Բելի պարալիչը դիմային նյարդի միակողմանի պարալիչի ամենատարածված պատճառն է (70%), որը հայտնաբերվել է շոտլանդացի վիրաբույժ Չարլզ Բելի կողմից դեռևս 80-ական թվականներին։ Այն հանդիպում է տարեկան 1-4։10,000 հաճախականությամբ և տարբեր տարիքի մարդկանց շրջանում։
Բելի կաթվածի առաջացման պատճառների, ախտանիշների և բուժման տարբերակների մասին MedMedia-ն խոսեց «Տոնոյան» բժշկական կենտրոնի նյարդաբան Արև Ղարիբյանի հետ։
Ի՞նչ պետք է իմանալ Բելի կամ դիմային կաթվածի մասին
Դիմային կաթվածը դիմաներվի թուլացումն ու վնասումն է, որը բերում է դեմքի մեկ կողմի միմիկ մկանների շարժումների սահմանափակման և ներվի ֆունկցիայի խանգարման։ Բելի կաթված են անվանում դիմային ներվի այն պարալիչը, որի պատճառը պարզված չէ։ Մենք ունենք երկու դիմային նյարդ՝ աջ և ձախ կողմում գտնվող։ Սովորաբար Բելի պարալիչի ժամանակ մեծամասամբ վնասվում է դեմքի մեկ կողմը, իսկ եթե դիմային նյարդի երկկողմանի վնասում է դիտվում, ապա դա արդեն հուշում է այլ խնդիրների մասին։
Ո՞ր նշաններն են հուշում դիմային կաթվածի մասին և ի՞նչ սահմանափակումներ են առաջանում
Դեմքի ասիմետրիան սկսվում է ճակատից՝ հարթվում են ճակատային ծալքերը, անհնար է լինում բարձրացնել հոնքը կամ կնճռոտել, ախտահարված կողմի աչքը չի փակվում, զգացվում է աչքի չորություն կամ կարող է լինել արցունքահոսություն, ժպտալն ու տվյալ կողմով ծամելն անհնար է դառնում։
Սահմանափակումները կարող են տարբեր աստիճանի լինել ՝ թեթև, միջին և ծանր։
Թեթև սահմանափակումների դեպքում դժվարացած են հուզական արտահայտումները։ Օրինակ, մարդը հեշտությամբ խոսում և ծամում է, բայց երբ ցանկանում է որևէ էմոցիա արտահայտել՝ զայրանալ կամ ծիծաղել, շարժումների խանգարում է նկատվում։
Միջին աստիճանի պարեզի ժամանակ հիվանդը չի կարողանում կատարել հրահանգված շարժումները։ Եվ վերջում՝ ծանր ախտահարման դեպքում բացարձակ բացակայում է դեմքի տվյալ կողմի շարժումները։
Որո՞նք են Բելի պարալիչի առաջացման պատճառնեը
Դեպքերի մեծ մասում զարգանում է առանց պատճառի, այսինքն պատճառը հաստատել հնարավոր չի լինում, ինչի համար էլ կոչվում է իդեոպատիկ պարալիչ։ Ռիսկի գործոններից են շաքարային դիաբետը և հիպերտոնիան։ Գտնում են նաև, որ հերպես վիրուսը մեծ դեր ունի դիմային նյարդի պարալիչի զարգացման գործում, իսկ անմիջական պատճառները վիրուսներն են։ Նպաստող ֆակտորներ կարող են հանդիսանալ գերսառեցումը, սթրեսը, զարկերակային հիպերտոնիան և այն բոլոր վիճակները, որոնք ի սկզբանե բերում են նյարդաթելի վնասման, իսկ վիրուսային ֆակտորը առաջացնում է նյարդի կաթված։
Ի՞նչ միջոցներ են ջեռնարկվում դիմային կաթվածը բուժելու և կանխարգելելու համար
Անհրաժեշտ է ընդամենը պահել աշխատանքի և հանգստի հիգիենայի պայմանները։ Հագնվել ըստ եղանակի, ցուրտ ժամանակ կրել գլխարկ, թաց մազերով դուրս չգալ, խուսափել միջանցիկ քամուց։ Եթե մարդը հիպերտոնիկ հիվանդ է խորհուրդ է տրվում մշտապես նորմայի մեջ պահել ճնշումը։ Շաքարային դիաբետով հիվանդների դեպքում պարբերաբար պետք է զննում անցնել էնդոկրինոլոգների կողմից։ Հիմնականում պահանջվում է դեղորոայքային բուժում և ֆիզիոթերապիա ։ Շատ օգտակար և արդյունավետ է համարվում ասեղնաբուժությունը, որն իրականացվում է դեղորայքային բուժման ընթացում։
Հիվանդության ախտանիշներն հնարավո՞ր է ամբողջությամբ վերականգնել, թե՞ ոչ
Վերականգնել հնարավոր է, պարզապես վերականգնման համար ժամանակ է անհրաժեշտ, որը կարող է տևել 3-9 ամիս՝ կախված նրանից, թե ինչ աստիճանի է վնասված դիմային մկանը։ Եթե ներվի վնասումը շատ արտահայտված չէ և հաղորդչականությունը խանգարված չէ, հնարավոր է վերականգնել 3-6 շաբաթվա ընթացքում, բայց եթե վնասցվածքը խորն է, և տուժել է նյարդի հաղորդչականությունը 50 և ավելի տոկոսով, վերականգնման պրոցեսն ավելի երկար է տևում ու մնացորային երևույթներ թողնելու հավանականությունն ավելի է մեծանում։ Շատ կարևոր է նաև ժամանակին բժշկի դիմելը։ Երբ նկատվում են ախտանիշներ անմիջապես պետք է դիմել բժշկի և բուժում ստանալ․ ինչքան երկար նյարդը մնաց վնասված և այտուցված, այնքան վերականգնումն ավելի երկար և բարդ ընթացք է ստանալու։
Աննա Գալուստյան