Գլխավոր էջ Հարցազրույցներ Ինչի՞ կարող է հանգեցնել ջրազրկումը

Ինչի՞ կարող է հանգեցնել ջրազրկումը

7420
0

Ջուրը մեր օրգանիզմի առաջնային և կարևորագույն բաղադրիչներից մեկն է և պատահական չէ, որ այն կազմում  է հասուն մարդու օրգանիզմի  60-65 տոկոսը։ Ուստի օրգանիզմում ջրի բավարար պակասը կարող է առաջ բերել մի շարք խանգարումներ։

Ջրազրկման մասին խոսք է գնում, երբ օրգանիզմը, կորցնելով իր ջրային միջավայրերը, չի կարողանում ապահովել օրգանիզմում նորմալ նյութափոխանակությունը: Այս վիճակը սովորաբար առաջանում է ոչ թե օրգանիզմ մուտք գործող ջրի քանակի նվազման, այլ օրգանիզմից հեռացող ջրի քանակի ավելացման՝ ջրի կորստի պատճառով:

Օրգանիզմում ջրի դեֆիցիտի առաջացման նախնական նշանների, հետևանքների և կանխարգելման միջոցների մասին MedMedia-ի հետ զրույցում խոսեց էնդոկրինոլոգ Բարինե Բաղրամյանը:

Բժշկի պնդմամբ` ջրազրկման առաջացման հիմնական պատճառն  օրգանիզմում ջրի բավարար քանակի պակասն է, որն էլ կարող է մի շարք խնդիրներ առաջացնել:

«Ջրազրման հիմնական պատճառներն են գերքրտնարտադրությունն ու ջրի քիչ  օգտագործումը: Նման դեպքերում մեծանում է արյան խտությունը, որի պատճառով ընդհանուր օրգանիզմում տարբեր տեսակի սնուցողական փոփոխություններ են տեղի ունենում: Մեծանում է նաև սրտի ծանրաբեռնվածությունը»,- նշեց բժիշկը:

Բարինե Բաղրամյանի խոսքով` հիվանդների գանգատները կարող են կողմնորոշել օրգանիզմում ջրի դեֆիցիտի մասին, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել:

«Արտաքինից  մենք տեսնում ենք մաշկի չորություն, ներս ընկած ակնակապիճներ, բերանի և լորձաթաղանթի չորություն:  Դեպքերի մեծ մասում հիվանդն անընդհատ ջուր խմելու ցանկություն է ունենում:

Եվ սա հաշվի առնելով ցանկացած դեպքում խորհուրդ է տրվում բավականաչափ ջուր խմել`օրական առնվազն  1,5 լիտր, իսկ եթե օրգանիզմում ավելի շատ է ջրի կորուստը, որն ուղեկցվում է փսխումներով կամ փորլուծությամբ, անհրաժեշտ է ավելացնել ջրի կամ հեղուկների օրական քանակը»,- ասաց նա:

Բժիշկն հատկապես կարևորում է երեխաների շրջանում ջրազրկման խնդիրը, որը ենթադրում է առավել մեծ ուշադրություն:

«Երեխաների մոտ դիտվող ջրազրկումը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Փորլուծությամբ պայմանավորված  ջրազրկման դեպքում խիստ անհրաժեշտ է դիմել բժշկի, քանի որ երեխան կարող է անգամ կոմայի մեջ ընկնել»,- եզրափակեց Բարինե Բաղրամյանը:

Աննա Գալուստյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ