Գլխավոր էջ Գլխավոր Թորոսյանի հերթական «զոհը»․ բուժվող զինվորներին հոգեբուժարա՞ն կտեղափոխեն

Թորոսյանի հերթական «զոհը»․ բուժվող զինվորներին հոգեբուժարա՞ն կտեղափոխեն

2442
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, եկած-չեկած, «փայտիկի մեկ հարվածով»՝ փակում, պետական ֆինանսավորումից զրկում կամ միմյանց է միացնում այս կամ այն բուժհաստատությունները, հատկապես թիրախում էին ծննդատները, իսկ հիմա էլ հերթը հասավ Նևրոզների կլինիկային, որը պացիենտներ է ընդունում շուրջ 30 տարի։ Նշենք, որ կլինիկայում տրամադրվում է անվճար բուժօգնություն, իսկ հիվանդները հնարավորություն ունեն օրական երեք անգամ անվճար սնվելու։ Պատերազմի այս չարաբաստիկ օրերից հետո էլ կլինիկայում բուժում են ստանում զինվորները, անհետ կորած կամ զոհված զինվորների ծնողները։

Мedmedia.am –ը կապ հաստատեց կլինիկայի տնօրեն Ցոլակ Հակոբյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հետպատերազմյան այս շրջանում մարդիկ դեպրեսիվ վիճակում են ու իրենց կլինիկան այս հարցում շատ անելիք ունի․

«Հարկավոր է ոչ թե նևրոզների կլինիկան զրկել պետական ֆինանսավորումից, այլ աջակցել ու բարելավել, որովհետև հետպատերազմյան այս շրջանում էլ ավելի կարևոր է մեր գործությունը»,-նշեց պարոն Հակոբյանը։

Հարցին, թե կլինիկայի փակվելուց հետո հիվանդներին ի՞նչ ճակատագիր է սպասվում, մեր զրուցակիցը նշեց, որ այլընտրանքը մնում է հոգեբուժարանը։

«Ոչ մի կերպ չի լինում հասկանալ այս աբսուրդային որոշումը։ Ես այսօր ղեկավարության հետ հանդիպում կունենամ ու կփորձեմ հասկանալ ինչու՞ է մեր կլինիկան նման խնդիրների առաջ կանգնում, չնայած նրանց պատասխանն արդեն լսել եմ․ «Այդպես ենք նպատակահարմար գտնում», այսպես են պատասխանում, բայց ո՞վ է այդ նպատակահարմարությունը որոշողը»,-հարցադրեց Ցոլակ Հակոբյանը։

Հիշեցենք, որ  Առողջապահության նախարարությունը հայտնում է, թե նպատակահարմար չի գտնում 2021 թվականին պետպատվեր տրամադրել Նևրոզների կլինիկային, ինչը ենթադրում է կլինիկայի փակում, կամ էլ այն կդառնա վճարովի, որը ոչ բոլոին հասանելի կլինի։

Տնօրենի խոսքով` հիվանդանոցը այս պահին շատ ծանրաբեռնված է՝ բուժում է ստանում 55 հիվանդ, բուժվում են նյարդային խնդիրներ, վախեր տագնապներ ունեցող անձինք:
«Մեր կլինիկայի գլխավոր բուժքույրը այս պատերազմում կորցրեց իր որուն, ով հետմահու ստացավ հերոսի կոչում և նա իրոք հերոս էր, մենք կնոջը համոզեցինք, որ շարունակի աշխատանքի գալ, նա կորցնելով իր որդուն, այստեղ օգնում ու բուժում է այլ զինվորների ու այդպիսով իրեն էլ ավելի լավ զգում, իսկ այսօր այդ նույն հերոսի մայրը աշխատանքը կորցնելու առաջ է կանգնած, շուրջ 45 աշխատող կկորցնի աշխատանքը»,-հավելեց նա։

Պարոն Հակոբյանը ցավով նշեց, թե զինվորների համար զարմանալի ու վիրավորական է այն, որ իրենց կարող են հոգեբուժարան տեղափոխել․

«Մի՞թե մենք խելագար ենք եղել ու պատերազմի ենք մասնակցել»,-հացադրում են տղաները ու հրաժարվում բուժումը շարունակել հոգեբուժարանում։

Պարոն Հակոբյանը նշեց, որ նախարարությունից չեն պատճառաբանել, թե ինչու 2021 թվականին ֆինանսավորում չի տրամադրվելու, աշխատակիցների հետ քննարկումներ ևս չեն եղել, պարզապես տեղեկացրել են, որ նպատակահարմար չեն գտնում ֆինանսավորումը շարունակել:

Տնօրենի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի համար կլինիկային պետական ֆինանսավորումից զրկելու որոշում է ունեցել, սակայն կենտրում բուժվող ազատամարտիկների, հիվանդների, և աշխատակիցների՝ վարչապետին ուղղված բազմաթիվ բողոքները հաշվի են առնվել և ֆինանսավորումը տրամադրվել է:

Ցոլակ Հակոբյանի հավաստմամբ, եթե կլինիկան զրկվի պետական ֆինանսավորումից, մնում է երկու տարբերակ․ կամ՝ փակվում է, կամ աշխատանքը շարունակվում է վճարովի հիմունքով․

«Այստեղ բուժումն այնքան էլ մատչելի չէ, ես ինչպե՞ս զոհված կամ անհետ կորած զինվորի ծնողին ասեմ՝  բեր գումար վճարի, ստացվում է՝ կբուժվեն միայն հարուստները»,-նշեց մեր զրուցակիցը։

Պարոն Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ պատկան մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարություն կտարածի և կներկայացնի հանդիպման մանրամասները։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ