Գլխավոր էջ Պաշտոնական «Շտապբուժօգնության» բրիգադներն այս ամբողջ ընթացքում իրենց աշխատանքով պայքարի առաջնագծում էին

«Շտապբուժօգնության» բրիգադներն այս ամբողջ ընթացքում իրենց աշխատանքով պայքարի առաջնագծում էին

6143
0

Տարեսկզբից՝ պատերազմ համավարակի դեմ, տարեվերջին՝ ագրեսիվ հարևանների: «Շտապբուժօգնության» բրիգադներն այս ամբողջ ընթացքում իրենց աշխատանքով պայքարի առաջնագծում էին: Ամեն օր վտանգներով լի հարյուրավոր կիլոմետր ճանապարհ՝ հանուն ևս մեկ հերոսի փրկության: Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:

Խաղաղ պայմաններում 1-03 Երևանի շտապբուժօգնության ծառայությունն օրվա ընթացքում 1200-1400 կանչ է սպասարկում: Քաղաքի ամենատարբեր հատվածներից ստացվող զանգերին շուտ արձագանքելու համար 7 ենթակայան է գործում Երևանում:
Ազատ րոպեները բուժանձնակազմը հիմա արդեն անցկացնում է հարմարավետ ու տաք սենյակներում:

«Շտապբուժօգնության 4-րդ ենթակայանը 1986 թվականից չի հիմնանորոգվել: Մոտ 90 հոգի անձնակազմ ունենք: Աշխատանքների ընթացքում մեծ փոփոխություններ տեղի ունեցան»,-ասում է շտապբուժօգնության 4-րդ ենթակայանի վարիչ Եվգենիա Մխչյանը:

«Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման ծրագրով 2020 թվականի 4 ենթակայանի վերակառուցում և նորոգում էր նախատեսված: Նոր Նորքի ենթակայանը ներառված էր դեռ նախորդ տարվա ծրագրում, բայց աշխատանքները կատարվել են 2020-ին: Ընդհանուր մոտ 230 մլն դրամ գումար է հատկացվել»,-նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բրեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Հիմնանորոգման ընթացքում շենքերում փոխվել է ամեն ինչ՝ տանիքից մինչև արտաքին պատեր:

Բոլոր ենթակայանները նաև գազիֆիկացվել են, շենքերում տեղադրվել են ջեռուցման համակարգեր՝ ապահովելով մշտական տաք ջուր: Հիմնանորոգումից հետո ենթակայաններում նաև գույքն է փոխվել:

Շուրջօրյա հերթափոխով աշխատող բուժանձնակազմի համար ենթակայանների նորոգումը միայն պայմանների բարելավում չէ, այլ վերաբերմունք՝ համակարգի նկատմամբ:
«Մեր ամբողջ անձնակազմը, բացառությամբ վարչական մասի, 800-850 աշխատակիցներ են: Շտապբուժօգնության ծառայության բոլոր ենթակայանները վերանորոգվել են և պայմանները բարելավվել են: Մենք արդեն պետք է մտածենք առաջ գնալու և մեքենաներնի թիվն ավելացնելու մասին»,-ընդգծում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Հաջորդ տարի հերթն արդեն պոլիկլինիկաներինն է լինելու: Ժամանակակից և բարձրորակ ծառայությունների մատուցումը Երևանի քաղաքային իշխանության համար առաջնային խնդիրներից է: Համայնքային ենթակայության առողջապահական հիմնարկները կշարունակեն նորոգվել և վերազինվել:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ