Գլխավոր էջ Օրվա թեման Գաստրիտի տեսակները և բուժման եղանակները

Գաստրիտի տեսակները և բուժման եղանակները

2789
0

Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է։ Տարբերում են սուր և քրոնիկական գաստրիտներ։
Սուր գաստրիտ։ Ծագում է անորակ, դժվարամարս սննդի, մեծ քանակությամբ խակ մրգերի, պաղպաղակի և այլնի օգտագործման հետևանքով։ Երբեմն առաջանում են նաև որոշ դեղամիջոցների (ացետիլսալիցիլաթթու, հակաբիոտիկներ, բրուֆեն և այլն) ընդունումից, օրգանիզմ ներմուծվող սննդային ալերգեններից (շոկոլադ, ձուկ, ձու և այլն)։ Երեխաների մոտ գաստրիտը հաճախ զարգանում է ստաֆիլոկոկային, սալմոնելոզային և այլ ծագման թունավոր վարակներից։ Սուր գաստրիտի ախտածնությունը կապված է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքային պրոցեսի զարգացման հետ, որը տարբեր աստիճանի արտահայտվածություն կարող է ունենալ՝ սկսած մակերեսայինից մինչև խոր նեկրոտիկ փոփոխությունները։ Մի կողմից խանգարվում է ստամոքսի արտազատական և շարժողական ֆունկցիան, մյուս կողմից ախտաբանական պրոցեսի մեջ են ընդգրկվում տարբեր օրգաններ և համակարգեր, ինչպես նաև նյութափոխանակության որոշ կողմեր (կոլապս, օրգանիզմի ջրազրկում, արյան խտացում և այլն)։

Կլինիկորեն հիվանդությունն արտահայտվում է ստամոքսի շրջանի ցավերով, փսխումով։ Որոշ թեթևություն է զգացվում փսխումից հետո, ցավերը թուլանում են։ Կրկնակի փսխման ժամանակ փսխման զանգվածները լինում են լեղու հետ խառնված։ Երբեմն լինում է թքազատություն կամ, ընդհակառակը, բերանի խիստ չորություն։ Լեզուն ծածկված է մոխրականաչավուն փառով։ Շոշափման ժամանակ հայտնաբերվում է վերորովայնային շրջանի ցավոտություն։ Պուլսը հաճախացած է, արյան ճնշումը որոշակի իջած։ Հնարավոր է ենթատենդային ջերմություն։ Արյան քննությամբ հայտնաբերվում է թեթևակի նեյտրոֆիլյոզ, ԷՆԱ-ի չափավոր բարձրացում։ Մեզում կարող են լինել երիկամների ախտահարման բնորոշ փոփոխություններ (ալբումինուրիա, սակավամիզություն, գլանամիզություն)։ Ստամոքսի ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվում է թթվագոյացման և արտազատական ֆուկցիայի ընկճում կամ ուժեղացում։ Ճիշտ բուժելու դեպքում հիվանդը ապաքինվում է 1-3 օրվա ընթացքում։

Բուժումը։ Անհրաժեշտ է սկսել 1%-անոց նատրիումի հիդրոկարբոնատի լուծույթով, եռացրած գոլ ջրով ստամոքսի լվացումով։ Նշանակվում են աղային լուծողականներ։ Անհրաժեշտ է երեխային պառկեցնել, որովայնին դնելով ջերմակ, տալ քաղցր թեյ։ Արտահայտված փսխման դեպքում նշանակվում է ցեռուկալ։ Ջրազրկման դեպքում ներերակային ներարկվում է գլյուկոզայի 5%-անոց լուծույթ, ֆիզիոլոգիական լուծույթ։ Նշանակվում է դյուրամարս սնունդ՝ 3-4 ժամը մեկ կերակրել ջրիկ շիլայով, կարտոֆիլային խյուսով, չոր հացով։ Սննդից մի քանի օր բացառում են ճարպային ուտելիքը, համեմունքները, պահածոները։

Քրոնիկական գաստրիտ։ Զարգանում է ստամոքսի լորձաթաղանթի վրա անբարենպաստ գործոնների երկարատև ազդեցությունից՝ սնման անկանոն ռեժիմից և հաճախությունից, սպիտակուցներով սիստեմատիկ գերսնվելուց, ճարպերի, ածխաջրերի, չոր կամ անորակ սննդի, տարիքային հնարավորություններին չհամապատասխանող կոշտ կամ կծու կերակուրների օգտագործումից, շատ տաք կամ սառը սննդի, որոշ դեղորայքի (ացետիլսալիցիաթթու, գլյուկոկորտիկոիդներ, ցիտոստատիկներ, որոշ հակաբիոտիկներ և այլն) երկարատև ընդունումից և այլն։ Պակաս կարևոր նշանակություն չունեն նաև նյարդաներզատական համակարգի բնածին առանձնահատկությունները և աղաթթվի սինթեզի խանգարումը, ինչը հաստատվում է գործնականում առողջ և գաստրիտով հիվանդ երեխաների մոտ կայուն ախիլիայի առկայությամբ, որը կապված չէ ո՛չ կրած հիվանդությունների և ո՛չ էլ սնուցման թերությունների հետ։ Որոշակի նշանակություն է տրվում քրոնիկական ինտոքսիկացիային՝ օրգանիզմում գոյություն ունեցող վարակի քրոնիկական օջախներին (քրոնիկական տոնզիլիտ, ատամների կարիես և այլն)։ Երեխաների մոտ քրոնիկական գաստրիտի առաջացումը հաճախ կապված է ստամոքսաաղիքային համակարգի այլ բաժինների հիվանդությունների հետ (խոլեցիստիտ, դուոդենիտ, էնտերիտ)։ Այդ դեպքերում հիվանդությունը զարգանում է նյարդահումորալ խանգարումների և ստամոքսի լորձաթաղանթի վրա տոքսինների անմիջական ազդեցության հետևանքով։

Ձևաբանորեն երեխաների մոտ գերակշռում է մակերեսային և գեղձային հյուսվածքի ախտահարմամբ ընթացող գաստրիտը։ Արտահայտված քրոնիկական գաստրիտի դեպքում նկատվում է լորձաթաղանթի գերարյունություն, այտուց և ուռճեցում, էպիթելի հեշտացած անջատում, գեղձային հյուսվածքի գերաճ։ Երեխաների մոտ ատրոֆիկ գաստրիտը շատ հազվադեպ է լինում։ Հիվանդությունը սկսվում է դանդաղ, աստիճանաբար։ Տարբերում են քրոնիկական գաստրիտի երկու ձև՝ աննշան ախտանիշներով և արտահայտված։ Գաստրիտի աննշան ախտանշային ձևն արտահայտվում է ախորժակի վատացումով, գղտոցով, որովայնի չափավոր ցավերով։ Քրոնիկական գաստրիտի արտահայտված դեպքում լինում է ցավային համախտանիշ։ Ցավերն ըստ բնույթի տարբեր են լինում` սուր, կծկանքային, բութ և կարող են հայտնվել ուտելուց անմիջապես հետո, 1-2 ժամ հետո կամ գիշերը։ Լեզուն որոշակի փառակալած է, երբեմն բերանից անդուր հոտ է գալիս, որովայնը փքված է, շոշափման ժամանակ՝ ցավոտ։ Կղանքը անկայուն է, փորկապությանը հաջորդում է լուծը։ Հիվանդների մեծ մասի մոտ ստամոքսում թթվագոյացումն ուժեղացած է։ Նկատվում են մի քանի այնպիսի ախտանիշներ, որոնք պայմանավորված են սնուցման խանգարումով, ինտոքսիկացիայով և վեգետոդիստոնիայով՝ տկարություն, արագ հոգնածություն, մաշկի գունատություն, չափավոր սակավարյունություն, անդուր զգացումներ սրտի շրջանում և այլն։ Որոշ երեխաների մոտ հետագայում հայտնաբերվում է խոցային հիվանդություն։ Այդ դեպքում գաստրիտը, փաստորեն, նախախոցային վիճակ է հանդիսանում։

Տարածուն գաստրիտի (պանգաստրիտի) դեպքում շոշափումով հայտնաբերվում են էպիգաստրալ ցավեր, որոնք, որպես կանոն, սննդի ընդունման հետ են կապված։ Պանգաստրիտի և ստամոքսի հատակի (ֆունդալ բաժնի) ախտահարմանը բնորոշ են ուտելուց հետո առաջացող ցավերը (1 ժամվա ընթացքում, արագ հագեցման զգացում), իսկ ստամոքսաելքի շրջանի (անտրալ) գաստրիտի ժամանակ՝ ուշացած ցավերը (ուտելուց 1,5 ժամ հետո, առավոտյան քաղցած վիճակում): Անտրալ գաստրիտի ժամանակ ցավերը հիմնականում տեղակայվում են պիլորոդուոդենալ շրջանում։ Գաստրոդուոդենիտի դեպքում շատ հաճախ ուշացած ցավեր են նկատվում։ Երբեմն ցավային համախտանիշը առաջ է գալիս յուրաքանչյուր ուտելուց հետո և, որպես կանոն, ավելի ուժեղ է արտահայտված, քան անտրալ գաստրիտի ժամանակ։ Որովայնի շոշափման դեպքում ամենաշատ ցավոտությունը հաճախ պիլորոդուոդենալ շրջանում է հայտնաբերվում, Մենդելի ախտանիշը դրական է (մատների ծայրերով որովայնի առաջնային պատին թեթև հարվածելիս ենթագդալի շրջանում ցավ է առաջանում)։ Քրոնիկական գաստրիտի ախտորոշումը կատարվում է հիվանդության կլինիկական արտահայտությունների վերլուծման, ստամոքսի սեկրեցիայի հետազոտության արդյունքների, ռենտգենաբանական հետազոտության, գաստրոսկոպիայի և գաստրոբիոպսիայի տվյալների հիման վրա։

Բուժումը։ Անհրաժեշտ է հաշվի առնել հիվանդության էթիոլոգիայի առանձնահատկությունները, ստամոքսի ֆունկցիայի խանգարումների բնույթը։ Բուժման կոմպլեքսում առաջնակարգ դեր ունի բուժական սնունդը։ Հիվանդության սրացման շրջանում, անկախ արտազատական խանգարումների բնույթից, պահպանվում է ստամոքսի լորձաթաղանթի և ֆունկցիայի խնայման սկզբունքը։ Նշանակվում է № 1ա դիետա, կերակրումը պետք է լինի կոտորակային, օրվա ընթացքում 5-6 անգամ։ Հիվանդության երևույթների պակասեցման հետ դիետաթերապիան կազմակերպվում է՝ ելնելով սեկրետոր խանգարումների բնույթից։ Ստամոքսահյութի գերթթվայնության (հիպերացիդոզի) դեպքում նպատակահարմար է ավելացնել սպիտակուցների բավարար պարունակությամբ (եփած միս, կաթ, ձու, կաթնաշոռ), հացի և աղի որոշ սահմանափակումով սննդի ընդունման հաճախությունը՝ մինչև 5-6 անգամ (դիետա № 1բ)։ Մի քանի օր անց դիետան ընդարձակում են ի հաշիվ ավելացվող շոգեխաշ կոտլետների, թխվածքաճաշի (զապեկանկա), երշիկի ոչ յուղոտ տեսակների, բանջարեղենային և մրգային խյուսերի (դիետա №1 բ)։ Ծանր ընթացքի դեպքում նպատակահարմար է խոլինոլիտիկ միջոցների, գերթթվայնության դեպքում՝ գանգլիոբլոկատորների և հակաթթվային միջոցների նշանակումն ուտելուց 30-40 րոպե հետո։

Ենթաթթվային (սուբացիդոզ) գաստրիտի սրացման փուլում նպատակահարմար է կատարել փոխարինող թերապիա): Շատ օգտակար են բանջարեղենի և մրգերի հյութերը։ Քրոնիկական գաստրիտի շատ ձևերի դեպքում ցուցված են բուժման ֆիզիկական մեթոդներ (ջերմակներ, ցեխաբուժություն, էլեկտրաբուժություն, ջրաբուժություն և այլն)։ Բուժման արդյունավետությունը շատ դեպքերում կախված է ուղեկցող հիվանդությունների, վարակի օջախների, ասկարիդոզի, լյամբլիոզի ժամանակին հայտնաբերելուց և բուժելուց։ Սանատոր-առողջարանայհն բուժումը կատարվում է սրացումներից վեց ամիս անց՝ համապատասխան հանքային ջրեր ունեցող առողջարաններում (Էսենտուկի, Ժելեզնովոդսկ, Տրուսկավեց, Ջերմուկ, Հանքավան, Դրուսկինինկայ):

Նյութի աղբյուրը՝ doctors.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ