիճակագրության՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը բոլոր ուռուցքային հիվանդությունների շարքում գրավում է չորրորդ տեղը:

 

Սառա Հարությունյան 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ